COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամաւորների մուտքը երկիր՝ յայտարարելով, որ արգելքը կը հանւի միայն այն դէպքում, երբ վերականգնւի Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատւիրակութեան մանդատը։
ԵԽԽՎ-ն այս տարւայ յունւարին որոշել էր չվաւերացնել ադրբեջանական պատւիրակութեան հաւատարմագրերը, քանի որ երկիրը «չէր կատարել հիմնական պարտաւորութիւնները»։ Լուրջ մտահոգութիւններն էին համարւել «ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու Ադրբեջանի կարողութիւնը, իշխանութիւնների տարանջատումը, օրէնսդիր մարմնի թուլութիւնը գործադրի նկատմամբ, դատական իշխանութեան անկախութիւնը եւ մարդու իրաւունքների յարգումը»։ Համապատասխան բանաձեւն ընդունւել էր 76 կողմ, 10 դէմ եւ 4 ձեռնպահ յարաբերակցութեամբ։
ԵԽԽՎ-ն նաեւ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, նշելով, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը «արհամարեց շատ լուրջ հումանիտար եւ մարդու իրաւունքների հետեւանքները», որոնք առաջացել էին Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի խափանումից: Բանաձեւը նաեւ դատապարտում էր 2023 թ. ռազմական գործողութիւնները, «որոնք յանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութեան տեղահանութեանը Հայաստան եւ էթնիկ զտումների»:
Մեկնաբանելով ադրբեջանական որոշումը՝ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը մասնաւորապէս նշել է․ «Պէտք է մի պարզ հարց ուղղել բոլոր այն երկրների կառավարութիւններին, որոնց պատգամաւորներին արգելւել է մուտք գործել Ադրբեջան՝ դուք դեռ ընտրութիւն կը կատարէ՞ք մասնակցել Բաքւում կայանալիք COP 29-ին՝ այդպիսով փաստօրէն հիասթափեցնելով ձեր իսկ ժողովրդավարական ճանապարհով ընտրւած պատգամաւորներին, որոնց մուտքը պարզապէս արգելւել է իրենց աշխատանքը բարեխղճօրէն կատարելու համար: ԵՄ-ի համար խայտառակութիւն կը լինի, եթէ տեղի տայ Ադրբեջանի ճնշումերին։ Մէկ այլ հարց պէտք է ուղղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին, թէ արդեօ՞ք ՄԱԿ-ը թոյլ է տալիս աւտորիտար ռեժիմին, ինչպիսին Ադրբեջանն է, թելադրել, թէ ով կարող է մասնակցել ՄԱԿ-ի կարեւոր համաժողովներից մէկին։ Բաքւի աճող ցինիզմը հետեւանք է այն բանի, որ նաւթային այս փոքր բռնապետութիւնը պատասխանատւութեան չի ենթարկւել իր յանցագործութիւնների համար եւ շարունակում է բացայայտ արհամարհանք դրսեւորել ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների նկատմամբ»։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
30.08.2024 թ.