ՌԴ ԱԳՆ-ն Արեւմուտքին մեղադրել է Հարաւային Կովկասում անվտանգութեան մարտահրաւէրներ ստեղծելու փորձերի համար

Ռուսաստանի Դաշնութեան ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ելոյթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկման ակումբում, յայտարարել է, որ Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի համար անվտանգութեան մարտահրաւէրներ ստեղծել, այդ թւում՝ Հարաւային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղութիւններով։ Այս մասին հաղորդում է Alphanews.am-ը:
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը բախւում է լուրջ մարտահրաւէրների՝ ԱՊՀ որոշ երկրների կողմից իրենց ինքնիշխանութեան զիջման հետեւանքով։
«Մենք արդէն գործ ունենք շատ լուրջ մարտահրաւէրների հետ, քանի որ որոշ յայտնի երկրների կողմից իրենց ինքնիշխանութիւնը զիջելու արդիւնքում այդ ուղղութիւններից մեզ վրայ առաջանում է ուղղակի ռազմաքաղաքական, տնտեսական, հոգեբանական, ինչպէս նաեւ պատժամիջոցային, իրաւական եւ այլ բնոյթի ճնշում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում նման մարտահրաւէրներն ու սպառնալիքները չէզոքացնելու համար»,- նշել է նա։



