![](/wp-content/uploads/2025/02/203345-780x470.jpg)
Թեհրանի հայկական համայնքում աւելի քան 29 տարի է ինչ հայկական եւ միջազգային պարերի ուսուցանման առումով իր անժխտելի դերն է ունեցել Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ պարի դպրոցը», որի սաները թւականիս փետրւարի 6-ին եւ 7-ին հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի՝ «Կոմիտաս» դահլիճում:
«Արարատ» պարախմբի աւագ ուսուցիչն է՝ Լինէթ Սարգսեանը, ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեանը եւ օգնականներ՝ Նարէ Մնացականեանը եւ Նարէ Տէր-Մկրտչեանը:
Փետրւարի 7-ի միջոցառմանը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան վարչութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Մեղրի Սարխոշեանը:
Իր խօսքի մէջ նա նշեց. «Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան վարչութիւնը, պարի յանձնախմբի եւ ուսուցչական կազմի հետ միասնաբար ձեռնարկել է 2025 թւականի պարի ելոյթը:
«Արարատ» պարի դպրոցը տարիքային բաժանումներով եւ փորձառութեամբ բաղկացած է հինգ դասարաններից որոնց փորձերը կայանում են շաբաթական երկու պահ «Արարատ» մարզաւանում:
Պարախումբը, որը ի սկզբանէ հիմնւել է մասնագիտական հիմքերի վրայ, իր առաջին քայլերը սկսեց ՀՀ պարի պետական անսամբլի մենակատար՝ Ժոռա Դիլանեանի ղեկավարութեամբ, իսկ քանի տարի անց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հրաւէրով «Արարատ» պարի դպրոցի, գեղարւեստական ղեկավարի հանգամանքը ստանձնեց ՀՀ պարի պետական անսամբլի նախկին մենապարուհի, «Բարեկամութիւն» համոյթի տարիների փորձավար եւ ՀՀ վաստակաւոր արտիստ՝ Կարինէ Ղազարեանը, որը խմբի հետ աշխատեց 6 տարի, իսկ յաջորդ տարիներում պարի դպրոցը իր մօտ հիւրընկալել է հայրենիքի պարարւեստի վաստակաւոր արտիստների եւ արւեստի անւանի գործիչների ինչպէս՝ Գագիկ Կարապետեանին, Վանուշ Խանամիրեանին, Քրիստինէ Յովակիմեանին, Ռուդոլֆ Խառատեանին, Սրբուհի Բաբայեանին, Յակոբ Մարգարեանին եւ Զոհրաբ Բակալեանին, որոնց կատարած բեմադրութիւնները աւելի գունեղ ու հարուստ են դարձրել խմբի պարերի ցանկը:
Պարախումբը նաեւ ներկայացրել է իրանահայ անւանի արւեստագէտ Աւագ Աբրահամեանի բեմադրութիւնները եւ վայելել նրա ոգեշնչող ներկայութիւնը:
«Արարատ» պարախմբի զարգացման աշխատանքում իր անգնահատելի ներդրումն է ունեցել Անահիտ Աւետեանը, որը աւելի քան 20 տարի սիրայօժար աշխատել է խմբի հետ թէ՛ որպէս բեմադրիչ, եւ թէ՛ որպէս աւագ ուսուցիչ»:
Նա այսպէս շարունակեց. «29 տարիների ընթացքում պարի դպրոցը ելնելով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան առաքելութիւնից եւ Արւեստից միութեան ուղեգծի համաձայն յաջողել է դաստիարակել ու կրթել պարի ուսուցիչներ նոյն դպրոցի աշակերտների միջից, որոնք սովորելով տարբեր մասնագէտների կողմից տրւած ցուցումները այսօր ղեկավարում են «Արարատ» պարի դպրոցը, փոխանցելով իրենց սերտած գիտելիքները պարի դպրոցի մանուկ պատանիներին:
Այսօրւայ ելոյթին խումբը հանդէս է գալիս տարբեր ժամանակաշրջաններում պարախմբի հետ համագործակցած պարուսոյցների տարբեր ոճերի բեմադրութիւններով:
Այս մասնագիտական աշխատանքի կողքին, որը մասնաւորապէս ծանրացած է պարուսոյցների ուսերին ակտիւօրէն աշխատել են պարի յանձնախուբը եւ մեծ թւով ծնողներ, օժանդակելով ի մի բերել նախապատրաստական բոլոր աշխատանքները: Երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցչական կազմին յանձինս՝ Լինէթ Սարգսեանի, Ալմարա Շամիրեանի եւ փորձավարներ՝ Նարէ Մնացականեանի եւ Նաէր Տէր-Մկրտչեանի իրենց կատարած աշխատանքի ու ներդրման համար»:
Բացման խօսքին յաջորդեց սաների իրարայաջորդ 18 կատարումները: Ելոյթը մեկնարկեց. «Վարդագոյն աղջիկներ» պարով, եւ աւարտւեց «Տարօն» պարով, որի ընթացքում հանդիսատեսը ականատեսը եղաւ հայկական ու միջազգային պարերի, որոնք հանդիսատեսի ջերմ ողջոյններին էին արժանանում:
Ելոյթին ներկայ էին «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Իրանի Իսլ. խորհրդարաում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք.Սարգսեանի օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Յովսէփ Աւետեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, ազգային մարմինների, միութիւնների ու հաստատութիւնների ներկայացուցիչներ, արւեստագէտներ եւ մեծ թւով հանդիսատեսներ:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ