«ԱԼԻՔ» – Անցած օրերին, Սրբոց Թարգմանչաց տօնին եւ հայ մշակոյթի օրւան նւիրւած բազմաթիւ միջոցառումներ են տեղի ունեցել իրանահայ համայնքում:
Ստորեւ ներկայացնում ենք կայացած միջոցառումները, որոնց կանդրադառնանք մեր առաջիկայ համարներում:
– Հինգշաբթի եւ ուրբաթ, հոկտեմբերի 10-ին եւ 11-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ՝ «Գեւիկ Հայրապետեանի ֆոտոխցիկից՝ Երեւանը» լուսանկարների ցուցահանդրէսը:
– Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ, միութեան յարկի տակ հոկտեմբերի 11-ին կազմակերպւել էր Հայկական աւանդական ճաշատեսակների եւ թխւածքների փառատօն, որտեղ ներկաներին էր հրամցւում հայկական խոհանոցի ճաշատեսակ: Միջոցառումը զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով:
– Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ, եւ կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակին նւիրւած միջոցառումների շարանում, հոկտեմբերի 11-ին երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում կազմակերպւել էր պարի փառատօն, իրանահայ երեք թեմերի պարախմբերի մասնակցութեամբ:
– Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով թւականիս հոկտեմբերի 11-ին Թեհրանի Սասուն քաղաքամասի համանուն Սրբոց Թարգմանչաց եկեղեցում եւ եկեղեցու անւանակոչութեան առիթով երեկոյեան տեղի է ունեցել հսկումի արարողութիւն, իսկ հոկտեմբերի 12-ի առաւօտեան, նոյն եկեղեցու յարկի տակ տեղի է ունեցել Ս. Պատարագ:
– Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 12-ին միութեան «Նայիրի» սրահում ժամը 18:00-ն բացումը կատարւեց «Հայ Արւեստի եւ գրքի» ցուցահանդէսի:
Ժամը 19-ին Սրբոց Թարգմանչաց եկեղեցում Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցաւ Հայ Մշակոյթի տօնին նւիրւած գեղարւեստական երեկոյ:
– Հայ Ուսուցչի տօնին ընդառաջ, չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի, կազմակերպւեց մեծարման երեկոյ, ուր հրաւիրւել եւ ներկայ էին հայոց ազգային դպրոցներում աշխատող ու հանգստի կոչւած ուսուցիչներն ու պաշտօնեաները:
– Շաբաթ՝ հոկտեմբերի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ։