Արծւիկ Մինասեան. «Գերասիմ Վարդանեանի նկատմամբ իրականացւում է ակնյայտ քաղաքական հետապնդում»
«ԱԼԻՔ» – «Այս գործն ի սկզբանէ յստակ քաղաքական ուղղորդում է ունեցել։ Ամենաակտիւ հականիկոլական եւ ազգային ուժերից մէկի ներկայացուցչի՝ Գերասիմ Վարդանեանի նկատմամբ իրականացւում է ակնյայտ քաղաքական հետապնդում, եւ սա այդ դրւագներից մէկն է։
Պատահական չէ, որ Գերասիմին արդէն 3-րդ անգամ ձերբակալում են, իշխող ռեժիմը հասկանում է, որ միայն նման ձեւով է հնարաւոր որոշակի ժամանակահատւածում փորձել լռեցնել, բայց դա էլ արդիւնք չունի։ Այս գործն ի սկզբանէ ամբողջութեամբ սնանկ է, իրաւական հեռանկար չունեցող մի գործ, որտեղ փորձ է արւում Գերասիմ Վարդանեանի եւ միւս պայքարողներին վերագրել մի բան, որն իրականութեան հետ առնչութիւն չունի»: Այս մասին երէկ՝ յուլիսի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։
Արծւիկ Մինասեանի խօսքով՝ Գերասիմ Վարդանեանի նկատմամբ առաւել դաժան իրաւական գործիքակազմ է օգտագործւում. «Մէկ այլ գործող տեսակցութիւնն արգելել, 2 ամիս խիստ կալանաւորման պայմաններում պահել: Էս մարդիկ չեն հասկանում, որ դրանով հնարաւոր չէ պայքարող տեսակին ընկճել: Քանի որ նիկոլական արդարադատութեան վրայ յոյս դնել չարժէ, մենք մտածում ենք, որ այս պայքարը մինչեւ վերջ գնալու է: Ինչքան շուտ էս մարդիկ հասկանան, որ հնարաւոր չէ էս մեթոդներով լռեցնել եւ յետ կանգնեն իրենց ապօրինի, հակաիրաւական, հակաազգային վարքագծից, այնքան աւելի շուտ երկրում կը հաստատւի խաղաղութիւն, համերաշխութիւն եւ հնարաւորութիւն կունենանք մեր կորցրած հայրենիքի վերազատագրումն իրականացնել մեր իսկ ժողովրդի անվտանգութեան ապահովման համատեքստում»,- ընդգծել է Արծւիկ Մինասեանը: