«Երանի հայրենի հողում, հողի քնով քնած երջանիկներին, երիցս երանի: Այն ժամ պիտի հանգչեմ եւ ես… Երբ հայոց աշխարհի երեք հսկաները,
ՄԱՍԻՍ, ՆԵՄՐՈՒԹ ԵՒ ՍԻՓԱՆ
Իրար ձայն տան, կանչեն ցնծագին… Հէ՜յ… հէ՜յ… Էլի հայ ունենք, էլի հայ, էլի Հայաստան ունենք, էլի հայ ունենք, էլի Հայաստան ունենք…
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«Եւ Սարդարապատի հերոսամարտը շարունակւում է իր գաղափարի անմահ, սուրբ հէնքով: Շարունակւում է մեր այսօրւայ կեանքում, մեր աշխատանքում, մեր տառապանքում: Մենք տեսանք նրա փայլատակումը ողջ Հայաստանում… Եւ Սարդարապատի մեծ գոյամարտում, լինել-չլինելու ա՛յդ արնոտ հանգոյցում, բոլոր հայորդիները մէկ հոգի դարձած, մէկ պատգամ բերող, միասնական ոգի դարձած, մեզ ոգում են ճիշտ կանգնել քաջերի երթում աննահանջ՝ յաւերժ հայ մնալ, յաւերժ ՀԱՅԱՍՏԱՆ»:
1918 թւականի Մայիսեան յաղթանակի 106-րդ տարեդարձը նշւեց, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Յ. Թումանեան» դահլիճում, 2024 թ. մայիսի 30-ին: Միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանի, թեմական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայցուցիչները, միութենականներ եւ հրաւիրեալ անձինք:
Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ «Մեր Հայրենիք» հիմներգով: Միջոցառման բացման խօսքը միութեան անունից ներկայացրեց Հայրիկ Աղանեանը: Նա հակիրճ տողերով ներկայացրեց մայիսեան պատմականը, ընդգծելով հետեւեալը. «Հերոսական պատմութիւն ունեցող ժողովրդի զաւակները իրաւունք չունեն անտարբեր մնալ ժողովրդի ճակատագրի հանդէպ: Մայիս եւ յաղթանակ: Այս երկու բառերը հայի մտապատկերում վաղուց են նոյնացել: Մայիս ամսին են եղել մեր ազգի մեծագոյն յաղթանակները՝ Աւարայրից մինչեւ Շուշի: Սակայն, դրանց մէջ մեծագոյնը, թերեւս, Սարդարապատի հերոսամարտն է: Յաղթանակ, որի շնորհիւ հայութիւնը փրկւեց իսպառ բնաջնջումից: Յաղթանակ, որի շնորհիւ՝ դրւեցին հայոց անկախ Առաջին Հանրապետութեան հիմքերը: Պարտաւոր ենք յիշել, արժեւորել ու նշել ա՛յդ յաղթանակի խորհուրդը՝ ազգովի»:
Բացման խօսքից յետոյ բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս Պ.գ.թ. Դերենիկ Մելիքեանը: Բանախօսը համապարփակ գծերով ներկայացրեց մայիսեան յաղթանակին յանգեցրած իրադարձութիւնները, Հայաստանի Առաջին Հանրապետութեան անժխտելի դերը՝ հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի պահպանման գործում:
Բանախօսը նաեւ անդրադառնալով Հայաստանեան ներկայ իրադարձութիւններին, մատնանշեց Հայաստանի եւ Հայ ժողովրդի առջեւ նորօրեայ մարտահրաւէրները, որոնք անխուսափելիօրէն ողջ հայութիւնը պէտք է դիմագրաւի եւ յաղթականօրէն յաղթահարի:
Պրն. Մելիքեանը նաեւ մէջբերումներ կատարեց Մայիսեան յաղթանակի կարեւոր դէպքերից եւ հրատարակւած նիւթերից:
Այնուհետեւ ծրագիրը շարունակւեց գեղարւեստական կատարումներով՝ միութեան երգչախմբի մեներգիչների կատարմամբ եւ ասմունքով ըստ հտեւեալի՝
Ասմունք՝ «Մենք» հեղինակ՝ Ժաք Յակոբեան Ասմունքեց՝ Լորեթա Ղեւոնդեանը
Մեներգիչներ՝ Առլէթ Արամեան «Իմ Երեւան», Այլին Իսայեան «Արագիլ», Նորիկ Աբրահամեան «Մասիս», Էմիլի Ինջիլեան «Եղէգ», Ֆրեդ Մաւաթեան «Ազգ Փառապանծ», Եօլանդա Մինայեան «Մայր իմ բարի»
Օրւայ հաղորդավարն էր Հայրիկ Աղանեանը, որը ծրագրի ընթացքում եւ պարբերաբար իր ազգային, հայրենասիրական եւ Արցախեան պայքարին առնչւող ոգեշունչ խօսքերով աւելի եռանդ ու ոգի պարգեւեց ներկաներին: Հանդիսութիւնը եզրափակւեց ընդունելութեամբ:
Հ. Ուս. «Չհարմահալ» միութիւն