Ինչ է Արցախը ըստ Նիկոլ Փաշինեանի
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼԵԱՆ
Քաղաքագէտ
2024 թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետութեան 2025 թ. պետական ի նախագծի վերաբերեալ իր ամփոփիչ ելոյթում Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով իր «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտարարութեանը, որը նա հնչեցրել է 2019 թ. օգոստոսի 5-ին Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մասնաւորապէս, ասել է. «2018 թւական, կամ 17 թւական, կամ 16 թւական. Ղարաբաղը ի՞նչ է, Ղարաբաղը անկախ պետութի՞ւն ա, չէ, որովհետեւ անկախ պետութիւնը ունի իրա ատրիբուտը: Մինչեւ հիմա մեր բարեկամներն էլ, ոչ բարեկամներն էլ ասում են՝ եթէ տենց էր, ճանաչէիք: Ընդորում, որ մեզ վերագրւում ա դաւաճանական բան, դրանից առաջ ես պատգամաւոր եմ էղե, էս դահլիճում ընդդիմութեան կողմից մի քանի անգամ նախաձեռնութիւններ ա եղել, որ ճանաչենք: Մենք ասել ենք՝ չէ, Ղարաբաղը անկախ պետութիւն չի: Շատ լաւ, Ղարաբաղը Ադրբեջա՞ն ա, չէ, Ղարաբաղը Ադրբեջան չի, որովհետեւ ով ասէր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է, թէ ինչ բանի կարձագանգէր: Ղարաբաղը Հայաստա՞ն ա, չէ, Ղարաբաղը Հայաստան չի: Լաւ ժողովուրդ, Ղարաբաղը անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, ի՞նչ ա, Ղարաբաղը ի՞նչ ա բա: … Այնուամենայնիւ, ինչ է տեղի ունեցել 2019 թւականին եւ ինչքանով է դա ճիշտ եւ ընդհանրապէս էն քաղաքականութիւնը, որը մենք վարել ենք, կամ լաւ, որը ես վարել եմ, ինչքանով ա ճիշտ եղել էդ քաղաքականութիւնը եւ ինչքանով սխալ: …Եթէ մեր քաղաքականութիւնը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը… եւս ինը ամիս ձգելու տրամաբանութեամբ, ապա մեր վարած քաղաքականութիւնը կարելի է համարել սխալ, եթէ մոռանանք, որ խնդրի ձեւակերպումը ի սկզբանէ արդէն սխալ էր: Եթէ հարցը ձեւակերպում ենք պետութիւնը պահելու շանս ստանալու առումով, ես պիտի ասեմ, որ էն քաղաքականութիւնը, որ մենք վարել ենք եւ վարում ենք ոչ թէ ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարաւոր տարբերակն էր եւ միակ հնարաւոր տարբերակն է էսօր, որ մեզ պետութիւն ունենալու շանս է տալիս»:
Մէջբերւածից պարզւում է, որ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է, թէ պատրաստւում է պարզաբանել իր «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտնի յայտարարութիւնը, սակայն իր հետագայ խօսքում այդպէս էլ չի պարզում յիշեալ յայտարարութեան իմաստն ու բովանդակութիւնը: Փոխարէնը մէջբերւածից յայտնի է դառնում, որ Նիկոլ Փաշինեանը Արցախի Հանրապետութիւնը ճանաչել է օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի կազմում, որպէսզի ստանայ Հայաստանի Հանրապետութիւնը պահելու շանս:
Սակայն, իրականութիւնը ճիշտ հակառակն է: Արցախի Հանրապետութիւնը ճանաչելով Ադրբեջանի կազմում՝ Նիկոլ Փաշինեանը կտրուկ նւազեցրել է աշխարհի քաղաքական քարտէզի վրայ Հայաստանի Հանրապետութեան, որպէս պետութեան, գոյութիւն ունենալու հնարաւորութիւնները: Այս մասին անառարկելիօրէն վկայում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան տարածքից մօտաւորապէս 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիայի փաստը, ինչպէս նաեւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից գրեթէ ամենօրեայ ռեժիմով հնչող ապօրինի ծաւալապաշտական հռետորաբանութիւնը՝ Հայաստանը Արեւմտեան Ադրբեջան համարելու վերաբերեալ:
Մինչդեռ, երբ գոյութիւն ունէր Արցախի Հանրապետութիւնը, Ադրբեջանի խօսոյթում Հայաստանին ուղղւած ծաւալապաշտական ակնարկ անգամ չկար:
Ի դէպ, Արցախի Հանրապետութիւնը օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի կազմում ճանաչելու գնով Հայաստանի Հանրապետութիւնը պահելու շանս ունենալու գաղափարը Նիկոլ Փաշինեանի մօտ նոր չէ: Այն ունի առնւազն 16 տարւայ վաղեմութիւն: Դեռեւս 2008 թ. իր հրատարակած «Երկրի հակառակ կողմը» գրքի 289-290-րդ էջերում Նիկոլ Փաշինեանը, մասնաւորաբար, գրել է. «…ես յիշեցի Աղդամը: Երեխաներս վազվզում են աւերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրայ կանգնած նայում ենք դէպի արեւելք: Սա անսովոր զգացողութիւն է. կանգնած ենք մի հողի վրայ, որտեղ տէր ու տնօրէնը հայ զինւորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում է անսահմանը: …Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի,… ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնւազն պէտք է յայտարարել, բարձր յայտարարել, որ այդ դաշտերը մեզ պէտք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` յանուն խաղաղութեան (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.): …դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսւում»:
Մէջբերւածն անառարկելիօրէն վկայում է այն մասին, որ առնւազն 16 տարիներ առաջ Նիկոլ Փաշինեանը եղել է այն կարծիքին, որ Արցախը պէտք է «վերադարձնել» (ըստ Նիկոլ Փաշինեանի – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանին, որպէսզի հնարաւոր լինի պահել Հայաստանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի «Ղարաբաղը անկախ պետութի՞ւն է, չէ, որովհետեւ անկախ պետութիւնն ունի իր ատրիբուտը» վերոնշեալ յայտարարութեանը, ապա այս մասին էլ հարկ է նշել հետեւեալը:
Արցախի Հանրապետութիւնը, ունենալով իշխանութեան աւանդական ճիւղերը՝ օրէնսդիր, գործադիր եւ դատական, լիարժէքօրէն բաւարարել է մերօրեայ պետութեանը ներկայացւող պահանջներին:
Այսպէս, համաձայն 1933 թ. դեկտեմբերի 26-ին Ուրուգւայի մայրաքաղաք Մոնտեւիդէոյում ընդունւած «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» կոնւենցիայի 1-ին յօդւածի՝ պետութիւնը, որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտ, պէտք է ունենայ հետեւեալ որակները՝ ա) մշտական բնակչութիւն, բ) որոշակի տարածք, գ) կառավարութիւն, դ) այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու կարողութիւն:
Տեսնենք, թէ որքանով է Արցախի Հանրապետութիւնը բաւարարել նշւած որակներին:
ա) մշտական բնակչութիւն
Համաձայն Արցախի Հանրապետութեան ազգային վիճակագրական ծառայութեան հրապարակած տեղեկութեան՝ 2015 թ. դեկտեմբերի 1-ի մարդահամարի տւեալներով Արցախում մշտական բնակչութեան թւաքանակը կազմել է 146.260 մարդ:
բ) որոշակի տարածք
Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքը կազմում է աւելի քան 12.000 քառակուսի կմ: Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած չորս ագրեսիոն պատերազմների (1991 թ., 2016 թ., 2020 թ., 2023 թ.) հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած ամբողջ տարածքը:
գ) կառավարութիւն
Համաձայն Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան՝ Արցախի Հանրապետութիւնն ունի կառավարութիւն: 1991 թ. անկախութեան հռչակումից ի վեր Արցախի Հանրապետութիւնում կազմակերպւել եւ անցկացւել են 6 նախագահական, 7 խորհրդարանական, 9 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ եւ 2 սահմանադրական հանրաքւէ: Չնայած միջազգային չճանաչւածութեանը՝ բոլոր ընտրութիւնների եւ հանրաքւէների ժամանակ ներկայ են եղել նաեւ միջազգային դիտորդական առաքելութիւններ:
դ) այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու կարողութիւն
Սոյն կէտի իրականացման համար առաջնահերթօրէն պէտք է հիմք ընդունել օտարերկրեայ պետութիւնների հետ Արցախի Հանրապետութեան դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը դրանից բխող հետեւանքներով: Այս իմաստով Արցախի Հանրապետութիւնը 1992 թ. ապրիլից սկսած Հայաստանի Հանրապետութիւնում, ինչպէս նաեւ համաշխարհային քաղաքականութեան մէջ քաղաքական եղանակ ստեղծող պետութիւններում, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Աւստրալիայում հիմնել է մշտական ներկայացուցչութիւններ, որոնց թիւը հասնում էր եօթի:
Միջազգային յարաբերութիւնների մէջ մտնելու Արցախի Հանրապետութեան կարողութեան մասին են վկայում նաեւ Հայաստան-Արցախ յարաբերութիւնները, ԱՄՆ-ի կողմից ուղիղ ֆինանսական աջակցութիւնն Արցախին, Արցախի յարաբերութիւնը չճանաչւած կամ մասնակի ճանաչւած այլ պետութիւնների հետ եւ այլն:
Ինչպէս տեսնում ենք, Արցախի Հանրապետութիւնը լիովին բաւարարել է Մոնտեւիդէոյի կոնւենցիայի 1-ին յօդւածի՝ պետութեան, որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտի, իրաւաբանական սահմանմանը:
Իսկ Մոնտեւիդէոյի կոնւենցիայի 3-րդ յօդւածի համաձայն էլ՝ պետութեան քաղաքական գոյութիւնը կախւած չէ այլ պետութիւնների ճանաչումից: Նոյնիսկ նախքան ճանաչումը պետութիւնն իրաւունք ունի պաշտպանելու իր ամբողջականութիւնն ու անկախութիւնը: Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը լիարժէքօրէն ապահովել է Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնն ու անկախութիւնը:
Այսպիսով, հիմնւելով վերոնշեալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրայ կատարւած վերլուծութեան վրայ՝ կարող ենք պնդել, որ ստի, կեղծիքի, տառապանքի, մահւան, դժբախտութեան, հայրենազրկման խորհրդանիշը հերթական անգամ ստել եւ մոլորեցրել է հանրութեանը: