Թեհրանի հայոց թեմում շարունակւում են Թարգմանչաց տօնին նւիրւած միջոցառումները եւ միութիւնների յարկերի տակ կազմակերպւած գեղարւեստական-բանախօսական երեկոներով, հանրութեանն է ներկայացւում հայ մշակոյթի բազմազան ոլորտները:
Այս շարանում, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի միջոցով, հոկտեմբերի 18-ին երեկոյեան միութեան «Արցախ» սրահում կազմակերպւել էր գեղարւեստական-բանախօսական յայտագրով յագեցած միջոցառում: Տէրունական աղօթքով մեկնարկած ծրագրի բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Լիլիթ Բարսեղեանը, ով նաեւ ծրագրի հաղորդավարն էր: «Մեսրոպ Մաշտոց»-ին նւիրւած բանաստեղծութեամբ սկսած բացման խօսքում, նա այսպէս ասաց. «Իւրաքանչիւր տարի իւրայատուկ աշխուժութեամբ ու ոգեւորութեամբ էինք նշում Հայ մշակոյթի տօնը, սակայն այս տարի այդ ոգեւորութիւնը վերածւել է ցասումի ու զայրոյթի: Զայրոյթ ադրբեջան կոչւող ոսոխի կողմից դարաւոր հայրենի Արցախի պատմամշակութային արժէքներ հանդիսացող մեր Ղազանչեցոց վանքի հիմնայատակ կործանման, Դադիվանքի, «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ, Պապիկ, Դեդօ-Բաբօ) եւ բազմաթիւ այլ պատմական յուշակոթողների ու մի խօսքով Արցախ աշխարհի բռնագրաւման նկատմամբ: Զայրոյթ՝ այն ոսոխի հանդէպ, որը այսօր հայրենի երկրի ապաշնորհ իշխանութեան աթոռին բազմածի կանաչ լոյսով, աչք է յառել իւրացնելու Հայաստան աշխարհը:
Հայի համար կրկնւող պատմութեամբ՝ եթէ 1915-ին ականատեսը եղանք արեւմտեան Հայաստանի մեր պատմամշակութային կոթողների աւերման, 2005-2006 թւականներին ադրբեջանի միջոցով Հին Ջուղայի միջնադարեան խաչքարերի աւերման, իսկ 2024 թւականին Արցախի հայաթափման ու մշակութային կոթողների բնաջնջման, եկէք 2025 թ.-ին թաց աչքերով, ափսոսանքով ու զայրոյթով չդիտենք Հայաստան աշխարհի ինչպէս՝ Սիւնեաց աշխարհի մեր պատմամշակութային կոթողների ոչնչացման:
Մեր սիրասուն Արցախի վերանկախացման եւ հզօր հայրենիքի տեսլականով կառչած մնանք, Ս. Մեսրոպ Մաշտոցի մեզ աւանդ թողած մեսրոպեան մեր ոսկեղնիկին ու ազգային վսեմաշուք արժէքներին»:
Ծրագրի գեղարւեստական յայտագրում Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Գրական խմբի մանկական բաժնի ընթերցանութեան խմբից՝ Լիանա Յարութիւնեանը, Մանուէլլա Աւանէսեանը, Սերենա Աջունեանը, Ադելինա Խաչատրեանը, Սելիա Աջունեանը եւ Միլենա Արզումանեանը ասմունքեցին խրատական-բարոյախօսական բնոյթի առակներ:
Ծրագիրը յանգեցած էր երկու բանախօսներով, առաջին բանախօսն էր Արտոյտ Զոհրաբեանը: Նա իր ելոյթի ընթացքում իր երախտիքի խօսքը ուղղելով հայ ուսուցիչներին համապարփակ գծերով խօսեց մշակոյթի առանձնայատկութիւնների մասին: Նա անդրադարձաւ, մշակոյթի պահպանման հիմնասիւններին, որոնք են՝ պետութիւնը, կրօնը, արւեստը, գիր ու գրականութիւնը, եւ նշեց, որ այդ հիմնասիւնները այսօր վտանգւած են հայկական եւ հայրենի իրականութեան մէջ: Նա նշեց, որ եթէ ցանկացած ազգի ու ժողովուրդի մօտ հզօր է տնտեսութիւնը, գոնէ դա կարողանում է փրկել մշակութային հիմնասիւնները, եւ ցաւով ընդգծեց, որ մեր իրականութեան մէջ դա էլ է խարխլւած:
Բանախօսը անդրադառնալով հայրենի աշխարհի ներկայ կարգավիճակին նշեց, որ եթէ կորցնում ես հայրենիքից մի հատւած, որը համարւում է քո ինքնութեան, պատմութեան եւ մշակոյթի մասնիկը եւ դա առանձնացնում են քեզանից, ուստի դա համարւում է ազգային վտանգ եւ աւելացրեց, որ նման անմխիթար պայմաններում անհրաժեշտ է խորապէս կառչած մնալ սեփական լեզւին ու գրականութեանը, որը հնարաւորութիւն է ընձեռնում պահել ու պահպանել ազգային ինքնութիւնը, քանի որ լեզուն համարւում է ազգի մտածողութեան հիմնասիւնը: Բանախօսը կարեւորեց դաստիարակել այնպիսի սերունդ, որը ամուր կառչած լինելով իր ազգային արժէքներին, գիր ւ գրականութեանը եւ գաղափարախօսութեանը անվարան պահպանի իր ազգային նկարագիրն ու հայրենիքը: Բանախօսը անդրադառնալով հայ ժողովրդի ներկայ կարգավիճակին ասաց, քանի որ այսօր որպէս ազգ վտանգւած ենք, ուստի անհրաժեշտ է մոլեռանդօրէն պահել ու պահպանել ազգային արժէքները եւ մշակել յստակ ազգային ծրագիր, խորացնելով ցեղային արժէքների գիտակցութիւնը եւ պահպանել մեր ուրոյն հայկական մշակոյթը, Հայոց Առաքելական եկեղեցին եւ այն ամէնը ինչ ուրոյն հայկական է:
Օրւայ առաջին բանախօսի ելոյթից յետոյ միջոցառումը շարունակւեց ասմունքային կատարումով, որը իրականացրեց Մանէ Սիմոնեանը, որից յետոյ հրաւիրւեց բանախօս Արփի Ալավերդեանը:
Բանախօսը իր ելոյթը կենտրոնացրել էր անւանի կոմոզիտոր, երաժիշտ Արամ Խաչատրեանի կենսագրական, ազգային ու հասարակական բազմաբեղում գործունէութեանը: Քանզի այս տարի լրանում է մեծ երգահանի ծննդեան 121-ամեակը: Սկզբում բանախօսը համապարփակ գծերով ներկայացրեց Արամ Խաչատրեանի կենսագրական տւեալները, ապա մի քանի գլուխների տակ ամփոփած անդրադարձաւ Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւններին, նրա մասին միջազգային հանրայայտ դէմքերի արտայայտութիւններին ու Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւնների գծով նրանց ներկայացրած գնահատականներին, Արամ Խաչատրեանի եւ նրա ժամանակակից հայ մտաւոր փաղանգի անմիջական կապերին ու ստեղծագործական համագործակցութեանը, խաչատրեանական երժշտութեան երժշտական միջազգային ճանաչողութեանը եւ հնչեղութեանը: Նա իր բովանդակալից ելոյթի ընթացքում մանրամասն անդրադարձաւ Արամ Խաչատրեանի նւիրւածութեանը ազգային արժէքներին ու Հայ Առաքելական եկեղեցուն եւ այդ ամէնը ներկայացրեց Խաչատրեանի, եւ հայ հոգեւոր, ազգային ու արւեստի մարզերում գիգանթների յուշերի ընդմիջից:
Բանախօսը նշեց, որ Արամ Խաչատրեանը բազմիցս է ելոյթներով հանդէս եկել աշխարհի տարբեր երկրներում, այդ թւում նաեւ Իրանում եւ մանրամասն անդրադարձաւ նրա որոշ ստեղծագործութիւնների մշակման դրդապատճառներին:
Շահեկան ելոյթից յետոյ ցուցադրւեց տեսաֆիլմ Արամ Խաչատրեանի որոշ ստեղծագործութիւնների մասին:
Միջոցառմանը հայկական ազգային ազգագրական ոգեշունչ երգերով հանդէս եկաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախումբը, խմբավարութեամբ, դիրիժոր Արփի Սիմրոջեան-Նազարեանի, դաշնակահար՝ Արեգ Մարգարեան, ով նաեւ դաշնամուրով կատարեց Արամ Խաչատրեանի «Դիմակահանդէս» բալետից մի հատւած:
Ընթացքում, ասմունքով հանդէս եկան Դաւիթ Միրզախանեանը եւ Քելին Տէր Պետրոսեանը:
Գեղարւեստական յայտագրին հայկական պարը ներկայացրեցին միութեան «Նայիրի» պարախմբի սաներ՝ Մինէ Միրզախանեանը եւ Էլին Մելիքսէթեանը: Հ. Մ. Մ. «Նայիրի» պարախմբի գեղարւեստական ղեկավարն է Արտաւազդ Աւետիսեանը, ներկայացւած երկու պարերի բեմադրիչն էր Մերի Աւետիսեանը, իսկ պարուսոյցներն են՝ Թինա Անտոնը եւ Սիւնէ Շահվալադեանը:
Միջոցառմանը ներկայ էին՝ «ԱԼԻՔ» հաստատութեան, ազգային իշխանութեան, մարմինների, միութիւնների, եկեղեցական խորհուրների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով արւեստասէր հայրենակիցներ:
Վեջում բեմ հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը, ով իր գնահատանքի խօսքը ուղղեց թէ՛ բանախօսներին, եւ թէ՛ գեղարւեստական յայտագիրը իրականացնողներին:
Թղթակցութիւնը եւ լուսանկարները՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ