
«Մոգերը ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը,
առանց Հերովդէսի հանդիպելու…»:
Մտ 2.12
Մեր Տիրոջ եւ Փրկչի Յիսուսի Ծննդեան սուրբ իրողութիւնը, աստւածային, երկնային ու սրբազան դասաւորմամբ վեր է մարդկային բոլոր տեսակի իմացութիւններից, մինչեւ իսկ ներկայ առաջընթաց գիտութեամբ մանրազննւող խոշորացուցային հայեացքից:
Մարդկային հետաքրքրութիւնը, Բեթղեհէմի սուրբ ծննդեան ընթացքի շուրջ միշտ է ծաւալւել: Իրարից տարբեր կրօնների հետեւորդներից սկսեալ, մինչեւ որոշ թերահաւատ քրիստոնեաներ, կասկածանքով են կարդում աւետարանի համապատասխան հատւածները, որտեղ Յիսուսի սուրբ ծնունդն է ներկայացւում, երկնային աննման զօրութեամբ:
Մատթէոս աւետարանիչը եբրայեցի ժողովրդին ներկայացնելով ծննդեան դրւագը, պատմում է երկնքի արեւելեան կողմում աստղ նշմարած այն մոգերի մասին, որոնք իրենց բարձրաստիճան հանգամանքով, ու աստղաբաշխական գիտութեամբ մօտենում են Հերովդէս արքային, եւ ճառախօսում այն աստղի մասին, որի ուղղութեանն էին հետեւել:
Երկնային տարրերի անհաշիւ մեծամասնութիւնը, իրենց հեռաւոր խորհրդաւորութեամբ եւ բազմամիլիոն տարիների գոյութեամբ, մինչեւ այսօր դեռեւս ենթադրական ծանօթութեամբ տեսանելի են առաջադէմ գիտութեան…: Անսահման տիեզերքի մասին մոգերը եւս խորհրդապաշտական մօտեցումով էին արտայայտւում, գէթ յարգալից լինելով իրենց մարդկային սահմանափակ գիտութիւնից անչափ հզօր զօրութիւնների նկատմամբ: Երկնային գիսաւոր աստղը, որի ուղղութեանը հետեւեցին մոգերը, առաջնորդեց նրանց մինչեւ Բեթղեհէմ, այն այրը՝ որտեղ ծնւեց մեր Փրկիչը՝ Յիսուս:
Մարդկային ինքնագով համարձակութիւնը, որը հազիւ նւաճում է կեանքի ամենապարզ յաջողութիւնը կամ դիրքը, մրցակցութեան անմիջական քայլեր է վերցնում ո՛չ միայն իր նմանների, այլեւ շնորհաբաշխ Աստծու դէմ…:
Սուրբծննդեան դրւագի ընթերցումը, մեծագոյն յոյսն է ներշնչում մարդ էակի այս աշխարհի դժւարութիւններից փրկութեան, եւ ազատութեան հասնելու: Այլապէս ինչպէ՞ս էր մարդը դուրս գալու երկրաւոր կեանքի կալանաւոր իրավիճակից: Աշխարհի բոլոր կրօնները, հին ու նոր, չէին կարողացել գծել այն ուղին, որի հետեւողականութեամբ մարդ էակը կարող լինէր հասնել փրկութեան ափին:
Ողբերգութիւնը սկիզբ է առնում սակայն այն պահին, երբ իրենց ինքնութեան անմակարդակ եւ զուտ աշխարհային հոգսերում ամփոփւած Հերովդէսներ են յայտնւում մարդկանց կեանքի շրջապատում, Աստծու դէմ պայքարելու սին ու մեծամիտ որոշմամբ:
Հերովդէսի նկարագրով սնափառների շատ կարող էք հանդիպել ներկայ ժամանակներում, հակառակ գիտութեան այնքան զարգացում արձանագրած մեր օրերին, երբ աշխարհը հպարտանում է իր գիտական առաջադիմութեամբ:
Մոգերին խաբելու, եւ նրանց աստեղային գիտութիւնից մի բան գողանալու միամտութեամբ շարժւող Հերովդէսը, չիմացաւ որ երկնային ուժերի հետ թատերական խաղերի ծրագրաւորումը անծանօթ չի՛ կարող մնալ աստւածային գիտութեան: Աշխարհաստեղծ եւ մարդաստեղծ Աստծու դէմ պայքարելու նրա ձգտումը, աշխարհի ամէնից աւելի անխելք մարդու կերպարն է կերտում յաջորդող բոլոր ժամանակների համար: Հաւանաբար Հերովդէսի որդին՝ Արքեղայոսը, հետագայում ինչքան ծիծաղեց իր հօր կատարած անմտութեան վրայ…:
Մատթէոսի աւետարանում նշւած Հերովդէսը, որը փորձում էր խաբել մոգերին, երբ իմացաւ նրանց լուռ հեռանալը իր երկրից, մեծապէս զայրացաւ, նրանցից խաբւած լինելու դառնութեամբ: Աշխարհական ղեկավարի ոխակալութիւնը վտանգաւոր քայլերի է առաջնորդում նրան, երբ մանաւանդ շահագործում է նա իր դիրքը:
Հերովդէսը, որը երեխաներ եւ հարազատներ ունէր, բարոյական ճնշում բնա՛ւ չզգաց…: Մի անգութ հրովարտակով, նա սպանել տւեց Բեթղեհէմի բոլոր երեխաներին, նորածիններից մինչեւ երկու տարեկաններին: Մի դէպք, որի մասին Երեմիա մարգարէն գուշակել էր արդէն (Եր 31.15): Նորածին Յիսուսը աստւածային միջամտութեամբ փրկւեց սակայն, խնամատար ծնողների միջոցով դէպի Եգիպտոս հեռացւելով:
Երկրի ուժական ղեկավարների ինքնութեան հպարտութիւնը չի թոյլատրում հաւատալ երկնային ոյժի հարւածային միջամտութեանը, մինչեւ այն օրը, երբ ցուցական ծնրադրումի փոխարէն, երկնային գաւազանի ուժեղ հարւածների ենթարկւելով, իրօք ծունկի գան Աստծու սուրբ խորանի առջեւ…: Հերովդէսի աճիւնը կա՞յ արդեօք մի տեղ թաղւած, որի գերեզմանին գնային աշխարհի բոլոր սգակիր մայրերը, իրենց նահատակ զաւակների մահւան անէծքը թափելու…: Երանի՜ թէ մնացած լինէր այն. սակայն Բեթղեհէմի հազարաւոր երեխաների ծնողների անէծքը դեռեւս լսւում է Աստւածաշնչի էջերից. «Մի գոյժ լսւեց Ռամայում, ողբ, հեծեծանք եւ լացուկոծ դառնագին» (հմմտ Մտ 2.18): Նոյնը չէ՞ արդեօք հայ մայրերի անդադրում կարօտալի լացը, իրենց նահատակ զաւակների համար…: Նոյնը չէ՞ արդեօք իրենց զաւակների դիակները վերջին անգամ համբուրող Գազայի մայրերի ողբն ու կոծը, բռնագրաւեալ Պաղեստինում…: Դեռեւս հպարտանում ենք առաջադէմ ու զարգացած աշխարհի մարդկութեամբ, որի հպարտութիւնը, առաւել հզօր, ու չափազանց կործանարար զէնք արտադրելու սնամտութեամբ բարձր է գնահատւում…:
Այսօր, Հերովէսի փոխարէն նոր անուններով յայտնւած ղեկավարներ, նրա մէջքից քաշած արիւնածածկ թուրը, ժամանակաւոր քաղաքական հարցերի լուծման համար եկեղեցի, ազգ ու հայրենիք զոհասեղանին դրած, մանրում են դրանք թշնամու սեղանին տեղադրելու, իբրեւ համեղաճաշակ խորոված:
Հերովդէսի վախճանը շուտով է յիշւում աւետարանի տողերով. «Ե՛լ, ա՛ռ մանուկն ու նրա մայրը եւ վերադարձիր…որովհետեւ մանուկը սպանել ուզողները մեռան» (հմմտ Մտ. 2.19): Նոյն ձայնը շուտով է լսւելու նաեւ ներկայ ժամանակներում, որովհետեւ երկրաւոր «արդարութիւն»-ը կեղծիքի սահմաններում խեղդւած, ինքնահաճ եւ սեփական շահերի համար փայտաշէն մուրճի հարւածով որոշում է կայացնում մարդկային դատարաններում, սակայն երկնային Արդարութիւնը իր երկաթեայ մուրճը ուղղակի անարդարութեան գլխին է խփելու շուտով, եւ այն էլ՝ անդառնալի հարւածով:
Երեք մոգերը, որոնցից մէկը Հրէաստանից վերադարձի ճանապարհին, Ատրպատականի մեր թեմի Ուրմիա քաղաքում է մահացել, եւ նրա գերեզմանը մինչեւ այսօր ուխտավայր է համայն քրիստոնէութեան, բոլորիս խրատում են հեռու մնալ եւ զգուշանալ կրօնադաւ Հերովդէսից, ու հաւատքի զօրութեամբ պաշտպանել մեր սուրբ եկեղեցին, ու նրա նւիրեալ ծառաներին:
Յիսուսի Սուրբ Ծնունդը թող առաւել եւս ամրապնդի մեր հաւատքը եւ զօրացնի քրիստոնեայի ծառայական մեր կեանքը, ի խնդիր մեր եկեղեցու անսասանութեանն, ու մեր հայրենիքի յաւերժութեանը:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ
Աղօթաձայն Օրհնութեամբ՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Տօն Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան
4 յունւարի, 2026
Ազգային առաջնորդարան – Թաւրիզ



