Բագրատ Սրբազան. «Բացայայտ խօսում են Սիւնիքի «միջանցք»-ը յանձնելու մասին, թէ ինչպէս՝ ոչ ոք չգիտի»

«ԱԼԻՔ» – «Սրանք տարիներով խօսում էին, որ Սիւնիքի «միջանցք» գոյութիւն չունի, այդպիսի երեւոյթ չկայ, իսկ այսօր բացայայտ խօսում են այն յանձնելու մասին»: Այս մասին ֆէյսբուքեան իր հերթական տեսաուղերձի ժամանակ ասել է «Սրբազան Շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ոչ մէկին յայտնի չէ, թէ ինչ եղանակով են յանձնելու: Նրանք խօսում են ոչ միայն այդ միջանցքի, այլեւ՝ անկլաւների մասին, որի մասին մենք տեւական ժամանակ է զգուշացնում ենք:
Այսօր որեւէ ձեւով այլեւս չեն կարողանում թաքցնել այն, որովհետեւ պարտադրւած են այն իրագործել: Այս մարդիկ դեռ 2020 թ.-ից էին խօսում այդ մասին: Մենք, սակայն, իրաւունք չունենք դա թոյլ տալ, մենք այդ պատճառով ենք ոտքի կանգնել ու դարձեալ պէտք է ոտքի կանգնէք, վերացնելու այս չարիքի շղթան»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Նա նաեւ անդրադարձել է նախօրէին ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի՝ արցախահայութեան չկռւելու, չպայքարելու մասին յայտարարութեանը. «Մեր թիրախը միշտ էլ լինելու է այս չարիքի իշխանութիւնը, այդ ստախօսը չի դադարում փորձել մոլորեցնել մեր ժողովրդին բոլոր առումներով։ Կրկին հնչեցրին, որ իբրեւ մեր Արցախցի քոյրերն ու եղբայրներն չեն կռւել, չեն պայքարել, մոռանալով, թէ ինչպիսի ցինիզմով այս իշխանութիւնը հրաժարւեց սեփական ժողովրդի պաշտպանութիւնից, այդ խօսքերը ստախօսի եւ չարիքի իշխանութեան կողմից հնչած խօսքեր են։ Արցախցի մեր ժողովուրդը, մաքառումով եւ հերոսաբար են կռւել»,- նշել է Սրբազանը: