Փաշինեանին օր առաջ հեռացնելը Հայաստանի գոյութեան ու փրկութեան անհրաժեշտ նւազագոյն պայմանն է
«ԱԼԻՔ» – Մինչեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է նոր սպառնալիքներ յորդել Հայաստանի հասցէին ու յայտարարում, որ վերացնելու են «ֆաշիստական սպառնալիքը», որը ըստ Ալիեւի, անկախ Հայաստան պետութիւնն է, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը, որ տարեսկզբից մարտահրաւէր է նետել ոչ թէ երկրի սպառնալիքներին, այլ սոցցանցերում իրենց կենցաղով հետեւորդներին զւարճացնող բլոգերներին, շարունակում է իբրեւ թէ խաղաղութիւն կառուցելու ապարդիւն ճիգերը։
Ալիեւին այս անգամ անպատասխան չթողեց Փաշինեանը՝ անադեկւատութեան ու անօգնականութեան նոր նշաձող սահմանելով։
Իրավիճակը սթափ գնահատող որեւէ երկրի ղեկավար, թերեւս համապատասխան մարմինների հետ՝ ԱԽ, դիւանագիտական կորպուսի, ԳՇ, անյապաղ խորհրդակցութիւններ կը սկսէր, անմիջապէս կը կապւէր դաշնակից ու գործընկեր երկրներների ղեկավարների հետ․․․Բայց, ո՛չ Փաշինեանը։ Իր արձագանգում նա մի կողմից արձանագրեց, որ Ադրբեջանն ամենեւին խաղաղութեան չի պատրաստւում՝ յայտարարելով, թէ «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմութիւն» ձեւաւորել», միւս կողմից, պնդեց վաղուց ձախողւած ու Ադրբեջանի կողմից արհամարհւած կեղծ խաղաղութեան օրակարգը ու հերթական անգամ Ալիեւի առաջ ծնկի եկաւ՝ թէ չեմ ասի՝ ֆաշիստը դու ես, կը փորձեմ հասկանալ, ինչու նման ընկալում կայ։
Նրա մեկնաբանութեան հիմքում Ադրբեջանին չբարկացնելու պրիմիտիւ ու ողորմելի թէզն է, որ յատկապէս յետպատերազմական չորս տարիներին որդեգրել է Հայաստանի իշխանութիւնը՝ պարտւողականութիւնը թաքցնելով Բաքւին ագրեսիայի հիմք չտալու պարզունակ մանեւրի տակ։
Գետնի վրայ արձանագրւել է, որ «խաղաղութիւն» բառն անդադար հոլովելիս, իրականում խաղաղութիւն չի հաստատւում, եթէ մի կողմը, միեւնոյն է, բացայայտ մտադիր է քեզ վերացնել։
«Յունւարի 7-ի երեկոյեան Ադրբեջանի բռնակալը հերթական վերջնագիրը ներկայացրեց Հայաստանին՝ սպառնալով իր ցանկալին ուժով ստանալ, եթէ Հայաստանը զիջումների չգնայ եւ մի քանի պահանջ ներկայացրեց՝ Հայաստանի ապառազմականացում, վերադարձ այսպէս կոչւած «Արեւմտեան Ադրբեջան», այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք» եւ իր անտրամաբանական ու զաւեշտալի պահանջը տալ գնահատական, թէ Հայաստանը «ֆաշիստական» պետութիւն է ու եթէ ՀՀ իշխանութիւնները «ֆաշիզմը» ոչնցացնեն, ինքը կոչնչացնի։ Փաշինեանը տեւական ժամանակ լուռ էր, իր մանկլաւիկները փոխանակ Ալիեւին պատասխանէին, ընդդիմութեանը եւ լրագրողներին էին մեղադրում Ադրբեջանի բռնակալի խօսքերը տարածելու մէջ։ Բայց, այսօր կէսօրին, Փաշինեանը հասկացաւ, որ չի կարող երկար ժամանակ լռել, ոչ թէ այն պատճառով, որ յարգում է հայ հասարակութեանը, որ հայ հասարակութիւնն է իրենից պատասխան ուզում, այլ, որ Ալիեւն է դա պահանջում եւ իր այսօրւայ կմկմոցների տակ հերթական զիջումն էր՝ Ադրբեջանը քեզ ասում է «ֆաշիստ», դու ասում ես՝ եկէք հասկանանք, թէ ինչու է այդպէս։ Այդ մօտեցումը ընտանիքի ներսում կարող է լինել՝ ամուսինների միջեւ, երբ իրար հետ վիճում են, փորձում ես հասկանալ պատճառը, բայց երբ դիմացդ կանգնած է երկրի թշնամին, որը բացայայտ յայտարարում է, որ քեզ պէտք է ոչնչացնի, այդ կմկմոցով դու ուղղակի ընդունում ես, որ Ադրբեջանի մեղադրանքը»,-«Հրապարակ»-ին ասում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Պատգամաւորը հարցադրումներ է հնչեցնում՝ 2020 թ. Ադրբեջանը լեգիտիմ իրաւունք ունէ՞ր յարձակւել Արցախի Հանրապետութեան վրայ, Շուռնուխի հատւածում փակել Գորիս-Կապան ճանապարհը, Շորժայի, Ներքին Հանդի եւ միւս հատւածնում յարձակւել Հայաստանի վրայ, 200 կմ-ից աւելի տարածք օկուպացնել ․․․«Նա չունէր այդ լեգիտիմ իրաւունքը, բայց արեց, եւ՝ ի՞նչ։ Փաշինեանը, յայտարարելով, որ ես չեմ ուզում լեգիտիմ իրաւունք տալ Ադրբեջանին լարւածութեան համար, ուղղակի քողարկում է զիջելու իր պատրաստակամութիւնը»,-արձանագրութիւն է ընդդիմադիր պատգամաւորը։
Խաչատրեանը յիշեցնում է՝ Փաշինեանը զիջել է ամէնը, ինչ Բաքուն է ցանկացել՝ փոխարէնը ոչինչ չստանալով ու մտահոգիչ համարում, որ Ալիեւը կրկին խօսում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։ Նրա խօսքով, ակնյայտ է, որ Բաքւի ուզածը ճանապարհ չէ, այլ թուրք-ադրբեջանական վերահսկողութեան ներքոյ գտնւող տարածք, որով Թուրքիան Ադրբեջանի միջոցով կը կապւի Կենտրոնական Ասիայի թուրքախօս երկրների հետ։ «Ադրբեջանի այս պահանջին Փաշինեանը ենթարկւել է դեռ երկու տարի առաջ, երբ յայտարարում էր, թէ այդ 47 կմ-ի համար հո ֆիտոսանիտարական փաստաթուղթ չե՞նք ուզելու։ Այսինքն, ինքն ասել է, որ պատրաստ է աւելի մեղմ ռեժիմ տրամադրել, բայց Ադրբեջանին եւ Թուրքիային դա չի բաւարարում»,-շարունակում է Խաչատրեանը՝ շեշետելով, որ փոխանակ հանրութեանը պատրաստեն դիմակայութեան՝ պաշտպանւելու, փորձում է արդարացնել Բաքւի պահանջները եւ հող նախապատրաստել Ալիեւի հրահանգները կատարելու համար։
«Ալիեւը հասկանում է, որ Փաշինեանն իր համար գտածոյ է, նրանից յետոյ ով էլ գա իշխանութեան, Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում կը լինի աւելի շահախնդիր ու սկզբունքային, ուստի, փորձում է մինչեւ վերջ քամել, հետեւաբար, Փաշինեանին օր առաջ հեռացնելը Հայաստանի գոյութեան ու փրկութեան անհրաժեշտ նւազագոյն պայմանն է»,- եզրափակում է Արթուր Խաչատրեանը։