Արցախը համաձայնել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղով եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեայ տեղափոխմանը
Արցախի տեղեկատւական շտաբը յայտնում է.
«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետեւանքով առաջացած ճգնաժամն օրէցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման եւ հացի արտադրամասերին ալիւրի մատակարարման գործընթացը կառավարութիւնը կազմակերպում է սուղ պայմաններում եւ, ցաւօք սրտի, ոչ միշտ է յաջողւում ամէն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսւած քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը։
Հաշւի առնելով երկրում խորացող աղէտն ու անվտանգային իրադրութիւնը՝ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները որոշում են կայացրել ընդունել Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի Ստեփանակերտի գրասենեակի եւ խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրախմբի հրամանատարութեան համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, եւ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակեայ տեղափոխումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի մեքենաներով (արտասահմանեան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպէս մեր քաղաքացիների կեանքին ու առողջութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, այնպէս էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագայ տեղափոխումն ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաեւ, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի եւ Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ՝ հանրապետութիւնում լարւած հումանիտար եւ անվտանգային իրավիճակը թօթափելու նպատակով»: