«Թիրախը, իհարկէ, Դամասկոսն է». Էրդողանի ախորժակը ուտելուց բացւել է
«ԱԼԻՔ» – Սիրիայում ծաւալւող գործընթացները կարծես, թէ գրգռել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ախորժակը: Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ շարունակւում է Թուրքիայի աջակցութիւնը վայելող ահաբեկչական խմբաւորումների յարձակումը սիրիական բանակի դէմ, Էրդողանը նշել է, որ ահաբեկիչների յաջորդ թիրախը Դամասկոսն է:
«Իդլիբ, Համա, Հոմս եւ թիրախը, իհարկէ, Դամասկոսն է։ Սիրիայում ընդդիմութեան (ահաբեկիչների-ԽՄԲ.) երթը շարունակւում է: Մենք յուսով ենք, որ դա տեղի կունենայ առանց ցնցումների ու աղէտների»,- յայտարարել է նա:
Էրդողանը յիշեցրել է, որ Անկարան ժամանակին դիմել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին՝ համատեղ քննարկելու Սիրիայի ճգնաժամի կարգաւորման հեռանկարները, սակայն դրական պատասխան չի ստացել։
«Մենք դիմել ենք Ասադին՝ միասին որոշելու Սիրիայի ապագան։ Ցաւօք, այս կոչին դրական արձագանգ չեղաւ»,- ասել է Էրդողանը։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սիրիայի հիւսիսում գտնւող եւ Թուրքիայի անմիջական հովանու ներքոյ աշխատող ահաբեկչական խմբաւորումները Հալէպ նահանգում լայնածաւալ յարձակման են անցել։ Ահաբեկիչները Հալէպի արեւմտեան շրջաններից առաջ են շարժւել դէպի կենտրոն եւ նոյեմբերի 30-ին վերահսկողութիւն են հաստատել Հալէպ քաղաքի նկատմամբ։
Նոյն օրն ահաբեկիչները վերահսկողութիւն են հաստատել նաեւ Խան Շէյխուն քաղաքի եւ Իդլիբի ամբողջ տարածքի վրայ։ Դեկտեմբերի 5-ին կատաղի մարտերից յետոյ Համա քաղաքն անցել է ահաբեկիչների վերահսկողութեան տակ։ Ահաբեկիչները վերահսկողութիւն են հաստատել նաեւ Հոմս նահանգի մի շարք ռազմավարական նշանակութիւն ունեցող բնակավայրերի վրայ, որոնք համարւում են Դամասկոս տանող դարպասը եւ սկսել են առաջ շարժւել։