Մոսկւայում ռուս-ուկրաինական հակամարտութեան կարգաւորման համար երբեք չի քննարկւել «կորէական տարբերակը»

«ԱԼԻՔ» – Մոսկւայում երբեք չի քննարկւել «կորէական տարբերակը»՝ ռուս-ուկրաինական հակամարտութեան կարգաւորման համար: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը: Տեղեկացնում է News.am-ը՝ ռուսական «Կոմերսանտ»-ին յղումով:
«Մենք դա երբեք չենք քննարկել։ Մենք քննարկել ենք տարբերակներ, որոնք վերաբերում են երկարաժամկէտ կարգաւորմանը, եւ ամերիկացիները գիտեն մեր մօտեցումների մասին, բայց կորէական թեմայից ուղիղ օրինակ վերցնելը՝ երբեք չի քննարկւել, ես դրա մասին անգամ չեմ լսել»,- ասել է Իւրի Ուշակովը լրագրող Պաուէլ Զարուբինին տւած հարցազրոյցում։
Ռուսաստանի իշխանութիւնները դեռ չեն տեսել ԱՄՆ-ի կողմից ճշգրտւած հակամարտութեան կարգաւորման պլանը, նշել է նախագահի օգնականը։ «Բայց եթէ համապատասխան փոփոխութիւններ լինեն, մենք կունենանք շատ կտրուկ առարկութիւններ, քանի որ մենք շատ յստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որը կարծես բաւականին հասկանալի էր ամերիկացիներին»,- ասել է նա։
Ճշգրտւած խաղաղութեան պլանում կը լինեն «լիովին անընդունելի» դրոյթներ, այդ թւում՝ տարածքային հարցերի վերաբերեալ, կարծում է Իւրի Ուշակովը։ Միեւնոյն ժամանակ, ամերիկեան կողմը գիտի եւ հասկանում է Ռուսաստանի իշխանութիւնների դիրքորոշումը, ընդգծել է նա։ Սակայն, ըստ Ուշակովի, բոլոր խորհրդակցութիւններից յետոյ, որոնք անցկացւել են ուկրաինական կողմի հետ, «թղթերի վրայ» տարբերակները հազիւ թէ լաւը լինեն։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 8-ին յայտարարել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտութեան կարգաւորման պլանը կրճատւել է 28-ից մինչեւ 20 կէտ։ Ըստ նրա, փաստաթղթից հանւել են «ամբողջովին ոչ ուկրաինական կէտերը»։ Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել էր, որ ամերիկացի պաշտօնեաները «ինչ-որ բան են դուրս գցել» խաղաղութեան պլանից։ Ըստ Թրամփի, այժմ փաստաթուղթը բաժանւած է չորս կամ հինգ մասի։



