Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան՝ Վարդապետաց դասի յայտարարութիւնը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան՝ Վարդապետաց դասը  յայտարարութիւն է տարածել։

««Եղբայրնե՛ր, յորդորում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանւէք, եւ ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատւէք նոյն մտքով եւ նոյն համոզմունքով» (Ա Կորնթ. Ա 10)

Մտահոգ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ եւ եկեղեցու ներսում ծաւալւող իրադարձութիւններով՝ վերահաստատում ենք մեր ուխտը՝ հաւատարիմ մնալով ուղղափառ վարդապետութեանը, ծիսականոնական դրութեանը եւ Սուրբ Թադէի Աթոռի գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ «ուղիղ վարդապետութեամբ մեզ ուսուցանում է ճշմարտութեան խօսքը» (Խորհրդատետր)։

Գնահատելով ստեղծւած իրավիճակը՝ անընդունելի ենք համարում եկեղեցու ներքին կառավարմանը աշխարհիկ իշխանութիւնների միջամտութիւններն ու սպառնալիքները։

Անհանդուրժելի ենք նկատում իշխանական մեքենայութիւնների միջոցով բարձրաստիճան հոգեւորականներին եւ քահանաներին թիրախաւորելու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահազրկման օրակարգը սպասարկելու նպատակով եկեղեցու միասնականութիւնը պառակտելու ակնյայտ փորձերը։

Եկեղեցու ներսում ծագած դաւանական, վարդապետական, ծիսականոնական եւ կարգապահական խնդիրները բացառապէս լուծւում են Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հայ Եկեղեցու կանոնական ընթացակարգերով, «միակամ եւ միախորհուրդ»՝ առանց հոգեւորականների եւ իրաւասու ժողովական մարմինների իրաւունքների իւրացման։

Ազգային-եկեղեցական ժողովով ընտրւած եւ վաւերական օծում ունեցող Հայոց Հայրապետն ունի Սուրբ Հոգու պարգեւելի բոլոր շնորհները, որոնք բաշխւում են հոգեւոր սպասաւորներին՝ ձեռնադրութեան խորհրդով կամ հայրապետական տւչութեամբ։

Նվիրապետական կարգի մէջ բոլորի իրաւունքներն ու պարտականութիւնները սահմանւում են ըստ այն շնորհների, որոնք յիշւում են ձեռնադրութեան աղօթքների մէջ։ Ո՛չ ոք չի կարող եկեղեցական իր իշխանութեան սեփականութիւն դարձնել այնպիսի իրաւունքներ, որոնք ձեռք են բերւում քաղաքական հանգամանքներով կամ արտաքին միջամտութեամբ։ Եւ քանի որ հոգեւորականը ձեռնադրութեամբ ստանում է այնքան, որքան յիշւում է Սուրբ Խորհրդի ընթացքում, այս սկզբունքից շեղւողը չարաշահում է իր իշխանութիւնը եւ դատապարտելի է Հայ Եկեղեցու վարդապետութեամբ։

Աներէր մնալով մեր հոգեւոր առաքելութեան մէջ՝ պատգամում ենք մեր եկեղեցու քահանայից դասին եւ հաւատացեալներին՝ չգայթակղւել եւ չտրտմել հոգեւորականութեան հասցէին հնչած զրպարտութիւններից եւ հալածանքներից, չօտարանալ Մայր Եկեղեցու հոգեւոր կեանքից։ Փորձութիւններով լեցուն այս շրջանում ակնկալում ենք ձեր մասնակցութիւնը եկեղեցու աղօթական եւ խորհրդական կեանքին՝ հայցելով, որ Աստւած ապաշխարութեան ճանապարհով մաքրագործի ու հաւատի մէջ զօրացնի մեզ ամենքիս՝ միասնութեան մէջ պահելով մեր Սուրբ Եկեղեցին եւ անսասան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Եկեղեցիները ո՛չ պարգեւն են թագաւորների, ո՛չ ճարտար արւեստ են, ո՛չ գիւտն են իմաստունների, ո՛չ աւարը զինւորների քաջութեան եւ ո՛չ էլ խաբէութիւնը դեւերի, այլ շնորհն են Մեծ Աստծոյ։ Նրա հիմքերը դրւած են հաստատուն վեմի վրայ, որ ոչ ներքեւինները կարող են խախտել, ոչ վերինները շարժել։ Եւ այն, ինչ երկինքն ու երկիրը չեն կարող սարսել, մարդկանցից ոչ ոք թող չհաւակնի յաղթել նրան» (Սուրբ Եղիշէ Վարդապետ)։

Related Articles

Back to top button