ՀամայնքՆոր Ջուղա

Յոբելեանական բուն երեկոյի կազմակերպմամբ եզրափակւեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան հիմնադրման 70-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանը

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 70-ամեակին նւիրւած եզրափակիչ ձեռնարկը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ փետրւարի 19-ի երեկոյեան, նոյն միութեան սրահում, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, Իրանի Իսլամական խորհրդարանում զոյգ հայ պատգամաւորներ՝ դոկտ. Գեղարդ Մանսուրեանի եւ դոկտ. Արա Շահվերդեանի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, Իրանում ՀՀ դեսպանատան, թեմիս ազգային մարմինների, քահանայից դասի, միութիւնների ու դպրոցների, Թեհրանի Հ.Մ.Ա.Կ.-ի, «Նայիրի» եւ «Սիփան» միութիւնների ներկայացուցիչների, յոբելեար միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանի, Կենտրոնական վարչութեան կազմի, Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան եւ այս մեծ ընտանիքի միաւորների վարչութիւնների ու անդամ-անդամուհիների։

Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի բացման խօսքով, ապա ներկաները յոտնկայս ունկնդրեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի Հայրապետական օրհնութեան գիրը «Արարատ» միութեան 70-ամեակի առիթով, որը Տ. Ատաւազդ վրդ. Շարոյեանի միջոցով ընթերցւելուց յետոյ յանձնւեց միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Սարօ Պօղոսեանին։

Ահա մի հատւածի մէջբերում նշւած օրհնութեան գրից.

«Արարատ» միութեան 70-ամեակը նշել, նշանակում է նրա կատարած առաքելութեան արժեւորումը կատարել։ Մի առաքելութիւն, որ սերտօրէն շաղախւեց հայ կեանքի հետ։ Մի առաքելութիւն, որ յատկանշւեց հայ արժէքների եւ իդէալների կենսագործմանը նւիրւած տքնաջան գործունէութեամբ։ Արդ, 70-ամեակը առիթ է արժեւորելու եւ գնահատելու կատարւած աշխատանքը։ 70-ամեակը նաեւ առիթ պէտք է դառնայ ծրագրելու կատարւելիք աշխատանքը, յատկապէս ներկայ դժւար պայմաններում, երբ «Արարատ» միութեան դերը դառնում է կրկնակիօրէն հրամայական»։

Այնուհետեւ յոբելեարի Կենտ. վարչութեան խօսքն ընթերցեց Սարօ Պօղոսեանը, ընդգծելով հետեւեալը. «Այս յոբելեանը առիթ է խոնարհելու մեր գլուխները բոլոր այն նւիրեալների առջեւ, որոնք այս բոլոր տարիների ընթացքում իրենց ժամանակը, ուժն ու սիրտը դրել են «Արարատ»-ի ճանապարհին։ Նրանց շնորհիւ է, որ այսօր մենք ունենք հաստատուն հիմք եւ վստահ քայլեր դէպի ապագայ։ Միաժամանակ, այս օրը նաեւ պարտաւորեցնող խոստում է՝ շարունակելու մեր առաքելութիւնը նոյն հաւատքով, բայց նոր ուժով ու նոր ձեւերով։ Մեր յաջորդ տասնամեակների մարտահրաւէրները պահանջելու են միասնականութիւն, ստեղծագործ միտք եւ երիտասարդութեան աւելի լայն ներգրաւում։ «Արարատ»-ը պիտի շարունակի մնալ այն բարձունքը, որտեղ հայը կը տեսնի իր անցեալը, կապրի իր ներկան եւ վստահ կուղղւի դէպի ապագան»։

Ընթացքում իր սրտի խօսքն ասաց դոկտ. Գեղարդ Մանսուրեանը։ Նա երախտիքի խօսք ուղղելով բոլոր այն անհատներին, ովքեր անցնող 7 տասնամեակների ընթացքում իրենց ժամը, ուժն ու սիրտը ներդրել են միութեան կայացման եւ զարգացման գործում, շեշտեց, թէ այս յոբելեանական առիթը յիշեցնում է, որ «Արարատ»-ի առաքելութիւնը շարունակական է եւ այն պիտի մնայ որպէս երիտասարդների տաղանդները բացայայտելու հնարաւորութիւն ընձեռող մի կենտրոն։ Խորհրդարանի պատգամաւորն իր խօսքի աւարտին միութեան Կենտ. վարչութեան նախագահին յանձնելով Իրանի Սպորտի եւ երիտասարդութեան նախարար Ահմադ Դոնիամալիի գնահատագիրը՝ այս առիթի կապակցութեամբ, յայտարարեց, որ իր եւ նախարարի հանդիպման ընթացքում վերջինս փոխանցել է, թէ 500 միլիոն թուման արժողութեամբ սարքեր է նւիրելու «Արարատ» միութեանը։

Միութեան յոբելեանի առիթով շնորհաւորանքի ուղերձներ էին ստացւել՝ Իրանի Իսլամական խորհրդարանում զոյգ հայ պատգամաւորներից, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանից եւ Թեմական ու Կրօնական խորհուրդներից, շրջանի Հայ Դատի յանձնախմբից, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդից, Նոր Ջուղայի եւ Թեհրանի միութիւններից ու Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներից, որոնցից ընթերցւեցին հատւածներ։

Միջոցառումը անգամներ ընդմիջւեց «Արարատ»-ի զանազան միաւորների սրտի խօսքերով. այս շարանում հանդէս եկան՝ Էմմա Օրդուբէգեանը Շահինշահրի մասնաճիւղից, իսկ Սեդա Բարղեանը, Նարէ Ղարախանեանը, Արթին Վարդանեանը, Մարինէ Հայրապետեանն ու Մենուա Յովսէփեանը հերթաբար՝ Երէցների, Մարզական, Սկաուտական, Մշակութային եւ Ուսնաողական միաւորների կողմից։

Երեկոն ողողւած էր գեղարւեստական կատարումներով։ «Հայաստան» եւ «Հայ եմ» երգերով ելոյթ ունեցաւ միութեան Սկաուտական միաւորի Գայլիկ-Արծւիկ հատւածների երգչախումբը, ղեկավրութեամբ Նայիրա Ալեքսանեանի։ Մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանը դաշնամուրով նւագեց իր հեղինակած «Փրկութիւն» երաժշտական համարը, իսկ երգչուհի Արսինէ Մարգարեանի հետ զուգերգեց «Արարատ-Արարատ»-ը, որին միեւնոյն ժամանակ ընկերակցեց դաշնամուրի նւագակցութեամբ։ Մշակութային միաւորի «Կռունկ» համոյթի պարախումբը պարուսոյց Քաթրին Թորոսեանի ղեկավարութեամբ կատարեց՝ «Սայեաթ Նովա», «Հայրենիք» եւ «Քոչարի» պարերը, «Սայեաթ Նովա» պարային համարին զուգընթաց ասմունքեց նոյն համոյթի ասմունքի խմբի անդամ Ալինա Տէր-Սուքիասեանը։

Հնչեցին «Հայկական» ժողովրդական երգերի շարանը եւ «Հայ ենք մենք» խմբերգերը եւ «Մենք ենք միութիւնը» խմբական ասմունքը։ Խմբերգերի կատարողներն էին՝ Արսինէ Մարգարեանը, Լալագէ Իսաղուլեանը, Թանիա Մինասեանն ու Վանանդ Իսաղուլեանը, իսկ ասմունքինը՝ «Կռունկ» համոյթի ասմունքի խմբի անդամներ՝ Լալագէ Իսաղուլեանը, Ալինա Տէր-Սուքիասեանը, Նազէ Ասատրեանը, Էմիլի Նաւասարդեանը, Վանանդ Իսաղուլեանը, Արթուր Քամարզարեանը, Մենուա Մարկոսեանն ու փոքրիկ Քաջայր Գալստանեանը։

Աւելացնենք նաեւ, որ գեղարւեստական բաժնի պատասխանատուն էր միութեան Մշակութային միաւորը, իսկ գեղարւեստական կատարումների եւ ասմունքի խմբի  ղեկավարներն էին՝ Ռիմա Սիմոնեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը։

Աւարտին ներկաները դիտեցին միութեան տարիների աշխատանքն արտացոլող լուսանկարները, որոնք ցուցադրւել էին կից սրահում։

Յոբելեանական ձեռնարկին յաջորդեց Կազմակերպիչ յանձնախմբի նախատեսած ընդունելութիւնը, որը տեղի ունեցաւ միութեան մարզասրահում։ Այստեղ նախ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի, Սարօ Պօղոսեանի, Թաթուլ Օհանեանի, Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախագահ Գեւիկ Խաչատրեանի, վաստակաշատ մարզիկ, մարզիչ եւ միութեան կանանց բաժնի տնօրէն Այլին Մելիքեանի, Երէցների միաւորի հիմնադիրներից եւ վաստակաշատ մշակութային գործիչ Ռիմա Սիմոնեանի եւ բոլոր միաւորների ներկայացուցիչների միջոցով հատւեց 70-ամեակի խորհրդանշական կարկանդակը, ապա ներկաներից՝ Թաթուլ Օհանեանը, դոկտ. Արա Շահվերդեանը, դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, Սարօ Պօղոսեանը, եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը արտայայտւեցին մաղթանքներով ու օրւան պատշաճ խօսքերով։

Այս բաժինն աւարտւեց յուշանւէրների յանձնումով ձեռամբ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ Սարօ Պօղոսեանի, որոնք շնորհւեցին՝ Վեհափառ Հայրապետին, խորհրդարանի հայ պատգամաւորնին, հրաւիրեալ ազգային մարմիններին, միութիւններին, դպրոցներին եւ երգչախմբերին, ինչպէս նաեւ յոբելեարի նախկին Կենտրոնական վարչութիւնների նախագահներին եւ մասնաճիւղի ու միաւորների ներկայացուցիչներին։ Կենտրոնական վարչութեան կողմից յուշանւէր յանձնւեց նաեւ Հայր Սուրբին։

Ընդունելութիւնը համեմւեց Ասպետ Սիմոնեանի սաքսոֆոնի եւ Համիկ Ալեքսանդրեանի դաշնամուրի կատարումներով։

Վերջում հարկ ենք համարում նշել 70-ամեակի Կազմակերպիչ յանձնախմբի անդամների անունները, ովքեր առաւել քան մէկ տարի իրենց անխոնջ աշխատանքով ծրագրեցին այս առիթին նւիրւած միջոցառումները. Վիոլետ Թորոսեան, Ադրինէ Խաչատրեան, Էդնա Փուլադեան, Մանիֆա Խուդաբախշեան, Լալագէ Իսաղուլեան, Նարեգա Սիմոնեան, Էդւարդ Ղազարեան, Մենուա Յովսէփեան եւ Դաւիթ Թորոսեան։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button