Շարունակելու ենք պատմական արդարութիւնը վերականգնելուն ուղղւած աշխատանքները
«ԱԼԻՔ» – Պատմական հայրենիքից հրաժարումը Նիկոլ Փաշինեանի կարեւորագոյն թիրախներից մէկն է։ Ոչ միայն ՀՀ սահմանն է Հայաստանի կառավարութեան ղեկավարը որոշել գծել ու յստակեցնել՝ առաւելապէս ի վնաս Հայաստանի, այլ նաեւ պատմաական Հայաստանի քարտէզն է խմբագրում ու ներկայացնում նորովի։
Այսպէս, փորձելով պատասխանել Ալիեւի՝ նախօրէին հնչեցրած յոխորտանքներին, Նիկոլ Փաշինեանն այսօր (յունւարի 9-ին-ԽՄԲ.) յայտարարեց, որ «Արեւմտեան Հայաստանն Արմաւիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւմտեան Հայաստան: Իսկ ահա Արեւելեան Հայաստանը Իջեւանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկայ եւ չի կարող լինել Արեւելեան Հայաստան»:
Փաստացի, Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է պատմական արդարութիւնից, Հայ Դատից, եւ ընդհանրապէս, մեր ինքնութիւնից, հայից ու իրական, կամ որ իր խօսքով է՝ պատմական Հայաստանից։ Հրաժարումների շարքը, վստահաբար, այսքանով չի աւարտւի, մի օր էլ գուցէ, ըստ ցանկութեան, հրաժարւի բոլոր այն հայերից, որոնք կը համարձակւեն Կարսը, Վանը կամ Ալաշկերտն իրենց հայրենիքը համարել։
«Փաշինեանի այս յայտարարութեանը եթերային բառերով արձագանգել ուղղակի չեմ կարող։ Վաղն էլ իր ընտանիքից ու սրբութիւններից կը հրաժարւի, եթէ այդպիսիք ունի։ Բայց եթէ իր ընտանիքից հրաժարւել կարող է, ապա պատմական Հայաստանից, մեր հայրենիքից հրաժարւել չի կարող»,- MediaHub-ի հետ զրոյցում Փաշինեանին այսպէս արձագանգեց ՀՅԴ Հայաստանի Գմ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
Նա նկատեց՝ Փաշինեանի «մտքի լուծը» բաւականին ակտիւ է, եւ իւրաքանչիւր բառին արձագանգելն ուղղակի անշնորհակալ գործ է։
«Այդ մարդը մտքի լուծ ունի, հասկանո՞ւմ էք։ Ինչ ասես կարող է ասել։ Բայց պէտք է հասկանալ, որ հայ ժողովուրդը չի հրաժարւում ու չի էլ հրաժարւի իր պատմական հայրենիքից, իր պահանջատիրութիւնից»,- վստահ նկատեց պատգամաւորը։
Հարցին՝ արդեօ՞ք ՀՅԴ-ն որեւէ կերպ անդրադառնալու է այս յայտարարութեանը, Գեղամ Մանուկեանն արձագանգեց՝ կրկնելով միտքը, որ Փաշինեանի «մտքի լուծը» այնքան առատ է, որ իմաստ չկայ ամէն անգամ արձագանգել։
Պատգամաւորը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են պատմական արդարութիւնը վերականգնելուն ուղղւած աշխատանքները։
Երբ յիշեցրինք, որ դրա դէմ Փաշինեանն անգամ ընտանեկան փոդքասթով է սկսել պայքարել, եւ իրական ու պատմական Հայաստանների հակադրումն անգամ իրենց՝ ամուսին-կին զրոյցներում կայ, Գեղամ Մանուկեանն արձագանգեց․ «Դէ, աւելի լաւ, թող իրենք իրենցով բաւարարւեն, իրենք իրենց հարցեր տան, իրենք իրենց պատասխանեն։ Կարեւորը հասկանալն է, որ իրենք հայ ժողովրդի ձայնը չեն բարձրացնում, եւ նրա կարծիքը չեն հնչեցնում»։