Նիկոլայ Սիլաեւ. «Ռուսները չեն կարող հայերից աւելի հայ լինել»

«ԱԼԻՔ» – Մոսկւայի Միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի իշխանութիւնների եւրաինտեգրման կուրսի եւ Երեւանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման վերաբերեալ։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին մասնակցութիւնը պահպանւում է, իսկ ԵՄ ձգտելու մասին օրէնքը դեռ աւելի շատ հռչակագրային է։
«Հայաստանը որոշակի քայլեր է ձեռնարկում անվտանգութեան ոլորտում հեռաւորութիւն պահպանելու համար․ դադարեցրել է մասնակցութիւնը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մասամբ կրճատել է ռուսական ռազմական ներկայութիւնը, բայց իրաւական առումով առայժմ կտրուկ որոշումներ չկան։ Կարելի է ասել, որ Հայաստանը «նստած է դռան առաջ», հետեւում է Եւրոպային՝ չանելով վերջնական քայլ ոչ այս, ոչ էլ այն կողմ։ Ղեկավարութիւնը կարծում է, որ այս ուղղութիւնը համապատասխանում է իր շահերին. մի կողմից՝ ֆլիրտ Արեւմուտքի հետ, միւս կողմից՝ Ռուսաստանի հետ կապերից ստացւող օգուտների պահպանում։ Մոսկւայի եւ միջազգային դիտորդների համար սա սովորական պատկեր է՝ բազմավեկտոր քաղաքականութիւն, որը շարունակւում է արդէն մի քանի տարի, եւ դրանում առանձնայատուկ նորութիւն չկայ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքականութիւնն, իմ կարծիքով, ուղղւած է Ռուսաստանի հետ դաշինքից աստիճանաբար հեռանալուն։ Երկրի ղեկավարութիւնը, հաւանաբար, ձգտում է ինքնուրոյն արտաքին քաղաքական դերակատարի կարգավիճակի, բայց միեւնոյն ժամանակ նախընտրում է երկրի ճակատագիրը չկապել ՌԴ-ի հետ։ Հայաստանն աստիճանաբար յարաբերութիւններ է կառուցում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Եւրոպական միութեան հետ, որը հետաքրքրութիւն է ցուցաբերում երկրի նկատմամբ»,- ասել է Նիկոլայ Սիլաեւը։
Քաղաքագէտի խօսքով՝ ներկայիս ուղղութեան շարունակութիւնը կարող է յանգեցնել նրան, որ Հայաստանն աստիճանական կը վերածւի Թուրքիայի եւ Ադրբեջանի արբանեակի։
«Սա կարեւոր հարց է ոչ միայն հէնց Հայաստանի, այլեւ նրա բոլոր հարեւանների ու գործընկերների համար։ Հայկական ազգային գաղափարը Կովկասում եւ Սփիւռքում տասնամեակներ շարունակ եղել է միջազգային քաղաքականութեան կարեւոր գործօն։ Եթէ Հայաստանը հրաժարւում է այդ գաղափարից, դա փոխում է նաեւ միւս երկրների մօտեցումը նրա արտաքին քաղաքականութեան նկատմամբ։ Օրինակ կարող է ծառայել Ադրբեջանի հետ համաձայնագիրը. եթէ այն ստորագրւի եւ վաւերացւի ներկայիս տեսքով, Հայաստանը փաստացի զիջում է իր ինքնիշխանութեան մի մասը։
Նոյնը վերաբերում է «Թրամփի ուղու» կառուցմանը, որը ներառում է նաեւ ԵԱՏՄ արտաքին սահմանը։ Հայաստանի իշխանութիւնները դեռ չեն քննարկում այդ հարցը ԵԱՏՄ գործընկերների հետ, իսկ մաքսային սահմանի խախտման դէպքում անխուսափելիօրէն դաշնակիցները կարձագանքեն։ Միեւնոյն ժամանակ, կարեւոր է հասկանալ, որ ռուսները չեն կարող հայերից աւելի հայ լինել։ Մենք կարող ենք արտայայտել մեր կարծիքը, որն, ինչպէս հասկանում եմ, հաճելի է լսել պաշտօնական Երեւանին, բայց մենք ի վիճակի չենք առանցքային քաղաքական որոշումներ կայացնել հայ հասարակութեան փոխարէն»,- եզրափակել է Սիլաեւը։



