Էդգար Էլբակեան. «Իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, թուրքական ողորմածութիւն է»
«ԱԼԻՔ» – Հայաստանը ֆաշիստական պետութիւն հռչակած Ադրբեջանի նախագահ Ալիեւին Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինեանն այսօր ֆէյսբուքեան իր էջով 14 կէտանոց առաջարկ ներկայացրեց. կէտերից մէկով Փաշինեանն Ալիեւին առաջարկեց քննարկել սպառազինութիւնների փոխադարձ վերահսկման, քւոտաւորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմը։
Փաշինեանի այս առաջարկը քաղաքագէտ Էդգար Էլբակեանը նմանեցնում է աւելի վաղ Փաշինեանի կողմից Ալիեւին արւած մէկ այլ առաջարկի՝ զօրքերի հայելային յետքաշմանը, ինչի արդիւնքում տարածքային կորուստներ ունենալու էր միայն Հայաստանը։
«Սովորական սպառազինութիւնների վերահսկման եւրոպական մեխանիզմներ արդէն իսկ կան, բայց քանի որ Հայաստանի այս իշխանութիւնն արտաքին աշխարհում երես չունի, չունի լեգիտիմութիւն, ուստի սպառազինութիւնների վերահսկման հարցով նրանց որեւէ մէկը չի օգնի. նրանց որեւէ մէկը լուրջ չի ընդունի։ Եթէ Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնն անգամ Ադրբեջանում պահւող հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցով ծպտուն չի հանում, էլ աւելի բարդ հարցերում աշխարհի ո՞ր երկիրը սրանց լուրջ կընդունի։ Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնը Հայաստանի բոլոր ռազմաքաղաքական յաղթաթղթերը յանձնել է թշնամուն, հետեւապէս՝ հիմա ի՞նչ կարող է առաջարկել»,- այս մասին 168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ասաց Էդգար Էլբակեանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինեանն իր կապիտուլեացիոն քաղաքականութեամբ ընդամէնը փորձում է Հայաստանի ներսում իր դէմքը փրկել՝ տարատեսակ առաջարկներ անելով Ալիեւին։
Ինչ վերաբերում է երկար չարչրկւած «Խաղաղութեան պայմանագիր» ասւածին, ապա, ըստ Էդգար Էլբակեանի, Ադրբեջանին այս կառավարելի քաոսային վիճակը ձեռնտու է, ուստի Ալիեւը չի համաձայնի որեւէ թուղթ ստորագրել։
Ըստ Էլբակեանի՝ Ադրբեջանին թուղթ պէտք չէ՝ անկախ նրանից, որ Փաշինեանն ընդունել է Ադրբեջանի հերթական պահանջը եւ համաձայն է լուծարել Մինսկի խումբը։
«Այն իշխանութիւնը, որը խաղաղութեան բութ քարոզ է անում, բերում է պատերազմ… իրականում, սակայն, մենք գետնի վրայ շատ վատ վիճակում ենք,- ասաց Էլբակեանը՝ ամփոփելով,- իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, իրենց առաջարկածը թուրքական ողորմածութիւն է»։