Եզդիների ցեղասպանութիւնը՝ 10 տարի անց․
Հայաստանում օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրն է։ 2014 թւականի օգոստոսի 3-ին ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման կողմից տեղի են ունեցել յարձակումներ եզդիներով բնակեցւած Իրաքի Սինջար քաղաքի վրայ, որտեղ սպանւել է աւելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարաւի եւ անտանելի շոգի հետեւանքով մահացել է լեռներում ապաստան գտած մօտ 1000 մարդ, աւելի քան 200 հազար եզդի դարձել է փախստական, առեւանգւել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք եւ աղջիկներ: Վերջիններիս կեանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը եւ ամուսնութիւնը ջիհադիստների հետ: Այս առթիւ Հոլիդէյ Ինն Էքսպրես հիւրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցաւ կոնֆերանս-քննարկում նւիրւած վերոյիշեալ տարելիցին։
Քաղաքագէտ Էդգար Էլբակեանն իր խօսքում նշեց, որ, ի սկզբանէ լսելով եզդիների մասին ցեղասպանութիւն արտայայտութիւնը, յիշում է 20-րդ դարասկզբին Օսմանեան կայսրութիւնում թուրքերի ձեռքով տեղի ունեցածը, նաեւ, որ ընդամէնը 10 տարի առաջ նորն է եղել, եւ հէնց այստեղ է հայ-եզդիական բախտակցութիւնը երեւան գալիս, եւ, ցաւօք, նախորդ 3 տարւայ ընթացում, ու յատկապէս անցեալ տարի, երբ արձանագրւեց նորը, իհարկէ մարդկային զոհերի առումով շատ աւելի «փափուկ», սակայն չփոխելով դրա էութիւնը։
Հայերն ու եզդիները, ներկայացնելով Մերձաւոր Արեւելքի նախաիսլամական եւ նախաթուրքական պատմութիւնը, տարածաշրջանի բնիկութեան յաւակնորդներից են, այսինքն նրանք մարմնաւորում են բնիկութեան եւ նստակեցութեան խորհուրդը, եւ դրանով էլ բխում է հայերի եւ եզդիների քաղաքական բախտակցութիւնը, նաեւ ընդհանուր հայրենքի ու պայքարի երեւոյթները։
«Եթէ չկայ ցեղասպանութեան ճանաչում եւ դատապարտում, ապա նոր ցեղասպանութիւնները կարող են շարունակւել»,- իր խօսքում նշեց քաղաքագէտը։
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը նշում է, որ եզդիների փաստաթղթաւորւած ցեղասպանութիւնը սկսւել է դեռեւս 1890-ական թւականներից, երբ Օսմանեան կայսրութիւնում տեղի էր ունենում հարկադիր կրօնափոխութեան գործընթաց, եւ դրա հիմնաւորմամբ էլ նրանք զանգւածաբար ոչնչացնում էին եզդի ժողովրդին։
«1890-1894 թթ.-ին զանգւածաբար եւ դաժանաբար ոչնչացւում էին եզդիները Մոսուլինում, Սինջարում, Իրաքի եւ Սիրիայի տարածքում։ 1897 թւականին Աբդուլ Համիդը ոչնչացրեց 300000 հայ եւ 350000 յոյն, եւ այն ժամանակ ո՞վ գիտի՝ ինչպէս կը թեքւէր պատմութեան անիւը, եթէ այն ժամանակ եղած զարգացած աշխարհը պատշաճ ձեւով արձագանգէր եզդիների ոչնչացմանը 1890 թւականից սկսած։ Այո՛, նրանք եկել էին մեր տուն ու մեզ ոչնչացնում էին, որովհետեւ մենք չէինք համաձայնւում դառնալ թուրք եւ չէինք դաւաճանում մեր հաւատքը։ Համոզւած եմ, որ այն գործընթացը, որը 10 տարի առաջ տեղի ունեցաւ Սինջարում, այն ուղիղ հետեւանք էր միջազգային հանրութեան լռութեանը»։
Լրագրող Զեմֆիրա Քալաշեանը ներկայացրեց եզդի կանանց հետ տեղի ունեցած դաժան գործողութիւնների, նրանց ստրկավաճառութեան, դրա պատճառով նաեւ շատերի ինքնասպանութեան եւ նաեւ նրանց, ովքեր կարողացել են մազապուրծ լինել, ստեղծել են հասարակական կազմակերպութիւններ, որոնք հետագայում նոյնիսկ փորձել են հետեւել եւ գտնել, անգամ գումար վճարելով գնել այն կանանց, ովքեր ժամանակին վաճառւել են եւ որոնց վերաբերւել են իբրեւ ապրանքի։
Բռնութիւններ են իրագործւել նաեւ եզդի տղայ երեխաների նկատմամբ, նրանց գերեվարել են եւ մեծացրել այն հոգեբանութեամբ, որ, երբ նրանք մեծանան, պէտք է սպանեն իրենց ազգակիցներին։
«50-ից մինչեւ 1500 դոլար արժողութեամբ նրանք վաճառում էին կանանց, եւ, որքան նրանց վերավաճառում էին, այնքան նրանց գինն արժէզրկւում էր»,- իր խօսքում յաւելում է Զեմֆիրա Քալաշեանը։
Լրագորղ Բորիս Մուրազին նշում է, որ եզդիները առնւազն 74 անգամ ենթարկւել են ցեղասպանութեան։
«Նրանք ենթարկւել են ամենաանմարկդային, ամենաբիրտ ուժերի կիրառմանը, ամենադաժան կերպով սպանւել եւ խոշտանգւել են, կանայք եւ երեխաները ենթարկւել են բռնութիւնների, նրանցից շատ քչերին է յաջողւել ողջ մնալ, ոմանք հաստատւել են օտար երկրներում։ Ժամանակն է լուծումներ գտնել, որպէսզի այլեւս չկրկնւեն նման ոճրագործութիւնները։
Եթէ խօսքս մի փոքր քաղաքականացնեմ, ապա կը նշեմ, որ մինչեւ 2018 թ. ես ունէի այն վստահութիւնը, որ Հայաստանի Հանրապետութիւնը եզդիների իրաւունքների եւ նրանց համախմբման առումով մեծ դերակատարութիւն ունէր, սակայն այսօրւայ իշխանութիւններն ինձ համար յատկապէս երկու բան են փչացրել. առաջինը, որ Հայաստանն առաջ իր անվտանգութիւնը կարողանում էր ապահովել, ապագայում կարող էր հզօրանալ ու օգնել եզդիներին, եւ ես կարծում եմ, որ մենք՝ Հայաստանում ապրող եզդիներս, պէտք է ամէն բան անենք Հայաստանի հզօրացման համար, քանզի եկէք չմոռանանք, որ Հայաստանն է եղել այն առաջին պետութիւնը, որը տպագրել է եզդիերենով թերթ, դպրոցներում դասաւանդւել է եզդիերէն, ինչպէս նաեւ պաշտպանւած է եղել եզդիների կրօնը»,- նշում է նա։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանեանն էլ իր խօսքում նշեց, որ ցեղասպանութիւնը պէտք է ճանաչել, դատապարտել եւ կանխարգելել։
«Ահա այս եռաշղթան է, որ պէտք է տեղի ունենայ պետական քաղաքականութեան մակարդակով։ Եթէ զուգահեռներ տարւի հայերի եւ եզդիների միջեւ կրկնակի ամօթալի է 2023 թ.-ին Արցախում կատարւածը, որը տեղի ունեցաւ այնտեղ հայերի հետ եւ այն, ինչ 10 տարի առաջ տեղի ունեցաւ Շանգալում եզդիների հետ, բոլորիս պէտք է մտորելու տեղիք տայ: Արցախում տեղի ունեցածը ոչ միայն ողբերգութիւն է, այլ նաեւ ամօթ: Ամօթի խարանը բոլորիս ճակատից կը մաքրւի, երբ փոխենք Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականութիւնը»,- իր խօսքը եզրափակեց Անդրանիկ Թեւանեանը։
Հայաստանի խորհրդարանը 2018 թ. յունւարին ճանաչել է 2014 թ. «Ահաբեկչական խմբաւորումների կողմից իրենց վերահսկողութեան ներքոյ գտնւող Իրաքի Հանրապետութեան տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ.-ին իրականացւած ցեղասպանութեան դատապարտման մասին» նախագիծը: 2024 թ.-ի ապրիլին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օգոստոսի 3-ը՝ որպէս Սինջարի եզդիների ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր սահմանելու նախագիծը։
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿԵԱՆ
Yerkir.am