Վարդան Օսկանեան. «Սիւնիքից մի հատւած կը տրւի Ադրբեջանին, եթէ չունենանք դիւանագիտական մինիմալ կարողութիւններով իշխանութիւն»

«Մինչեւ 2008 թւականը՝ իմ նախարարութեան 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող»,- ուղիղ եթերում յայտարարեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանեանը։
Նրա խօսքով, այն ժամանակ Ղարաբաղն իր յարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք յուսալի դաշնակիցներ եւ Արեւելքում, եւ Արեւմուտքում։
«Ռուսաստանի հետ եղել ենք յուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք յարաբերութիւնները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամեակի մարտահրաւէրներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխօսութիւն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եւրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանեան ներդրումներ»,-ասաց Օսկանեանը։
Ըստ ՀԳ նախկին նախարարի, այժ պետութեան առջեւ ծառացած վտանգները մեծ են եւ շօշափելի։
«Հիմա օրւայ իշխանութիւնը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նւաստացուցիչ, ծանր ու հազարաւոր զոհերով պարտութիւն, չունենք ոչ մի յուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք Հայաստանին լուրջ չի վերաբերւում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակութիւնը երբեք այսքան պառակտւած չի եղել»,- ասաց նա։
Օսկանեանի խօսքով՝ Հայաստանի առաջ կանգնած են վտանգներ, որոնք Հայաստանի իշխանութիւնների անկարողութեան հետեւանքով աւելի են խորացնելու Հայաստանի խոցելիութիւնը։
Եթէ չունենանք դիւանագիտական գոնէ մինիմալ կարողութիւններով օժտւված իշխանութիւն, ըստ նախկին նախարարի, սահմանազատման քօղի տակ կորցնելու ենք Հայաստանից լրացուցիչ տարածքներ, Հայաստանի սահմանները փոփոխւելու են, Թուրքիայի պահանաջով փոխւելու է Սահմանադրութիւնը, Արցախից մեկընդմիշտ հրաժարւել ենք արդէն, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, եւ ամենավտանգաւորը, Սյունիքից մի հատւած տրւելու է Ադրբեջանին։
Նա նշեց, որ ԱՄՆ Պետդեպի հրաապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թէզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարեանինը, դա եղել է Հէյդար Ալիեւի առաջարկը, որի անմիջական վկաներից մէկը եղել եմ ես։
«Երբ Ժնեւում Քոչարեանն ինձ ու Վազգէն Սարգսեանին ասաց, որ Ալիեւը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ հայր Ալիեւը պատրաստ է հրաժարւել Արցախից, մենք գիտէինք, որ Մեղրին տւող չկայ, բայց մենք կարող ենք օգտւել Ալիեւի՝ Արցախը զիջելու պատրաստակամութիւնից»,-յայտարարեց Վարդան Օսկանեանը։



