
Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մարզա-մշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, շաբաթ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյեան, նոյն միութեան հանդիսութիւնների սարհում տեղի ունեցաւ իրանահայ տարազների ցուցադրութեան միջոցառումը, ուր արդիական եւ նորովի միջոցներով, ինչպէս նաեւ գոյների եւ նախշերի գեղեցիկ համադրութեան ներքոյ մատուցւեց մեր ժողովրդի մշակութային դարաւոր ժառանգութիւնը։
Երեկոյի բացման խօսքով հանդէս եկաւ Մշակութային միաւորի վարչութեան եւ նոյն միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի անդամ Նազէ Ասատրեանը. բացման խօսքում ընդգծւած էր. «Իրանահայութեան մշակութային կեանքին նւիրւած այս ցուցահանդէսը արւեստի նմուշների եւ ստեղծագործութիւնների ցուցադրութիւն չէ, այլ փորձ է մէկ վայրում համախմբելու իրանահայութեան մշակութային կեանքի տարբեր դրսեւորումները եւ պատմելու սփիւռքի այս հատւածի պատմութեան ձեւաւորման ու ժամանակի սերունդների ու միջավայրերի մշակութային փոխազդեցութեան մասին. այդու ցուցահնդէսը կարելի է դիտել որպէս մշակութային երկխօսութիւն՝ անցեալի եւ ներկայի, հայրենիքի եւ սփիւռքի, անհատի եւ համայնքի միջեւ»:
Այնուհետեւ երեկոյի շարունակութեան մէջ հաղորդավարութեամբ հանդէս եկան «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Էմիլի Նաւասարդեանը, Վանէ Յովսէփեանը եւ Արթուր Քամարզարեանը, ովքեր անդրադարձ ունեցան՝ Իրանի տարբեր հայկական համայնքների առանձնայատկութիւններին` կենցաղի, արհեստի ու արւեստի ուղղութիւններով եւ յատկապէս նշեցին երկրի պատմութեան մէջ մեր նախնիների ունեցած աչքառու դերակատարութիւնը: Այս բաժնում իւրաքանչիւր համայնքի մասին տեղեկութեանը յաջորդում էր էկրանի վրայ պատկան տարազների ցուցադրութիւնը։ Մշակութային միաւորի վարչութիւնը այս տեսանիւթերի շարանը պատրաստել էր արհեստական բանականութեան միջոցով, որը մեծ ուշադրութեան արժանացաւ հանդիսատեսի կողմից։ Տեսանիւթի հիմքը հանդիսացել էին սրանից շուրջ 43 տարի առաջ, նոյն բեմում իրականացւած տարազահանդէսի լուսանկարները։ Այս բաժնի տարազները պատկանում էին՝ Ղարադաղի, Սալմաստի, Թաւրիզի եւ Մարաղայի շրջաններին։
Այնուհետեւ հերթն հասաւ Նոր Ջուղային. այս բաժնում նախ ցուցադրւեց համայնքի ձեւաւորման պատմութիւնից դրւագներ։ Գաղթի դժւարին ճամբան անցած հայորդիներից սկսած մինչեւ Նոր Ջուղայի կերտումն ու փայլուն ժամանակաշրջանը պատկերող արհեստական բանականութեամբ ստեղծւած ֆիլմի հեղինակն էր Նարէ Մարկոսեանը։
Յաջորդ բաժնում դարձեալ շարունակւեց տարազների ցուցադրութիւնը. այս անգամ ներկայացնելով՝ Նոր Ջուղայի եւ Փերիայի ու Չհարմահալի շրջանների աւանդական հագուստները՝ սկսած 17-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկիզբը։ Տարազների շարանում աչքի էին ընկնում՝ վերնախաւին, ինչպէս նաեւ հասարակ ժողովրդին պատկանող հագուստներ ու զարդեր։
Տարազահանդէսի բաժինն աւարտւեց էկրանի վրայ 20-րդ դարի 20-ից 30-ական թւականների Նոր Ջուղայի հայուհու տարազի ցուցադրութեամբ, որից յետոյ կարծես թէ պաստառի վրայի հայուհին մարմին առաւ, նոյն զգեստը կրող մոդելի՝ Ալենուշ Թորոսեանի բեմ մուտք գործելով, ինչը խորապէս հիացրեց ներկաներին։
Յատկանշելի է, որ ցուցադրման սցենարը կազմւել էր երեկոյի գեղարւեստական ղեկավարներ՝ Ռիմա Սիմոնեանի ու Կարին Տէր-Մարտիրոսեանի միջոցով, երջանկայիշատակ Խաժակ Տէր-Գրիգորեանի հաղինակած տարազներին առնչւող բնագրի հիմամբ։
Այս ծրագրին զուգահեռ, սրահի մի այլ բաժնում ցուցադրւել էին՝ տարազների լուսանկարներ, տարազաւորւած տիկնիկներ, զարդեղէն ու ձեռարւեստի նմուշներ։ Լուսանկարները տրամադրել էր Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնութիւնը, տարազւորւած տիկնիկների պատրաստման աշխատանքը իրականացրել էր արւեստագէտ-դերձակ Սիլւա Խոսրովեանը, Այիդա Այդինեանի հովանաւորութեամբ, իսկ զարդեղէնի եւ ձեռարւեստի նմուշների բաժնում ցուցադրւած իրերը տրամադրել էին համայնքի անդամներ՝ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Ժերմէն Մինասեանը, Սիլւա Խոսրովեանն ու Ժանետ Սիմոնեանը։
Մշակութային այս երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների, շրջանիս Հայ Դատի յանձնախմբի, հայոց դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչներ, կազմակերպիչ միութեան Կենտ. վարչութիւնն ու ժողովուրդ։
Երեկոն գեղեցկօրէն եզրափակւեց միութեան շրջափակում Տեսիրլ Գալստանեանի հայկական պարը բնութագրող խօսքով եւ Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի «Մէկ Արարատ, մէկ ուղի» նշանաբանի ներքոյ շրջպարով, պարուսոյց Քաթրին Թորոսեանի ղեկավարութեամբ։ Շրջպարին միացան նաեւ ներկաները։
Թղթակից (Նոր Ջուղա)









