
Հինգշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Աստւածածին եւ Ս. Մինաս եկեղեցիներում, ինչպէս նաեւ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը, որի աւարտին կատարւեց մանուկների տաճար ընծայումը, մոմերի օրհնութեան կարգը եւ նորապսակների միջոցով աւանդական խարոյկի բոցավառումը՝ որպէս Քրիստոսի մաքրամաքուր լոյսի խորհրդանիշ:
Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանը նախագահեց Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու արարողութեանը:
Նոյն օրը երեկոյեան ժամը 7:30-ին, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի եւ կազմակերպութեամբ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ ամենամեայ կարգով կազմակերպւող նորապսակների եւ նորածինների ու իրենց ծնողների հանդիպումը թեմակալ Առաջնորդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկայ էին նաեւ ՍՊՀ Պատգամաւորական ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները, հոգեւորականաց դասը եւ Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան անդամներն ու Կրօնական խորհրդի միւս ենթամարմինների ներկայացուցիչները:
Երեկոն սկիզբ առաւ հանդիսավար Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով, որից յետոյ նախ արտայայտւեց՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը, ով անդրադառնալով Տեառնընդառաջի նախատօնակի առիթով թեմում կազմակերպւած արարողութիւններին, մեծ նշանակութիւն տւեց ազգային մարմինների հետ նորապսակների ու նորածինների ծնողների հանիպմանը եւ իր խօսքի շարունակութեան մէջ հանդէս եկաւ խրատական խօսքերով ու բարեմաղթանքներով: Այնուհետեւ արտայայտւեց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը: Նա շնորհաւորելով հրաւիրեալներին՝ իրենց կեանքի նոր հանգրւան մուտք գործելու համար, մաղթեց բոլորին առողջութիւն եւ երջանկութիւն, ընդգծեց այն հանգամանքը, որ երիտասարդներին սատար հանդիսանալը միշտ եղել ու լինելու է ազգային մարմինների օրակարգի վրայ:
Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հայրը ծնող դառնալը աշխարհում ամենամեծ զոհաբերութիւնների, իսկ ամուսնութիւնը ամենամեծ նւիրումի շարքում դասելով, յոյս յայտնեց, որ այսօրւայ նորապսակ զոյգերը ինչքան շուտ վայելեն ծնողական բերկրանքը: Նա իր խօսքի աւարտին իր եւ ազգային մարմինների անունից շնորհաւորանքի խօսք ասաց հրաւիրեալ զոյգերին ու ծնողներին:
Նշելի է, որ երեկոյի ընթացքում բոլոր նորապսակներին եւ նորածիններին նւիրւեցին դրամական նւէրներ:
Թղթակից (Նոր Ջուղա)