Հայաստանի Հանրապետութեան լուծարման Էրդողան-Ալիեւ ծրագիրը
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ
քաղաքագէտ
Օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2024 թ. յունիսի 6-ին Բաքւում թուրքական պետութիւնների խորհրդարանական վեհաժողովի անդամ-երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ, մասնաւորաբար, յայտարարել է.
. «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մեր կարծիքով, մի քանի հարցեր դեռ բաց են մնում։ Դրանցից մէկը Հայաստանի սահմանադրութիւնն է, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ …անհրաժեշտ է վերջ դնել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի անհիմն տարածքային յաւակնութիւններին։ …քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրութիւնը մնում է անփոփոխ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է: Երբ մենք բարձրացնում ենք այս հարցը, ես դա ասել եմ եւ ուզում եմ նորից ասել, ոչ թէ այն պատճառով, որ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, բացարձակապէս ոչ, այլ դա մեզ է վերաբերում։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել այն դէպքում, երբ նրանք տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ։»:
. «…Մենք արդէն առաջարկել ենք հայկական կողմին, որպէսզի Ադրբեջանը եւ Հայաստանը միասին դիմեն ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար: Դրա անհրաժեշտութիւնը չկայ, այն այժմ չի գործում: Մենք դէ-ֆակտօ թոյլ չենք տայ, որ այն գործի: Ինչ վերաբերում է դէ–իւրէ, ապա իրաւաբանօրէն այն պէտք է լուծարւի եւ դա ցոյց կը տայ, թէ որքան անկեղծ է Հայաստանը: Եթէ Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, ապա դա կը նշանակի, որ նրանց տարածքային յաւակնութիւնները մեր նկատմամբ շարունակւում են:»:
Վերոնշեալը նկատի առնելով՝ հարկ է արձանագրել առնւազն հետեւեալը.
առաջին. թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի միջոցով Հայաստանին ուղղւած իւրաքանչիւր պահանջի (կամ առաջարկութեան անւան տակ ձեւակերպված պահանջի) Հայաստանի կողմից կատարմանը յաջորդել է եւ յաջորդելու է նոր պահանջ, այնքան ժամանակ մինչեւ Հայաստանի Հանրապետութեան վերջնական լուծարում, աշխարհի քաղաքական քարտէզից իսպառ վերացում եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքի բաժանում Թուրքիայի եւ 1918 թ. վերջինիս կողմից ստեղծւած արհեստական կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի միջեւ:
Հետեւաբար, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը նպատակ չունի Հայաստանի հետ ստորագրելու խաղաղութեան պայմանագիր: Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական նպատակն է աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետութիւնը, տիրանալ նրա տարածքին, իսկ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին, յատկապէս ազգութեամբ հայերին, հնարաւորութեան դէպքում ենթարկել ցեղասպանութեան, իսկ դրա անհնարինութեան դէպքում հարկադրել նրանց լքել իրենց բնօրրանը:
երկրորդ. Եւրոպական խորհրդարանն իր 2022 թ. փետրւարի 17-ին եւ նոյն թւականի յունիսի 8-ին ընդունած բանաձեւերով ադրբեջանաարցախեան հակամարտութեան վերաբերեալ, մասնաւորաբար, արձանագրել է.
. «Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է»,
. «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտութեան կարգաւորման միակ միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափը՝ տարածքային ամբողջականութեան, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ հաւասար իրաւունքների եւ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման սկզբունքների հիման վրայ. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին»:
Ինչպէս պարզորոշ երեւում է մէջբերումներից, միջազգային հանրութիւնը չի ճանաչում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան օկուպացիան եւ Արցախի պատկանելութիւնը Ադրբեջանին: Ըստ միջազգային հանրութեան՝ ադրբեջանաարցախեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի միջազգային իրաւունքի տաս հանրայայտ սկզբունքներից չորսի համաձայն, այն է՝ ուժ չկիրառման, հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան:
Հետեւաբար, Հայաստանի Հանրապետութիւնը որեւէ պարագայում չպէտք է գնայ ադրբեջանաարցախեան հակամարտութեան կարգաւորման միակ միջազգային մանդատն ունեցող ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով: