Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայոց Հայրապետ. «Հոգեւոր ասպարէզում առկայ խնդիրները լուծւում են եկեղեցական կանոնական ընթացքներով եւ ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով»

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 18-ին, Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստից առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամների եւ ժողովին հրաւիրւած թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանութեան հետ Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Երեկոյեան ժամերգութեան։ Այս մասին յայտնում են Մայր Աթոռից։

«Արարողութեան աւարտին Նորին Սրբութիւնն իր Հայրական պատգամն ու խօսքն ուղղեց ի զօ»րակցութիւն Հայոց Եկեղեցու՝ Մայր Աթոռ ժամանած ուխտաւոր հայորդիներին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՈՒԽՏԱՒՈՐՆԵՐԻՆ

Սիրելի զաւակներ Մեր, Հայրապետական սիրով եւ օրհնութեամբ ողջունում ենք ամենքիդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսօր դուք հաւաքւել էք հայոց հոգեւոր կենտրոնում՝ վկայելով ձեր սէրը հանդէպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Սուրբ Էջմիածինը ամենքիդ տունն է, հարազատ հոգեւոր օրրանը ամէն մի հայի։ Ինչպէս պատմիչ Առաքել Դավրիժէցին է վկայում, հայոց ազգը ի սփիւռս աշխարհի կապւած է Լուսաւորչի Աջին եւ Սուրբ Էջմիածնին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աստծոյ հետ մեր ժողովրդի յաւերժական ուխտի խորհրդանիշն է։ Աստւածակառոյց Սուրբ Էջմիածինը աշխարհասփիւռ հայոց ազգի միաբանութեան, մեր ինքնութեան ու ժառանգութեան պաշտպանութեան, մեր հաւատքի պայծառութեան անխորտակելի սրբութիւնն է։ Ցաւօք, պատմութեան հոլովոյթներում եղել են նաեւ ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել Եկեղեցու առաքելութիւնը, ծառայեցնել Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ Այդ մերժելի իրողութիւնը բաժանումներ է առաջացրել ներազգային կեանքում, մասնատել մեր ժողովրդին եւ տկարացրել ու թուլացրել մեր պետութիւնը՝ ըստ Տիրոջ խօսքի կանգնեցնելով կորստաբեր վտանգի առջեւ. «Ինքն իր մէջ բաժանւած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանւած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ» (Մատթ. 12.21)։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնւում է անվտանգային խնդիրների եւ հրատապ լուծման կարօտ լրջագոյն հիմնահարցերի առջեւ։ Այս պայմաններում, փոխանակ հանրութեան մէջ հաշտութեան, հանդուրժողութեան, միասնութեան ոգին զօրացնելու, Եկեղեցի-պետութիւն խաթարւած յարաբերութիւնները վերականգնելու, ընդհակառակը, շարունակւում են յարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դէմ։ Սուրբ Էջմիածնի հանդէպ ոտնձգութեան հերթական փորձը կատարւեց այսօր, ցաւօք, նաեւ մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հաւատաւոր մեր ժողովրդի զաւակները մնում են աներեր եւ աներկիւղ։ Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել տէրունապատւէր մեր առաքելութիւնը, մեր ծրագրերը, որոնք կոչւած են մեր երկրի շինութեան համար։

Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, եւ բոլոր հայորդիներին, ազգային կազմակերպութիւններին, որոնք տարիներ շարունակ, ինչպէս նաեւ հակաեկեղեցական արշաւի այս օրերին իրենց զօրակցութիւնն են ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ մեր Սուրբ Եկեղեցու ազգօգուտ առաքելութեանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայր Աթոռի միաբանութեանը, թեմերում սպասաւորող քահանաներին եւ սիրելի սարկաւագներին, որ հաստատուն եւ վճռական են մեր Սուրբ Եկեղեցու կանոնական իրաւունքների պաշտպանութեան դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կեանքը լինի զերծ անօրինութիւններից, անարդարութիւններից, որոնց դառը հետեւանքներն են կրում ապօրինաբար ազատազրկւած մեր հոգեւորականները, ազգային մեծանուն բարերարը, նւիրեալ հայորդիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագաւորեն բարութիւնն ու գթասրտութիւնը, եղբայրսիրութիւնն ու համերաշխութիւնը։ Մենք մէկ ազգ ենք, մէկ հայրենիք, մէկ Եկեղեցի, եւ չպէտք է տրւենք երկպառակութեան սադրանքներին։ Միաւորւենք բոլորս հայրենիքի եւ մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանութիւնը, որով միայն կարող են զօրաւոր լինել մեր պետութիւնը եւ Եկեղեցին՝ Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգեւոր ասպարէզում առկայ խնդիրները լուծւում են եկեղեցական կանոնական ընթացքներով եւ ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Յորդորում ենք խոտոր ընթացքի մէջ եղող մեր Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ եւ գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նւիրական կարգաց համաձայն՝ ի սէր մեր ժողովրդի եւ հայրենեաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր յորդորն է՝ ներկայ զգայուն կացութեան մէջ ցուցաբերել սթափութիւն, լինել ողջախոհ եւ չենթարկւել որեւէ սադրանքի։ Առաքեալի խօսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացէք, հաստատուն մնացէք հաւատի մէջ, քաջ եղէք, զօրացէք։ Ձեր ամէն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ. 16.13-14)։

Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղութիւնը հաստատւի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփիւռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդւելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստւածապարգեւ յոյսով, հաւատով ու սիրով։

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհները, սէրը եւ խաղաղութիւնը թող լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն»»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button