Քաղաքական

Գիրքը բացայայտում է 1890-ականների թուրքական ջարդերից փրկւած հայերի 8000 նամակները

Բոլորովին վերջերս ստացայ Երեւանում 2021 թւականին լոյս տեսած մի արժէքաւոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արեւմտեան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպւած 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկւածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։

Վերա Սահակեանի հեղինակած այս եզակի գիրքը, որը հրատարակել է Մատենադարանը՝ Երեւանի հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման ինստիտուտը, վերարտադրում է Մշո Բուլանըք գաւառի 28 գիւղերից թուրքական ջարդերը վերապրած 200 հայ ականատեսների վկայութիւնները, որոնք փախել էին Արեւելեան Հայաստան։ Սրտաճմլիկ նամակներն ուղարկւել էին Հայ Առաքելական Եկեղեցու կենտրոն Էջմիածնում գտնւող Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմեանին (1893-1907 թթ.), որը փաղաքշօրէն յայտնի է որպէս Խրիմեան Հայրիկ՝ խնդրելով նրա գթասիրտ օգնութիւնը՝ բաւարարելու իրենց սննդի ու կացարանի կարիքները։

Հայ վերապրածների նամակները մի քանի տասնամեակ պահւել էին Էջմիածնի արխիւներում, իսկ այնուհետեւ տեղափոխւել Մատենադարան։ Հեղինակը նախատեսում է ապագայում հրատարակել եւս մի քանի հատոր՝ մնացած բոլոր 8000 նամակներն ընդգրկելու համար։ Առաջին հատորի նամակներից շատերն անգլերէն թարգմանել է Լուսինէ Մինասեանը։

Ահա հատւածներ 1894-96 թւականների թուրքական ջարդերից փրկւած հայերի նամակներից՝ ուղղւած Կաթողիկոսին.

– 1896 թւականի հոկտեմբերի 29-ին Մշօ Բուլանըք գաւառի Կաքառլու գիւղից  փախստական ​​Եղիազար Յակոբեանը (Յակոբեան) գրել է. «Քուրդ բարբարոսաց սպանւելուց ազատւելով, որովհետեւ, բացի բոլորովին թալանւելուց, տղայիս մեռուցին, եւ ես էլ հազիւ փախայ. միայն իմ աջ ձեռքի մատները կորսնցնելով, ահա չորս ամիս է, այս կողմերը կթափառիմ, ողորմութիւն խնդրելով…. կաղաչեմ բարեհաճել եւ իմ ընտանեաց ողորմանալ, որով հայրենիքում քաղցած եւ մերկ սպասում են անհամբեր՝ գոնէ ճանապարհածախս շնորհել կաղաչեմ»։

– 1894 թ. հոկտեմբերի 14-ին Ներքին Բուլանըքի Խոշգալդի գիւղի բնակիչ Մարտիրոս Մուրադեանը (Մուրատեան) գրում է. «Անօրէն տաճիկները [թուրքերը] յարձակւելով մերս խղճալի եւ աղքատ ընտանեաց վերա, մի կողմից քար խըփեցին, միւս կողմից հրացանով զարկելով իմ երիտասարդ քսանամեայ տղային՝ վիրաւորելով մեռաւ։ Յապշտակելով տարան իմ բոլոր կարողութիւն, մինչեւ անգամ հանեցին մեր վերայի հանդերձներ»:

– 1895 թ. յուլիսի 11-ին Մշօ նահանգի Մոլահքանդ գիւղից ծխատէր քահանայ Յովհաննէս Տէր-Պետրոսեանը (Յովհաննէս քահանայ Տէր Պետրոսեան) գրում է. «Ասպատակւելով քրդերից եւ համիդեայ զօրքերից, թողինք տուն, տեղ եւ կալւած, հազիւ կարողացանք գաղտնի փախչելով Ռուսաստան՝ ազատւել։ Այժմս անդաստական թափառում ենք՝ խեղճ, մոլոր, քաղցած եւ մէկ կտոր չոր հացի կարօտ»։

– 1896 թ. յունւարի 2-ին Բուլանըքի Լիզ գիւղից Յակոբ Լեւոնեանցը (Յակոբ Լեւոնեանց) գրում է. «Մեր դիտաւորութիւնն է ինքնապաշտպանութիւն։ Մենք դիմած, եկած եմք Վեհիդ ոտքը, որ թէ՛ մեզ, թէ՛ մերայինք, թէ՛ հայրենիքը ազատեմք թուրքական երկաթէ լծէն։ Մեր ձեռք մի քանի հատ զէնք տւէք, որ թողունք-գնանք անոնց հասնենք՝ այն ութ ընկերներու, որք անցած նամակ նամակի յետեւից մեզ կը գրեն, թէ՝ շուտո՛վ հասէք»։

– 1897 թ. յունւարի 13-ին Բուլանըքի Խրիստամ Քաթուք գիւղից Մկրտիչ Յարութիւնեանը գրում է. «Հազիւ հազ կարողացանք Oսմանեան կատաղի կառավարութեան անգութ ճիրաններէն ազատւիլ …. իբրեւ գաղթական եկած եմ …. որպէսզի ինձի եւս մի քանի ռուբլի ճանապարհածախք եւ մի քանի կտոր լաթ շնորհելով, որպէսզի կարողանամ այս ձմեռ եղանակին մէջ իմ ընտանեաց ցուրտէն պատսպարել եւ օրական պարէն հայթայթել»։

– 1895 թ. սեպտեմբերի 30-ին Մշօ Բուլանըքի Խարախլո գիւղից գաղթական ընտանիքների երկու այրիները՝ Եաղուշ Մկրտչեանը, հինգ հոգի (Եաղուշ Մկրտիչեան), եւ Եալդուզ Մարտիրոսեանը, վեց հոգի (Եալտուս Մարտիրոսեան), գրել են. «Երկուքս ալ անայր եմք այս երկու տարի կը լինի։ Վասնզի մեր գլխաւորները քուրդերը սպանեցին։ Մենք ալ վախէ թողիմք այս կողմ եկամք։ Վասնզի ամէն ունեցածնիս տարան։ Բան չը թողուցին. ո՛չ մալ, ո՛չ ապրանք»։

– 1894 թ. մարտի 15-ին Մշօ Քեաքառլու գիւղից Բաղդասար Մարկոսեանը (Բաղտասար Մարկոսեան) գրում է. «Բազմաթիւ չարչարանք եւ տանջանք տալով հազիւ հազ ազետւեցանք մահից, մեզանից պահանջելով ութնասուն ոսկի անօրէն բանտապահը եւ արձակեց մեզ։ Զկնի այնմ աւուր կողոպտեցին ամենայն շարժական եւ անշարժ ապարուրքն իմ եւ բանտարկեցին բռնարարութեամբ որդին իմ»։

– 1895 թ. յուլիսի 17-ին Բուլանըք գաւառի Համզայշէխ գիւղից Սահակ Կարապետեանը (Սահակ Կարայպետ) գրում է. «Կառավարութեան եւ տաճկայց բարբարոսութիւնէն մեր յարնիք թող տըւիք փախչիլով դէպի Ռուսաստան եկիք։ Իմ հերիս մեռեաւ։ Իմ ծիրունի մայր եւ մենք մնցինք յեգ հոգի՝ ոջլտոց մենչը։ Յիմա Առմիտլու գուղին մէջի պայիմ յիմայոնոք»։

– 1894 թ.ապրիլի 19-ին Բուլանըք գիւղից Մատթէոս քահանայ Տէր Գէորգեանը (Մատթէոս քահանայ Տէր Գէորգեան) եւ Կարակիլիսա գիւղից Սահակ Սերովբեանը (Սերովբեան) գրեցին. «1893 թւի սեպտեմբեր ամսից Տաճկաստանի քուրդ եւ տաճիկներն ամենասաստիկ նեղութեան եւ վնասուց են տանջում մեր հայերին։ Այն է՝ հորած ցորեանն տիրում են, ամբարած ցորեանն տիրում են։ Գիշերներն մեր կին ընտանեաց հետ կատարում են իւրեանց շնութիւնն եւ սպանում են։ Օտարութիւնից երբ վերադառնում են հայ մշակներն, նրանց աշխատած դրամն եւ տունն կողոպտում են եւ սպանում։ 18 տուն Համզաշէխ գիւղից փոխում են ստիպմամբ թուրք կրօնի, որոնց 3-ին սպանել են, եւ այժմ 28 հայ հոգու կախաղանի հրաման է արձակւած …. Էֆենդիքն եւ աղաներն ստիպմամբ հայ գիւղերից պահանջում են 40–50 ոսկի կամ սպանում։ Առաջնորդ Ներսէս վարդապետին 2 տարի նշանակած է բանտ, որից 450 ոսկի թաբախ շրջելով ստիպմամբ պահանջեցին, եւ այժմ բանտարկւած է նա։ Էֆենդիքն եւ աղաներն նստում են զօռով հայ գիւղերում եւ վնասուց են տանջում ….»։

Սա շատ արժէքաւոր գիրք է, քանի որ այն.

1) փաստագրում է 1894-96 թւականների հայերի ջարդերը վերապրած ականատեսների վկայութիւնների միջոցով.

2) հնարաւորութիւն է տալիս ներկայիս հայերին գտնել իրենց նախնիների անունները, որոնք նախկինում ապրել են Արեւմտեան Հայաստանում.

3) բացայայտում է, որ շրջանի քիչ յայտնի գիւղերից մի քանիսն իսկապէս եղել են հայաբնակ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button