Քաղաքական

Չինական նոր հարւածը՝ Էրդողան-Ալիեւ-Նիկոլ եռեակին

ԱՐՄԷՆ ԱՇԱՈՏԵԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Մինչ Հարաւային Կովկասի, մասնաւորապէս՝ Սիւնիքի շուրջ շարունակւում է գլոբալ եւ ռեգիոնալ դերակատար քառեակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մէկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկէտ եւ մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտէզի վրայ խորապէս ազդող քայլեր է կատարում։

Առիթ ունեցել եմ վերլուծելու վրացական Անակլիա նաւահանգիստը չինական կողմի շահագործման փոխանցելու որոշման ազդեցութիւնը, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի համատեքստում։

Չինաստանն իր լոգիստիկ ինքնուրոյն խաղով ամբողջութեամբ մերկացնում է այդ միջանցքի բացառապէս գէոպոլիտիկ, պանթուրքական էութիւնը։

Թուրքիան եւ Ադրբեջանը ջանք չեն խնայում ներկայացնելու իրենց երազանքը գլոբալ-տնտեսական շահաւէտութեան ճռճռան փաթեթաւորմամբ՝ շեշտադրելով Արեւմուտք-Չինաստան առեւտրի համար «Զանգեզուրի միջանցք»-ի կարեւորութիւնը։

Արեւմտեան որոշ շրջանակների հետ միասին նրանք նոյնիսկ համոզում են, որ հենց սա է «Միջին միջանցքի» (Middle Corridor) հիմնական զարկերակը։

Սեւ ծովի ափին գտնւող եւ խորջրեայ բացառիկ հնարաւորութիւններով օժտւած Անակլիայի նախագիծը մեր տարածաշրջանում սեփական լոգիստիկ խաղի Չինաստանի անմիջական յայտն է։

Իսկ վերջերս չինական մէկ այլ նախաձեռնութիւն, այս անգամ՝ Միջին Ասիայում, իրականացման դէպքում մի նոր մեխ աւել է խփելու «Զանգեզուրի միջանցք»-ի տնտեսական նպատակայարմարութեան դագաղի մէջ։

Խօսքը Չինաստան-Կիրկիզստան-Ուզբեկստան երկաթգծի կառուցման շուրջ ձեռք բերւած նոր պայմանաւորւածութեան մասին է, որի իրականացման դէպքում Չինաստանը մի կողմից՝ նւազեցնելու է իր կոմունիկացիոն կախւածութիւնը Ռուսաստանից (այսօրւայ դրութեամբ՝ Չինաստան-ԵՄ երկաթգծային բեռնափոխադրումների 60%-ն անցնում է ՌԴ-ով, մնացած 40%-ը՝ Ղազախստանով), միւս կողմից՝ ուժեղացնելու է իր կապն Իրանի հետ, որովհետեւ կառուցւելիք երկաթգիծը Թուրքմենիայով միանալու է իրանական երկաթգծերին։

Այս տարւայ սեպտեմբերին Բիշքեկում բացւեց նոր երկաթգծի կառուցման գրասենեակը, իսկ ամբողջ նախագիծը գնահատւում է մօտ 4.7 մլրդ. ԱՄՆ դոլար եւ 75%-ով ֆինանսաւորւելու է Չինաստանի կողմից։

Եթէ նայէք քարտէզին, ապա կը տեսնէք, որ Իրանը ոչ միայն Հիւսիս-Հարաւ մեգանախագծի հանգուցային դերակատարներից է, այլեւ ակտիւ վերակառուցում է իր ցանցը դէպի Թուրքիա։ Միայն անցեալ տարւայ ընթացքում Իրանից դէպի Թուրքիա երկաթգծային բեռնափոխադրումները հասել են 1.000.000 տոննայի, ինչը մօտ երկու անգամ աւելի է, քան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բեռնւածութիւնը։

Կարճ ասած՝ Չինաստանը Հարաւային Կովկասում պանթուրքիզմի կուտն ուտելու փոխարէն՝ իր առեւտրային հոսքերը բաշխում է կամ Սիւնիքից հիւսիս՝ Վրաստանով, կամ Սինիքից հարաւ՝ Իրանով։ «Զանգեզուրի միջանցք»-ը պէտք չէ նաեւ Չինաստանին։

Եւ խնդիրը միայն տնտեսական շահաւէտութեան մէջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերւում էրդողանական Թուրքիայի պանթուրքական երազանքին եւ քիչ խօսում է, բայց շատ գործում։

Related Articles

Back to top button