Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայկ Դեմոյեան. «Փաշինեանը գործակալական աշխատանք է կատարում. Արեւմտեան Հայաստանից խօսելով՝ փորձում է ջնջել Ցեղասպանութեան թեման»

«ԱԼԻՔ» – Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինեանն իր հերթական հարցազրոյցի ժամանակ հերթական անգամ ասաց մի բան, որն ադրբեջանական տեղեկատւական-քարոզչական դաշտում զբաղեցնում է թոփ թեմաների առաջին հորիզոնականները. խօսքն ադրբեջանական կեղծ, անիրական «Արեւմտեան Ադրբեջան» ձեւակերպման մասին է, որով Ալիեւն ադրբեջանական է համարում Հայաստանի Հանրապետութեան տարածքը։

Տարօրինակ զուգադիպութեամբ, Նիկոլ Փաշինեանը եւս «Արեւմտեան Ադրբեջանն» Ալիեւի պէս իրատեսական եւ ռէալ համարեց, այնքան ռեալ, որ համեմատեց իրական Արեւմտեան Հայաստանի հետ։

«Հիմա մենք նեղւում ենք եւ շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արեւմտեան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արեւմտեան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արեւմտեան Ադրբեջան», եւ դա մեզ գրգռում է, այդպէս էլ, երբ ասում ենք՝ Արեւմտեան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- Հանրային հեռուստաընկերութեան եթերում ասաց Փաշինեանը։

168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանն ադրբեջանական թէզերին իր համաձայնութիւնը տւող եւ դրանք կրկնող Փաշինեանի քայլերը պայմանաւորել է Փաշինեանի վրայ դրւած պարտաւորութիւնների կատարմամբ։

«Գործակալական ցանցը եւ դրա պարագլուխն իրականացնում են իրենց տէրերի կամ ուղղորդողների կողմից հրահանգւած բառապաշարի շրջանառութիւնը։ Հայաստանի Հանրապետութեան դէմ իրականացւում է գործակալական աշխատանք՝ սկսած դեռ 2018 թւականից։ Գարեգին Նժեդեհի արձանի հանելը, նրան Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիստ ներկայացնելը… ամէն ինչ սկսեց էստեղից, հետեւապէս, այն խօսոյթը, որը Փաշինեանը դնում է շրջանառութեան մէջ, ինչպէս նաեւ իր ընտանեկան կադրերի հրապարակումը, պատականութիւններ չեն»,- ասել է Դեմոյեանը՝ նշելով՝ ցաւալիօրէն ՀՀ իշխանութիւնը կարողացել է հայ հասարակութեանը հասցնել «բթացւածութեան այն աստիճանի», որ արդէն գործակալական ցանցը գործում է շատ բացայայտ եւ հասարակութեանը հասցնում ուղերձներ, որ տեղեակ լինեն յաջորդ գործողութիւններին։

Պատմական գիտութիւնների դոկտորի համոզմամբ՝ այո՛, տխմարութիւն է Փաշինեանի կողմից կեղծ «Արեւմտեան Ադրբեջան» եւ Արեւմտեան Հայաստանի համեմատութիւնները, ինչն իրականում ունի այլ խորքային նպատակ։

 «Պարզունակ գործակալական աշխատանք է կատարում, նա Արեւմտեան Հայաստանից է խօսում, որովհետեւ դրանով մենք յաւակնութիւն ունենք Թուրքիայի նկատմամբ։ Այդ համեմատութիւնով Փաշինեանը Ցեղասպանութեան լինելիութիւնն է կասկածի տակ դնում, նա հայրենազրկման լինելութիւնն է ուզում ջնջել»,- նկատել է նա։

Հայկ Դեմոյեանի խօսքով՝ ինքն ունի տեղեկութիւններ, որ Փաշինեանի իշխանութիւնը պատրաստւում է վերանորոգման պատրւակի տակ նախ փակել Ցեղասպանութեան թանգարանը, ապա չէզոքացնել Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրը։

«Ըստ պետական արարողակարգի՝ Հայաստան այցելող ցանկացած պաշտօնական պատւիրակութիւն գնում է Ցեղասպանութեան յուշահամալիր։ Իմ տեղեկութիւններով, իշխանութիւնն ուզում է վերանորոգման անւան տակ փակել յուշահամալիրը, որպէսզի պատւիրակութիւնները յուշահամալիր չբարձրանան»,- ասել է Հայկ Դեմոյեանը։

Հարցազրոյցը՝ ԱՂԱՒՆԻ ՍՈՒՔԻԱՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button