Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնակատար Դաւիթ Իշխանեանի ելոյթը ԱԺ յատուկ նիստում
Նախքան շնորհաւորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելոյթներին եւ տեսակէտներին: Պարզապէս չէի կարող անտարբեր լինել եւ անմասն մնալ:
Գիտէք սպորտում կայ քաշային կարգ հասկացողութիւն: Ես կարծում եմ նաեւ քաղաքականութեան մէջ, ինչպէս նաեւ կեանքում կայ քաշային կարգ հասկացողութիւնը: Այս առումով, կարծում եմ մեզանից իւրաքանչիւրը պէտք է կարողանայ խորութեամբ ընկալի այդ հասկացողութիւնը: Երբ որ խօսում ենք տեսակէտների, որոշումների մասին պէտք է յստակ կարողանանք ամրագրել եւ արձանագրել, որ մէկն է տեսակէտ, որ մէկն է որոշում:
Երբ որ խօսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաեւ պէտք է կարողանանք տարբերակել ռազմավարութիւնը եւ մարտավարութիւնը: Եւ մեզանից իւրաքանչիւրը իր մէջ պէտք է ունենայ ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ նաեւ մարտավարական համապատասխան մօտեցումներով:
Նաեւ կայ նպատակի, միջոցի հասկացողութիւն: Ես ուզում եմ, որպէսզի մեզանից իւրաքանչիւրը առաջնորդւի հէնց այդ մօտեցումներով եւ կարողանայ զանազանել՝ որն է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձեւակերպումներն ու թէզերը օգտակար կը լինեն նորընտիր նախագահին:
Ուզում եմ առիթից օգտւել՝ շնորհաւորելու նաեւ մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թէ ինչպիսի ծանր պատասխանատու շրջանում եւ ինչպիսի ծանր որոշում է կայացրել հէնց ինքը` Սամուէլ Սերգէյի Շահրամանեանը: Եւ այդ որոշումը կրելու պատասխանատւութիւնը, կարծում եմ, մեզանից իւրաքանչիւրինն է՝ թէ՛ կողմ, եւ թէ՛ դէմ քւէարկած կամ քւէարկութեանը չմասնակցած, եւ նաեւ մեր հասարակութեանը, որովհետեւ մեր այսօրւայ վիճակը այնպիսինն է, որ իւրաքանչիւր պահ, իւրաքանչիւր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել: Ես կարծում եմ այսօր մենք մեր առաքելութիւնը աւարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով: Մէկ անգամ եւս շնորհաւորանքներ, Սամուէ՛լ Սերգէյի: Յոյս ունենք, որ Ձեր աշխատանքը կը լինի բեղմնաւոր, ինչպէս Դուք էք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետութեան, ի շահ Արցախի եւ հայ ժողովրդի:
Շնորհաւորում եմ:
«Arfd.am»