Գեղամ Մանուկեան. «Խնդիրները կը փշրւեն Փաշինեանի գլխին»
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնն օգոստոսի 28-ին հեթական անգամ հերքել է ադրբեջանական կողմից տարածւած տեղեկութիւնը Զինւած ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղութեամբ կրակ բացելու վերաբերեալ։ Պաշտպանական գերատեսչութիւնն ադրբեջանական կողմին կրկին յիշեցրել է Փաշինեանի աշխատակազմի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտման դէպքերի եւ/կամ այդ մասին տեղեկութիւնների հետաքննութեան Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով ադրեջանական կողմից ակտիւացող ապատեղեկատւութեան մասին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը շեշտել է՝ քարոզչական դաշտում ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ ֆոն ապահովել՝ օգտագործելով հայկական կողմի պոռոտախօսութիւնը տարբեր երկրներից զէնք գնելու եւ հայկական բանակը զինելու մասին։
«Ինչ վերաբերում է հետաքննութեան մեխանիզմ ներդնելու առաջարկին, ապա ուզում եմ յիշեցնել 2017 թւականից առաջ Վիեննայում կայացած գագաթնաժողովի մասին, երբ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համոզեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման համար գործուն մեխանիզմներ ստեղծւեն։ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահողներին մեծ դիւանագիտական աշխատանքի արդիւնքում հնարաւոր եղաւ համոզել այդ լուծումը, որն ի դերեւ ելաւ Փաշինեանի յայտնւելուց, Դուշանբէի հանդիպումից յետոյ։ Այդ հանդիպումից յետոյ Մինսկի խումբն ազատեց իր ձեռքերը, ինչի ողբերգական հետեւանքները տեսանք»,-ասել է Գեղամ Մանուկեանը՝ ընդգծելով՝ Հայաստանի ներկայիս վիճակն էլ աւելի է բարդացնում նաեւ այն, որ Փաշինեանն ամէն շաբաթ առաջարկներ է ներկայացնում, որոնք ո՛չ ադրբեջանական, ո՛չ միջազգային որեւէ հարթակում որեւէ լուրջ քննարկման առարկայ չեն դառնում, ինչը հետեւանք է Փաշինեանի վարած քաղաքականութեան, որը բերեց նրան, որ Հայաստանը յայտնւեց բանակցութիւնների սեղանի վրայ, ոչ թէ դրա շուրջ։
«Երկու այլ երկրների ղեկավարներ բանակցում են եւ Հայաստանի ղեկավարին տեղեկացնում են հեռախօսով Հայաստանի վերաբերեալ քննարկման մասին։ Նոյնն անում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս վիճակը նշանակում է, որ Փաշինեանն ընդհանրապէս չկայ»,- նշել է պատգամաւորը։
Նրա խօսքով՝ այս արտաքին խճճւած քաղաքականութեան հետեւանքով է, որ միջազգային որեւէ դերակատար այսօր Հայաստանի կողքին չէ, չկայ մէկը, որ որեւէ ճնշում գործադրի Ադրբեջանի վրայ, աւելին՝ Հայաստանն է յայտնւել մեկուսացման մէջ։
Ստեղծւած իրավիճակը, ըստ Մանուկեանի՝ հանգեցնելու է նրան, որ Փաշինեանը ստորագրելու է ոչ թէ իրական խաղաղութեան պայմանագիր, այլ թղթի կտոր, ինչը սառեցնելու է ընդամէնը Հայաստանի ունեցած խնդիրների լուծումները։
«Այդ թղթով փորձելու է հաւանական ռազմական գործողութիւնների ծնունդ տւող դրոյթների սառեցում ունենալ, որպէսզի հասարակութեանը խաբի, թէ արդիւնք ունի՝ իրականում խնդիրները թողնելով յետոյին։ Այդ տարբերակով խնդիրները կուտակւելու են ու փշրւեն Փաշինեանի գլխին, որովհետեւ նրա համար այդ թուղթը ստորագրելու հարցում սկզբունքային կէտեր չկան, նպատակն իշխանութիւնը պահելն է, ինչի համար պէտք է ժամանակ շահել»,-խօսքը եզրափակել է Մանուկեանը։