Արարատ Սրբազանը՝ ՍԴՀԿ ատենապետին. «Տպաւորութիւնս է՝ բացակայել էք Եկեղեցու պատմութեան դասերից»
«ԱԼԻՔ» – Արարատ եպիսկոպոս Գալթագճեանը բաց նամակ է հղել ՍԴՀԿ ներկայիս ատենապետ Համբիկ Սարաֆեանին, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Մեծարգոյ պարոն Սարաֆեան,
Երբեք չպիտի ցանկանայի հրապարակային բանավէճի մէջ մտնել Ձեզ հետ, բայց այն, ինչ տեսայ եւ լսեցի օրեր առաջ Հանրային հեռուստաընկերութեան եթերում՝ Պետրոս Ղազարեանի հետ Ձեր հարցազրոյցի ընթացքում, ուղղակի ապշեցրեց ինձ եւ ստիպեց նոյն հրապարակային ձեւով արձագանգել:
Աւելի քան յուսախաբւած եմ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցէին Ձեր հնչեցրած անհիմն մեղադրանքներից ու վերագրումներից: Դժւար էր պատկերացնել, որ Դուք Սուրբ Էջմիածնի մասին մասնաւորաբար կասէիք, թէ. «Մայր Աթոռը ազգը միաւորող կառոյց պէտք է լինի, ոչ թէ իշխանութիւն տենչացող մի խմբաւորման աջակից»:
Տպաւորութիւնս այն է, որ մանկութեան շրջանին բացակայել էք Հայ ժողովրդի եւ Եկեղեցու պատմութեան դասերից, երբ մենք ոգեւորութեամբ սերտում էինք Սուրբ Էջմիածնի միաւորիչ դերի մասին մեր ուսուցիչների ոգեշնչող պատմութիւնները:
Ցանկանում եմ հաւաստիացնել, որ այսօր էլ Եկեղեցու առաքելութեան մէջ ոչինչ չի փոխւել եւ Սուրբ Էջմիածինը շարունակում է իր միաւորող առաքելութիւնը՝ միաւորում եւ համախմբում՝ յանուն հայրենիքի, յանուն պետութեան եւ յանուն հայ ժողովրդի բարoրութեան:
Առաւել մեծ էր անակնկալն ինձ համար, երբ Ձեր շուրթերից լսեցի հետեւեալ խօսքերը. «Մենք, մեր կուսակցութիւնը պայքարել է Հայաստանի ազատագրութեան համար, բայց այսօր իրավիճակն այլ է: Ունենք ներկայ Հայաստան եւ նրա բարօրութիւնը վեր է ամէն ինչից»:
Անտարակոյս, ՍԴՀԿ-ն անմնացորդ նւիրումով իր մեծ բաժինն է ունեցել Հայաստանի Ազատագրութեան Սրբազան պայքարին եւ դեռ շարունակելու է ունենալ անկասկած:
Երբ Նազարբէկեանն իր ընկերներով, Ժնեւում հիմնադրում է ՍԴՀ կուսակցութիւնը, իրենց մտքով անգամ չէր անցնում որ կը գայ մի օր, երբ իրենց իսկ ստեղծած կուսակցութիւնը կունենայ մի ղեկավար-ատենապետ, ով անցեալով կարտայայտւէր կուսակցութեան՝ Հայաստանի Ազատագրութեան պայքարի մասին: ՍԴՀ կուսակցութիւնը երբեք չի ստեղծւել մի ժամանակահատւածի համար:
Երբ կախաղան էին բարձրացնում Հնչակեան 20 անմահներին, նրանցից ոչ մէկը կասկած չունէր, որ իրենցից իւրաքանչիւրը պիտի դառնար ցորենի հատիկ, որոնք ընկնելով պարարտ հողի մէջ՝ իրենց կեանքը զոհաբերելով, ծնունդ պիտի տային մէկի փոխարէն հազարաւորների, որոնք բոլոր ժամանակներում, պիտի պայքարէին Հայաստանի ազատագրութեան համար:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը ոչ թէ «պայքարել է Հայաստանի ազատագրութեան համար» այլ պայքարել է, պայքարում է եւ դեռ պայքարելու է: Այլապէս, եթէ համարենք, թէ «պայքարել է» Հայաստանի ազատագրութեան համար, ապա Ձեր առաքելութիւնը աւարտին է հասել: Փակէք Ձեր դռներն ու անցէք պատմութեան գիրկը:
Հայաստանի ազատագրութեան աւարտը չի որոշւում Հայաստանի՝ անկախ պետականութիւն ունենալով: Ազատագրութեան պայքարը նոր թափ եւ ուղի է ստանում անկախ Հայաստանով: Պէտք է ազատագրել Հայաստանը վաղւայ փորձանքներից ու փորձութիւններից: Պէտք է ազատագրել Հայաստանը վաղւայ հազարաւոր զոհերից: Պէտք է ազատագրել Հայաստանը թշնամու կողմից պետականութեանը հասցւող վնասներից: Պէտք է Հայաստանն ու Պետականութիւնը պահել կատարեալ առողջ վիճակով: Իսկ Դուք, վերոնշեալների համար չէ՞ք ուզում պայքարել:
Պարոն Սարաֆեան, Դուք մասնագիտութեամբ բժիշկ էք, ստուգում էք հիւանդին, յայտնաբերում խնդիրներ, բացատրում խնդիրների պատճառն ու հետեւանքները: Ինձ մօտ տպաւորութիւնն այն է, որ երբ հիւանդը դիմում է հնարաւոր բոլոր միջոցների ու պայքարում հիւանդութիւնից ձերբազատւելու համար՝ խիստ նեղանում էք:
Յաջորդ միտքը, որ շատ գեղեցիկ է հնչում, Ձեր Էջմիածնասեր լինելն է: Այո´, ՍԴՀԿ-ն իր աւելի քան հարիւր տարիների պատմութեան ընթացքում եղել է Սուրբ Էջմիածնի դիրքերի եւ հեղինակութեան պաշտպանը: Այդպիսին էիք նաեւ Դուք, Ձեր կեանքի ինչ-որ ժամանակահատւածում: Սակայն այն վարքագիծը, որը դրսեւորում էք վերջին տարիներին, այլեւս տեղ չի թողնում մտածելու, որ Դուք մեր ճանաչած Համբիկ Տիգրանի Սարաֆեանն էք, այլ նոյն անուն, հայրանուն ու ազգանուն ունեցող մի անձ, ով ոչ թէ պաշտպանն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հեղինակութեան, այլ զինւած է այլ գաղափարախօսութեամբ:
Պարոն Սարաֆեան, ինչպէս ասում են՝ համեստ լինելը լաւ բան է: Դուք ապրում էք մի երկրում, որտեղ կան տասնեակ հայկական կազմակերպութիւններ, որոնք բոլորն էլ պայքարում են հայ մնալու համար: Պէտք է նկատած լինէիք, որ այդ կազմակերպութիւնների մէջ ամենամեծը (առանց որեւէ մէկին նւաստացնելու) Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է, ով կարող է հանդէս գալ Սփիւռքը ներկայացնելու ամենալեգիտիմ մանդատով: Հետեւաբար, պէտք է զուսպ լինել եւ չփորձել ներկայանալ որպէս Սփիւռքի ինքնահռչակ վարչապետ:
Եւ վերջում՝
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գմբէթից
Դար է եկել ու վայրկեանի պէս անցել
Հիմի էլ հերթը քոնն է. նայիր նրան ու…
Յ. Գ. – Պարոն Սարաֆեան, եթէ Աստւած աւելի երկար կեանք պարգեւեր բազմավաստակ ու նւիրեալ Հնչակեան կուսակցութեան մարտիկներից՝ Ձեր հանգուցեալ հայրիկին՝ Տիգրան Սարաֆեանին եւ հետեւեր Ձեր հարցազրոյցին, վերջում Ձեզ հարցնելու էր. «Տղաս, այս ինչե՞ր ես խօսում»:
Արարատ եպիսկոպոս Գալթագճեան
Սուրբ Էջմիածին 07.06.2024 թ.»։