Ստամբուլում աւարտւել են Իրանի եւ եւրոպական եռեակի բանակցութիւնները

«ԱԼԻՔ» – Ստամբուլում, երէկ՝ յուլիսի 25-ին կայացել են Իրանի եւ ԵՄ եռեակ երկրների՝ Ֆրանսիային, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ 12-օրեայ պատերազմի աւարտից յետոյ բանակցութիւնների առաջին փուլը:
ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով կայացած բանակցութիւններին մասնակցել են փոխարտգործնախարարներ՝ Մաջիդ Թախթ Ռաւանչին եւ Քազեմ Ղարարիբաբադին:
Բանակցութիւնների աւարտից յետոյ, լրագրողների հետ զրոյցում, Քազեմ Ղարիբաբադին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ բանակցութիւնները անւանելով հանգամանալից եւ անկեղծ։
«Մենք՝ Թախթ Ռաւանչին եւ ես լուրջ, անկեղծ եւ հանգամանալից զրոյց ունեցանք երեք եւրոպական երկրների եւ ԵՄ քաղաքական գործիչների հետ։ Քննարկւեցին պատժամիջոցների վերացման եւ միջուկային հարցերի վերաբերեալ վերջին զարգացումները»,- գրել է նա։
Ըստ նրա՝ կողմերը համաձայնել են շարունակել բանակցութիւնները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծւած ճգնաժամը լուծելու համար։
«Երկու կողմերն էլ հանդիպմանը ներկայացել են որոշակի գաղափարներով, որոնց տարբեր ասպեկտներ են քննարկւել։ Որոշւել է, որ այս հարցի շուրջ խորհրդակցութիւնները կը շարունակւեն»,- նշել է Ղարիբաբադին։
Յիշեցնենք, որ նախօրէին Ղարիբաբադին ԵՄ եռեակին զգուշացրել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի լուծման հարցում իրենց դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելուց: Հակառակ դէպքում, ըստ նրա՝ Եւրոպայի հետ բանակցութիւններ վարելու իմաստը կը կորչի:
Եւրոպական եռեակն էլ իր հերթին յայտնել էր, որ պատրաստ է Իրանին պատժամիջոցների հետաձգում տրամադրել, եթէ պաշտօնական Թեհրանը վերսկսի երկխօսութիւնը ԱՄՆ-ի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ: Այս մասին տեղեկատւութիւնը հաղորդել էր The Financial Times-ը՝ յղում անելով իր աղբիւրներին։
Նոյն համատեքստում, ամերիկեան The Wall Street Journal-ն էլ յղում կատարելով իրանական իր աղբիւրին, տեղեկացրել էր, որ Իրանը որոշել է վերսկսել համագործակցութիւնը ՄԱԳԱՏԷ-ի հետ, եւ միջազգային տեսուչների պատւիրակութիւնն առաջիկայ շաբաթներին կայցելի Իրան: