Հայաստան - Արցախ

Կեանքից հեռացել է Աւետիք Իշխանեանը

«Կեանքն ինձ համար այլեւս դարձել էր տառապանք, ե՛ւ ֆիզիկապէս, ե՛ւ հոգեպէս...»

«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ առաւօտեան մահացել է ճանաչւած իրաւապաշտպան, հասարակական գործիչ Աւետիք Իշխանեանը: Փետրւարի 25-ին նա կը դառնար 70 տարեկան։

Լուրը ֆէյսբուքեան էջում յայտնել է հանգուցեալի ընտանիքը. «Այսօր (փետրւարի 16-ԽՄԲ.) առաւօտեան մահացել է Աւետիք Իշխանեանը։ Նրա խնդրանքով տեղադրւում է այս գրառումը։

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՕՍՔ

2020 թ․ դաւաճան-վարչապետի կողմից հրահրւած պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կեանքս։ Դրանից յետոյ, այնուամենայնիւ որոշակի յոյսեր էի փայփայում, որ դաւաճանին հեռացնելուց յետոյ, թերեւս հնարաւոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թւացող իրադարձութիւնների ընթացքը։ Սակայն, աւաղ, ոչ միայն չկարողացանք պարտութեան պատասխանատու եւ խորհրդանիշ ճիւաղին հեռացնել, այլեւ նա առաւել ամրապնդեց իշխանութիւնը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափութիւն ունեցայ շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպէս նաեւ հայ ժողովրդից եւ ողջ մարդկութիւնից․․․ինքս ինձնից։ Այս ամէնին ջղերս չդիմացան եւ օր-օրի առողջութիւնս քայքայւեց։ Այլեւս չեմ տեսնում որեւէ յոյսի շող Հայաստանի եւ Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատւութիւնն ու միաժամանակ անզօրութիւնն եմ զգում Արցախի հարցում։ Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահւածքի պատճառով հետապնդւեն իմ զաւակները, նաեւ իմ տրամադրութեամբ եւ առողջութեամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։ Կեանքն ինձ համար այլեւս դարձել էր տառապանք, ե՛ւ ֆիզիկապէս, ե՛ւ հոգեպէս։ Ամէն գիշեր պառկելուց, մեծ յոյսեր էի փայփայում, որ այլեւս չեմ արթնանայ։

Ներեցէք, եթէ կարող էք, առաջին հերթին կինս՝ Նունէն, մայրս՝ Բիւրակն Չերազ-Անդրէասեանը, տղաներս՝ Ռաֆայէլն ու Հրաչեան, քոյրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Յիշենք Վահան Տէրեանին․

ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ

Ամէն վայրկեան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

բորբ արեւին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,

տանջւող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս՝ մօտ ու հեռու,

ոսոխներիս՝ չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,

գարնան ամպին լոյս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթայ իմ յուշերին, իմ գիշերին, իմ փշերին,

արտոյտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով»,- ասւած է գրառման մէջ:

Related Articles

Back to top button