Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թքած ունենալու կոշտ արւեստը

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Իշխանութեան գալուց յետոյ նորօրեայ պաշտօնեաների կեանքն ու կենցաղը մի այլ կարգի է փոխւել։ Ոչ միայն հարստացել են, փողի ու թանկարժէք բնակարանների, բիզնեսների տէր են դարձել, այլեւ արդէն չեն բաւարարւում «հասարակ աւտոմեքենաներով» աշխատանքի գնալ։ Պիտի նորը լինի, թանկարժէք լինի, բարձր դասի լինի։ Հարկատուների հաշւին միլիոններ ու միլիարդներ են ծախսում՝ ծառայողական մեքենաներ գնելու համար։

Ո՞ր լաւ գործերի համար են իրենց այսպէս առատաձեռն պարգեւատրում՝ պարզ չէ։ Երկիրը դժոխքի են վերածել, մարդկանց կեանքը՝ մղձաւանջի։ Հազարաւոր հրատապ ու անհրաժեշտ խնդիրներ կան լուծելու, իրենց համար թանկարժէք աւտոմեքենաներով են գնում, ծառայողական մեքենաների պարկն են թարմացնում ու համալրում նորերով։

Կառավարութիւնը կարող է իրեն թոյլ տալ 1 մլրդ. դրամից աւելի գումար յատկացնել՝ շուրջ 5 տասնեակ թանկարժէք ծառայողական մեքենաներ գնել, ընդհուպ՝ 110.000 դոլարանոց։ Կարծես ծառայողական մեքենաների գնումն է այս երկրի ամենահրատապ խնդիրը։ Այլ խնդիրներ չկան։ Ծառայողական մեքենաները նախընտրում են անվտանգային, պաշտպանական, սոցիալական ու այլ համատարած խնդիրներից։ Թքած ունեն հասարակութեան կարծիքի վրայ, ինչ կմտածեն, չեն մտածի, քիչ է յուզում։ Կարեւորը՝ իրենց կոմֆորտը տեղը լինի։

Համատարած խնդիրները թողած՝ իրենց սպասարկող աւտոմեքենաների, ճոխութիւնների յետեւից են ընկած՝ թարմացնում են, փոխարինում նորերով ու աւելի յարմարաւէտներով։ Սա՞ էլ երեւի «ժողովրդի սիրուց դրդւած» են անում։

Բիւջէում փող չկայ՝ հազար ու մի խնդիր լուծելու համար, տարեկան մէկ միլիարդ դոլարից աւելի պարտքեր են վերցնում, կարող են տասնեակ-միլիոնաւոր դոլարներ ծախսել նոր ու թանկարժէք ծառայողական մեքենաներ գնելու համար։

Եթէ կառավարութիւնը կարող է իրեն նման ճոխութիւն թոյլ տալ, միւսներն էլ մտածում են՝ ինչո՞ւ իրենք չեն կարող նոյնն անել։ Պատահական չէ, որ միւս պետական մարմիններն էլ յետ չեն մնում կառավարութիւնից։

Օրերս շուրջ 510 մլն. դրամ տւեցին՝ էկոպարեկների համար ամենագնացներ գնելու համար։

Կառավարութիւնը հինգ տասնեակ մեքենայ է գնում, քաղաքապետարանը՝ 2-3 տասնեակ։ Այդ թւում՝ նաեւ թանկարժէք ամենագնացներ։ Միայն քաղաքապետին սպասարկող ծառայողական մեքենայի համար քաղաքային բիւջէից կարող են վճարել շուրջ 33 մլն. դրամ կամ 86.000 դոլար։ Մէկ այլ՝ բարձր դասի մեքենայ գնելու համար էլ՝ 34 միլիոն դրամ։

Քաղաքաքային իշխանութեան տարբեր ռանգի պաշտօնեաներին սպասարկելու համար վերջերս 21 ծառայողական մեքենաներ գնեցին՝ վճարելով 644.000 դոլար։

Հասարակական տրանսպորտի խնդիրները լուծելու, սպասարկման որակը բարելաւելու, աւտոբուսների պարկը համալրելու փոխարէն, ծառայողական աւտոմեքենաների պարկն են թարմացնում, որպէսզի պաշտօնեաներն իրենց նեղութիւն չտան հասարակական տրանսպորտով երթեւեկել ու վայելել դրա ամբողջ հմայքը, յատկապէս՝ առաւօտեան ու երեկոյեան ժամերին, երբ մարդիկ ստիպւած են իրար վրայ լցւած երթեւեկել։

Տիգրան Աւինեանը, ով ժամանակին խոստանում էր էլեկտրական աւտոբուսներ բերել Երեւանի համար, թանկարժէք էլեկտրամեքենայ է գնում իր համար, քաղաքապետարանի միւս պաշտօնեաների համար։ Նրանք էլ, ովքեր անհատական ծառայողական մեքենաներ չունեն, յատուկ ծառայողական աւտոբուսներից են օգտւում՝ առաւօտեան գործի են տանում, գործից տուն են բերում՝ հասարակ մահկանացուներից առանձին։

Մինչդեռ առաջին հերթին հէնց քաղաքապետարանի պաշտօնեաներն ու աշխատողները պէտք է երթեւեկեն հասարակական տրանսպորտով, որպեսզի իրենց մաշկի վրայ զգային այն ամբողջ «ջերմութիւնը», ինչ զգում են սովորական քաղաքացիները՝ հասարակական տրանսպորտով երթեւեկելիս։ Իրենք ծառայողական մեքենաներով են երթեւեկում, ստիպում են, որ քաղաքացիներն օգտւեն հասարակական տրանսպորտից. կայանատեղիներն են թանկացնում, անյարմարութիւններ են ստեղծում, որպէսզի հրաժարւեն սեփական մեքենաներից։

Տիգրան Աւինեանը հաւանաբար մոռացել է, թէ ժամանակին ինչեր էր ասում Նիկոլ Փաշինեանը Երեւանի քաղաքապետարանի այն պաշտօնեաների ու աշխատակիցների մասին, ովքեր պատասխանատու են քաղաքային տրանսպորտի համար։

«Մենք զարմանալի պետութիւն ենք ընդհանրապէս, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչութեան պետին ծառայողական մեքենայ ենք տալիս, ասում ենք՝ գնայ գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մէջ է, մի հատ բացատրէ՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենայ տալիս»,- 2015 թ. ասում էր Նիկոլ Փաշինեանը։

Հիմա, երբ քաղաքապետարանը հարիւրաւոր միլիոն դրամներ է ծախսում, տասնեակ ծառայողական մեքենաներ գնում՝ պաշտօնեաներին սպասարկելու համար, Փաշինեանն այդ մասին այլեւս չի յիշում։ Չի յիշում նաեւ, թէ ինչեր էր ասում «պադաւատապետութեան» մասին։ Կարող են հիմա իրենց թոյլ տալ ոչ միայն «պադաւատներով», այլեւ թանկարժէք «պադաւատներով» երթեւեկել։ Կարող են հարկատուների վճարած գումարների հաշւին, պետութեան սուղ միջոցներից տարեկան միլիոնաւոր դոլարներ յատկացնել նոր ու թանկարժէք ծառայողական մեքենաներ գնելու համար։

Հարիւրին մօտ ծառայողական մեքենաներ կան միայն Երեւանի քաղաքապետարանում։ Կառավարութիւնում ու միւս պետական մարմիններում ծառայողական մեքենաների քանակը հասնում է մի քանի հարիւրի։

Մէկ այլ խնդիր է այդ մեքենաների գնումը։ Իմիտացիա են անում, թէ մրցոյթով են գնում, բայց շատ յաճախ մինչեւ մրցոյթն արդէն ամէն ինչ վճռւած է լինում։ Այնպէս են կազմում տեխնիկական բնութագրերը, որպէսզի դրանք համապատասխանեն իրենց նախընտրած մեքենաներին ու մատակարարներին։

Կոռուպցիան, որ ասում են, հէնց այստեղ է թաքնւած։ Այդ ամէնը հէնց այնպէս չի արւում։ Արւում է փոխադարձ հետաքրքրութիւնների շրջանակներում՝ ես՝ քեզ, դու՝ ինձ սկզբունքով։ Պատահական չէ, որ շատ յաճախ այս մրցոյթներին ընդամէնը մէկ ընկերութիւն է մասնակցում, ու նրա առաջարկը մէկին մէկ բաւարարում է մրցոյթի բոլոր պահանջներին։

Ընդորում՝ սա վերաբերում է ոչ միայն աւտոմեքենաների գնմանը, այլեւ ընդհանրապես բոլոր եւ, յատկապէս, մէկ անձից կատարւող գնումներին, որոնք շարունակում են համատարած լինել։ Նման գնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, բայց միեւնոյն է՝ պետական մարմինները շատ դէպքերում հէնց այդպիսի գնման ընթացակարգն են նախընտրում։ Ու այնպէս է ստացւում, որ նման գնումների պայմանագրերը սովորաբար միշտ նոյն ընկերութիւնների հետ են կնքւում։

Կոռուպցիայի մասին խօսելիս սրա մասին է պէտք մտածել։ Թէ չէ ասում են՝ կոռուպցիան քչացել է, չկայ, վերացել է. եթէ չի բացայայտւում, չի նշանակում, թէ քչացել կամ վերացել է։ Իրենց շուրջը վխտացող կոռուպցիան թողած՝ նախկինների կոռումպացւածութիւնից են խօսում։ Բնականաբար, հետագայում կերեւան այսօրւայ կոռուպցիայի ծաւալները, երբ այլեւս իշխանութեան չեն լինի այսօրւայ չտեսները։ Չնայած այսօր էլ երեւում է։

168.am

Related Articles

Back to top button