ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի Մշակոյթի շաբաթւայ ծրագրերը

Հայ Օգնութեան Միութեան Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, իր տարեկան աշխատանքների շարանում, 13 եւ 14 հոկտեմբերի 2026 թւականին, Մշակոյթի Շաբաթւայ առիթով կազմակերպեց յատուկ յայտագրեր:
13 Հոկտեմբերի երեկոյեան, «Արամ Մանուկեան» սրահում տրւեց թէյասեղան, որի ընթացքում ներկաներին մատուցւեց գեղարւեստական կոկիկ յայտագիր:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՕՄ-ի տեղի մասնաճիւղի ատենապետուհի Լալա Ֆարհադեանը: Բարի գալուստ մաղթելուց յետոյ, նա անդրադարձաւ հայ մշակոյթի արժանիքներին, որոնց գլխաւոր, հայ տառերի գիւտարար՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործունէութեանը: Լալա Ֆարհադեանը իր խօսքում յատկապէս շնորհաւորեց սրահում գտնւող բոլոր ուսուցիչ-ուսուցչուհիներին, հանգստի կոչւած թէ դեռեւս գործող, լաւագոյն բարեմաղթանքներ ներկայացնելով նրանց:
Լինէթ Մեջլումեանը բեմ բարձրանալով, օրւայ ծրագրի հերթականութիւնը ներկայացրեց, անդրադարձաւ ծրագրի տարեկան գործադրութեան խորը իմաստին, ինչպէս նաեւ ժողովրդականութեանը: Լինէթ Մեջլումեանը ներկայացրեց նաեւ օրւայ դասախօսական եւ գեղարւեստական բաժինները ներկայացնող անձերը, եւ հերթաբար բեմ հրաւիրեց նրանց:
«Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանը ներկայացրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կեանքն ու գործունէութիւնը, յատկապէս հրաշալի Այբուբենի գիւտն ու գրականութեան տարածման ընթացքը:
«Նայիրի» կրթարանի երեխաների համաչափ ու աշխոյժ երաժշտութեամբ հնչեցին երկու խմբերգներ, որոնք Հայ Մշակոյթի փառքն էին պատմում:
Հայ գիր ու գրականութեան նւիրւած ասմունքով հանդիսականներին ներկայացաւ Նարինէ Մեջլումեանը, որը ապրումով մեծարեց հայ գրերի գիւտն ու հայ մշակոյթը, որոնք փառքով պիտի փոխանցել նոր սերունդներին:
Գեղարւեստական բաժնի ընթացքում ելոյթ ունեցաւ Ազգային «Մասիհա» դպրոցի աշակերտուհի Աննա Մարիա Իւնանեանը: Նա իր քաղցր, եւ ձայնամարզութեան հետեւող ուսանողուհու ձայնով կատարեց «Գետաշէն»-ը եւ «Կիլիկիա»-ն:
Երկրորդ ելոյթ ունեցողն էր ՀՕՄ-ի անդամուհի Նարինէ Բարբառեանը, որը իր թովիչ ձայնով կատարեց մայրերի մասին երգ, իսկ վերջինը երգողը՝ Վարդիթեր Սարհադեանը:
Օրւայ գնահատման եւ անցեալով ու ներկայով պարծենալու պահը ստեղծւեց, երբ ատենապետուհի Լալա Ֆարհադեանը հրաւիրեց սրահում գտնւող բոլոր ուսուցչուհիներին, հանգստեան կոչւած, ինչպէս նաեւ այժմ գործողներին, եւ ծաղիկներով պատւեց նրանց: Իսկ ՀՕՄ-ի վարչութիւնը, յատուկ ծաղիկով պատւեց ատենապետուհի Լալա Ֆարհադեանին, որը երկար տարիներ ուսուցչութեան պաշտօն էր վարել Ատրպատականում:
Հանդիսութեան ողջ տեւողութեան, բոլոր ներկաները հիւրասիրւեցին աղանդերով եւ քաղցրաւենիքներով, մտերմիկ ազգային ու մշակութային մթնոլորտը միասնաբար վայելելով:
Յաջորդ օրը, 14 հոկտեմբերի առաւօտեան ժամը 11:00-ին, ՀՕՄ-ի վարչական կազմը գլխաւորութեամբ ատենապետուհի Լալա Ֆարհադեանի, Հայ Մշակոյթի տօնի եւ Հայ Ուսուցչաց յարգանքի շրջագծում, պաշտօնական այցելութեամբ ժամանեց Ուրմիոյ հայոց «Մասիհա» դպրոցը:
Վարչութեանը իր տեսչարանում ընդունեց տեսչուհի՝ Ադրինէ Մեջլումեանը: Ատենապետուհին շնորհաւորական խօսքով փոխանցեց ՀՕՄ-ի վարչութեան եւ ամբողջ համայնքի ուրախութիւնը, որ Ատրպատականի Արեւմտեան մասում՝ Ուրմիայում ամէն օր հնչում է հայոց դպրոցի զանգը, եւ շրջանի աշակերտութիւնը սովորում է մայրենի լեզուն, ու դաստիարակւում ազգային շնչով:
Տեսչուհին, հայ ուսուցչական կազմի անունից շնորհակալութիւն յայտնեց ՀՕՄ-ի վարչութեանը, որը ամէն տարի մասնաւոր ուշադրութեամբ իր յարգանքն է ընծայում հայոց լեզուն ու մշակոյթը փոխանցող ուսուցչական կազմին:
Այս առիթով, մասնաւոր ծաղկեփնջով պատւեցին տեսչուհին, եւ ուսուցչական կազմի անդամները:
* * *
Աւարտելով Ազգային «Մասիհա» դպրոցում իր այցելութիւնը, ՀՕՄ-ի վարչութիւնը ժամանեց «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարան:
Իրենց ամէնօրեայ գործունէական հարազատ վայրում, Վարչութեան անդամուհիները ընկերային հարազատ միջավայրում եղան երեխաների հետ, որոնք ամէն օր հանդիպում են նրանց, ու վայելում մայրական սէրն ու հոգածութիւնը:
Այս առիթով, Վարչականները ողջունեցին ուսուցչական կազմի անդամուհիներին՝ դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանին, ուսուցչուհիներ՝ Ռուզան Մուրադեան եւ Նարինէ Մեջլումեանի ծառայական ամէնօրեայ մօտեցումը, հոգատարութեան եւ հայեցի դաստիարակութեան նւիրեալ աշխատանքի համար: Վարչութիւնը բանկային յատուկ քարտերով քաջալերական նւէրներ յանձնեց նրանց:













