Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վիտալի Մանգասարեան. «Չի բացառւում՝ Իսրայէլի ճնշումների տակ Ադրբեջանը փորձի լոկալ բախումներ հրահրել Հայաստանի՝ Իրանին սահմանակից վայրերում»

«ԱԼԻՔ» – Չի բացառւում՝ Իսրայէլի ճնշումների տակ Ադրբեջանը փորձի լոկալ բախումներ հրահրել Հայաստանի՝ Իրանին սահմանակից վայրերում: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում յայտարարել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վիտալի Մանգասարեանը, ով անդրադարձել է Հարաւային Կովկասի անվտանգային եւ աշխարհաքաղաքական մի քանի օրակարգային հարցերի:

Անդրադառնալով Իրան-Իսրայէլ կոնֆլիկտին, ինչպէս նաեւ՝ Ադրբեջանի՝ Իսրայէլին 44-օրեայ պատերազմի յաղթանակի համատեքստում պարտքերը մարելու խնդիրներին, Մանգասարեանն ասել է. «Ադրբեջանը շատ մեծ պարտք ունի վճարելու Իսրայէլին, յատկապէս 44-օրեայ պատերազմում իր ունեցած յաջողութիւնների համար, սա, կարծում եմ, գաղտնիք չէ: Եւ նոյնիսկ ադրբեջանական տեղեկատւաքարոզչական ռեսուրսներով է այս ամէնը երեւում: Այլ հարց է՝ ինչպէս եւ երբ է Ադրբեջանը փորձելու մարել իր այդ պարտքը:

Ստեղծւած իրականութեան մէջ, երբ տարածաշրջանում այսպիսի կոնֆլիկտ է հասունանում՝ Իրան-Իսրայէլ, հնարաւոր է, որ Իսրայէլը հէնց այս փուլում Ադրբեջանից իր այս պարտքը պահանջի: Միաժամանակ շատ լաւ հասկանալով, թէ Ադրբեջանի՝ Իրանի հետ առճակատման գնալն ինչ կործանարար հետեւանքներ կարող է ունենալ, կարծում եմ, աւելի շուտ Իսրայէլն Ադրբեջանին փորձելու է դրդել, որ նա Հայաստանին ճնշելու տարբերակով անուղղակի «նեղացնի» Իրանին:

Յիշենք Գորիս-Կապան ճանապարհի յանձնման պատմութիւնը, երբ կտրւեց Հայաստան-Իրան մեր ամենակարեւոր ճանապարհներից մէկը, եւ որը Իրանի վրայ ճնշում գործադրելու տրամաբանութեան մէջ էր: Ըստ այդմ՝ չի բացառւում, որ հէնց Իսրայէլի ճնշումների տակ Ադրբեջանը փորձի լոկալ բախումներ հրահրել Իրանին սահմանակից վայրերում՝ Մեղրիի, Կապանի հատւածում՝ փորձելով հաճոյանալ Իսրայէլին եւ ցուցադրել, որ կամաց-կամաց փորձում է իր պարտքը մարել: Բայց Ալիեւը շատ լաւ հասկանում է, որ առնւազն այս փուլում, եթէ գնայ մասշտաբային առճակատման տարածաշրջանում, ապա դա, մասնաւորապէս, Իրանի կողմից չի հանդուրժւելու: Ալիեւը միամիտ չէ, եւ հաշւի է առնում բոլոր սցենարները, նաեւ այն, որ կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ լայնամասշտաբ եւ երկարատեւ մարտական գործողութիւնների հրահրումը, այդ թւում՝ իր երկրի ներսում, յատկապէս, եթէ ՀՀ-ում կոմպետենտ իշխանութիւն լինի»: 

Ռազմական փորձագէտը նշել է, որ նախօրէին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի՝ մամլոյ ասուլիսի ժամանակ արած յայտարարութիւնն այն մասին, որ հայ զինւորները 44-օրեայի ժամանակ սպանւել են իսրայէլական զէնքից, յստակ մեսիջ է պարունակում. «Յայտնի փաստ է, որ 2020 թւականի 44-օրեայ պատերազմի ժամանակ հայկական կողմը մեծ կորուստներ է ունեցել իսրայէլական արտադրութեան զէնքերից, ԱԹՍ-ներից, եւ նոյնիսկ սրա մասին ՀՀ իշխանութիւններն են ակնարկել: Կարծում եմ՝ բացի նրանից, որ իրանական կողմը սուբիեկտիւ դրդապատճառներ ունի Իսրայէլի հետ իր յարաբերութիւնները պարզելու կոնտեքստում, այստեղ նաեւ օբիեկտիւ իրողութիւն կայ, որ իսրայէլական հրահանգիչներն իրենց դերակատարումն են ունեցելնաեւ Ադրբեջանի բանակի կարողութիւնների մեծացման գործում, եւ դա փաստ է», ասել է նա:

Ռազմական փորձագէտը բնական է համարել այն փաստը, որ պաշտօնական Թեհրանին մտահոգում է այն փաստը, որ Արեւմուտքի հետ ՀՀ յարաբերութիւնների զարգացումը չլինի այլ երկրների հաշւին, ինչի մասին յստակ ակնակրել է դեսպան Սոբհանին:

«Իրանը տարածաշրջանում տնտեսապէս եւ ռազմական կարողութիւններով ուժեղ պետութիւն է, եւ, բնականաբար, ՀՀ-ում էլ ունի իր շահերը, եւ փորձում է իր ազդեցութիւնը մեծացնել, ինչը խոշոր խաղացողների պարագայում տրամաբանական է: Եւ պարզ է, որ Իրանին պիտի հետաքրքրի ՀՀ արտաքին յարաբերութիւնների զարգացումը, մասնաւորապէս, արեւմտեան երկրների հետ, որոնք հնարաւոր է տեղի ունենան ի հաշիւ Հայաստան-Իրան յարաբերութիւններին, ուստի դեսպանը նման յայտարարութիւն է անում: Կարծում եմ, որ այս փուլում ՀՀ-ի եւ Իրանի շահերն աւելի շատ են համընկնում, քան այլ խոշոր խաղացողների շահերը, եւ Հայաստանը պէտք է խորացնի Իրանի հետ յարաբերութիւնները՝ թէ ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակներում, եւ թէ տնտեսական: Պէտք է ամուր կապեր ձեւաւորենք Իրանի հետ, եւ սա ոչ միայն այն պատճառով, որ նրանք մեր տարածաշրջանում իրենց շահերն են հետապնդում եւ առաջ տանում, այլ, որ Իրանը մեր հարեւանն է, եւ առնւազն մեր քայլերով չպէտք է վնասենք այդ յարաբերութիւնները եւ դրանք բարդացնենք»,- ասել է Վիտալի Մանգասարեանը:

Related Articles

Back to top button