Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թքողների քաղաքացիական պայմանագրի անդամն արդարացնում է ադրբեջանի ագրեսիան Արցախի դէմ

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼԵԱՆ

քաղաքագէտ

 

Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած կուսակցութեան բնութագրմամբ թքողների քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան անդամը, ով զբաղեցնում է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պաշտօնը, 2024 թ. հոկտեմբերի 19-ին «Ազատութիւն» ռադիոկայանի հայկական ծառայութեանը տւած հարցազրոյցի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետութեան վրայ յարձակւելու մասին հարցին, մասնաւորաբար, յայտարարել է. «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողութիւն, որի տակ ինքն ունէր առնւազն 3-4 ՄԱԿի բանաձեւ։»:

Մեջբերման վերաբերեալ հարկ է նշել հետեւեալը:

Մեջբերումից պարզւում է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտօնը զբաղեցնողը, փաստօրէն, արդարացնում է Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի յարձակումն ու Արցախի օկուպացիան:  

Ադրբեջանաարցախեան առաջին պատերազմի առնչութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը (այսուհետեւ՝ ԱԽ) 1993 թ. ընդունել է չորս բանաձեւ, որտեղ, մասնաւորաբար, արձանագրել է հետեւեալը.

  • պահանջել է անյապաղ դադարեցնել բոլոր ռազմական եւ թշնամական գործողութիւնները:
  • շահագրգիռ կողմերին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում անյապաղ սկսել բանակցութիւններ կոնֆլիկտի խաղաղ կարգաւորման նպատակով:
  • կոչ է արել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը օգտագործելու իր ազդեցութիւնը, որպէսզի Արցախի հայերը, որպէս կողմ, հետեւեն ԱԽ-ի կողմից ընդունւած բանաձեւերի դրոյթներին եւ ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկութիւնները:
  • կոչ է արել հետեւել միջազգային հումանիտար իրաւունքի նորմերին եւ սկզբունքներին:

Ադրբեջանը ոչ միայն չի հետեւել նշւած պահանջին ու կոչերին, այլեւ նոր գրոհներ է ձեռնարկել Արցախի Հանրապետութեան խաղաղ բնակավայրերի վրայ՝ թիրախաւորելով խաղաղ բնակչութեանն ու քաղաքացիական օբիեկտները: Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի ձեռնարկած յաջող հակագրոհների արդիւնքում Ադրբեջանը ստիպւած է եղել 1994 թ. մայիսի 9-ին ստորագրել հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) անժամկէտ համաձայնագիր, որն ուժի մէջ է մտել մայիսի 12-ին:

ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած չորս բանաձեւերից ոչ մէկն Ադրբեջանին իրաւունք չի վերապահել Արցախի Հանրապետութեան դէմ իրականացնել ագրեսիա եւ ցեղասպանութեան ենթարկել Արցախի Հանրապետութեան քաղաքացիներին:  

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ այդ բանաձեւերից ոչ մէկը չի սահմանափակում ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրաւունքը, որը ճանաչւած եւ պաշտպանւած է այնպիսի միջազգային իրաւական ակտերով, ինչպիսիք են ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, Հելսինկեան եզրափակիչ ակտը, «Միջազգային իրաւունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի 1970 թ. հոկտեմբերի 24-ի հռչակագիրը եւ ինքնորոշման իրաւունքին վերաբերելի միջազգային այլ իրաւական ակտերը:   

Իսկ ինքնորոշման իր հիմնարար իրաւունքն Արցախի հայութիւնն իրացրել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքւէի միջոցով ԽՍՀՄ եւ միջազգային իրաւական ակտերի համաձայն ու այդ ակտերի բծախնդիր պահպանմամբ:

Արցախահայութեան հանդէպ Ադրբեջանի՝ միջազգային մակարդակով փաստագրւած սիստեմատիկ թշնամական վարքագծի առկայութեան պարագայում Հայաստանի բարձրաստիճան պաշտօնատար անձի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի եւ Արցախի օկուպացիայի արդարացումը կարող է վկայել արդարացնողի կամ քաղաքագիտական անգրագիտութեան, կամ, որն աւելի հաւանական է, թուրքադրբեջանական տանդեմի ազդեցութեան գործակալ լինելու իրողութեան մասին:

Related Articles

Back to top button