
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Հոկտեմբերի 11-ին, Սրբոց Թարգմանչած եկեղեցում տեղի ունեցած «Հայ Մշակոյթի» օրւան նւիրւած մեծ միջոցառմանը, ինչը տեղի էր ունենում մեծ թւով հանդիսականների ներկայութեամբ, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը նշելով, որ ժողովուրդների ինքնութեան անձանագիրը նրաց մշակոյթն ու սեփական գիր-գրականութիւնն է, կարեւորեց հայ ուսուցչի դերը սերունդների դաստիարակման եւ մշակոյթի օջախը վառ պահելու հարցում:
Միջոցառումն իրականացւել էր Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի եւ Եկեղեցասէր կանանց միութեան, «Հայ կին» միւթեանը կից «Արմենուհի», Փերիոյ կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների համագործակցութեամբ:
Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառմանը, առաջինը ելոյթ ունեցաւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը: Արփի Ալավերդեանն իր խօսքի սկզբում յիշեցնելով միջոցառման որմազդի մասին նշեց, որ այնտեղ պատկերւած է հայոց առաջին դպրոցի՝ Ամարասի վանական համալիրը, որն այժմ օկուպացւած է Բաքւի կողմից:
Կարեւորելով հայ հոգեւորականութեան դերը գոյապահպանութեան եւ մշակոյթի պահպանման գործում, նա յիշեցրեց հայրենիքում կալանաւորւած արդար ու ազնիւ հոգեւորականների, Բաքւի բանտերում գտնւող Արցախի ղեկավարութեան եւ միւս գերիների մասին։
Նա նաեւ անդրադարձաւ ներքին ու արտաքին թշնամիներին, որոնց նպատակը հային իր ինքնութիւնից ու պատմութիւնից հեռացնելն ու կտրելն է:
«Դարեր շարունակ հայ ժողովուրդը զրկւած է եղել պետականութիւնից, սակայն այդ բացն ու ազգային իմաստով առաքելութիւնն իրականացրել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»,- նշեց ՊԺ ատենադպիրը յիշեցնելով, որ այս փորձութիւնից եւս յաղթական դուրս կը գայ հայ ժողովուրդը:
Օրւայ կապակցութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը փոխանցեց Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը: Սրբազան Հայրը ժողովրդին մաղթելով խաղաղութիւն բարձր էր գնահատել նման միջոցառումներին ցուցաբերած մասնակցութիւնը, յատկապէս այն ժամանակաշրջանում, երբ բազմաթիւ են հայ ինքնութեան դէմ ծառացած խնդիրներն ու մարտահրաւէրները, սակայն հայն իր կերտած մշակոյթով ու պատմութեամբ, եկեղեցու օգնութեամբ ի զօրու է յաղթահարել դրանք:
Գեղարւեստական տպաւորիչ համարների կողքին, յատուկ ուշադրութեան արժանացաւ 44-օրեայ պատերազմի հերոսացած զոհերին նւիրւած Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի կատրմամբ երգը: «Հայոց զոհեր» երգի խօսքերը՝ բանաստեղծ Վարանդինն են, իսկ երաժշտութիւնը՝ Անդրէ Արզումանեանի հեղինակածն է: Քահանայ հօրը կատարման ընթացքում դաշնամուրային նւագակցութեամբ ընկերակցեց Անահիտ Մկրտչեանը:
Միջոցառմանը ներկայ մեծ թւով սասունցիների կողքին աչքի էին ընկնում բանաստեղծներ, արւեստի գործիչներ, հոգեւորականներ եւ Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ աշակերտներ:
Միջոցառման հաղորդավարները նոյնպէս խոստումնալից ու շնորհալի պատանիներ՝ Արգին Մարկոսեանը եւ Անի Թահմասեանն էին:
Ընթացքում դաշնամուրային կատարումներից առաջ բեմ հրաւիրւեց Իրանի անւանի երաժշտագէտ-խմբավար, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Ռազմիկ Օհանեանը: Նա ներկայացնելով դաշնամուրային սպասւող համարները, ակնարկեց երկու կատարողների՝ Ռենէ Խանիի եւ Ռենէ Ոսկանի «Ռենէ» անւանման իմաստին, որը նշանակում է վերապրում եւ համահունչ է հայի անկոտրում ոգուն, յատկապէս, երբ փորձում են քեզ համոզել՝ պարտւել ես:
Ռազմիկ Օհանեանը յիշեցրեց նաեւ Առնօ Բաբաջեանի ստեղծագործութեան՝ «Էլեգիա» բառի իմաստի մասին, ինչը նշանակում է եղերերգ, եւ ունի յունարէն ծագում, եւ քնարական ժանրի ստեղծագործութիւններ են դրանք։ Երկրորդ ստեղծագործութիւնը՝ Արամ Խաչատրեանի «Դիմակահանդէս բալետ»-ի վալսային կտորն էր, որի մասին եւս բացատրութիւններ ներկայացրեց մայեստրօն:
Յաջորդիւ «Սիփան» միութեան «Աւիւն» ասմունքի խմբի սաները ասմունքային կատարումներով հանդիսատեսին ներկայացրեցին Տիգրան Պօղոսեանի «Ձօն Մեսրոպ Մաշտոցին», Յովհաննէս Շիրազի ««Հայոց լեզու», եւ Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» ստեղծագործութիւնները:
Երգային կատարումով հանդէս եկաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» երգչախմբի խմբավար՝ Լուսինէ Միքայէլեանը: Նա ներկայացրեց Նանսէն Միքայէլեանի «Հայաստան» երգը՝ երաժշտութեան հեղինակ՝ Կոնստանտին Պետրոսեան:
Ապա Ժիլբերտ Կարապետեանի կատարմամբ հնչեց «Հայոց տառեր» երգը (խօսք՝ Գրիգոր Ճանկէօզեանի, երաժշտութիւնը՝ Ալեքսէյ Հեքիմեանի):
Միջոցառման ընթացքում քանոնի կատարմամբ Փարելի Թահմասեանը ներկայացրեց «Սիրոյ մեղեդի» երաժշտական համարը:
Տօնական միջոցառման գեղարւեստական համարների եզրափակիչ հատւածում «Սիփան» պարախմբի սաները «Աշխարհի հայերով» եւ «Ազգագրական պարերի շարան»-ով ոգնշչեցին հանդիսատեսին:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ



















