ՍփիւռքՔաղաքական

Յակոբ Բագրատունի. «Լիբանանի գոյութիւնը իբրեւ պետութիւն եւ աշխարհագրական տարածք վտանգւած է»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Լիբանաի Կենտրոնական Կոմիտէի եւ Լիբանանի խորհրդարանում Հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին, հոկտեմբերի 10-ին լիբանանեան LBC հեռուստաընկերութեան «Ժատալ» հաղորդումում անդրադարձել է Լիաբանանի դէմ Իսրայէլի ագրեսիային եւ դրա հետեւանքով Լիբանանում ստեղծւած պայթիւնավտանգ ճգնաժամային իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է «Ազդակ»-ը:

«Ամբողջ աշխարհում ոչինչ չի կարող չափւել իսրայէլական յանցագործութիւնների հետ: Իսրայէլի նպատակը շրջանի բռնագրաւումն է, եւ այս պատերազմը ո՛չ շիաներուն դէմ է, ո՛չ էլ Լիբանանի, այլ՝ ողջ տարածաշրջանի»,- յայտարարել է Բագրատունին՝ հռետորական հարց բարձրացնելով. «Գազային զօրակցելուց առաջ, Իսրայէլն արդեօք չէ՞ր հարւածում Լիբանանին»:

«Լիբանանի գոյութիւնը իբրեւ պետութիւն եւ աշխարհագրական տարածք վտանգւած է: Իսրայէլի նպատակներն այլեւս յստակ են: Լիբանան նոր ներխուժման, նոր տարածքներ բռնազաւթման եւ ողջ տարածաշրջանի նկատմամբ  իսրայէլական վերահսկողութիւն հաստատելու հետ կապւած լուրջ մտաւախութիւններ ոնեմ»,- յայտարարել է Բագրատունի:

Հարցազրոյցի ընթացքում, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Լիբանանի ներքաղաքական հարցերին:

Խօսելով թերեւս անլուծելի թնջուկի վերածւած Լիբանանի նախագահի ընտրութեան հարցի մասին, Բագրատունին նշել է, որ ցանկալի լուծումի հասնելու համար կացութիւնը դեռեւս չի հասունացել: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նախ հրադադարի ռեժիմ հաստատել, որից յետոյ միայն հնարաւոր է անդրադառնալ երկրի նախագահի ընտրութեան հարցին:

Բագրատունի իսրայէլական յանցագործութիւններին ի տես Լիբանանում ջանքերի միաւորման եւ ազգային միասնականութեան կոչ է ուղղել բոլոր համայնքներին եւ քաղաքական հոսանքներին:

Նա նաեւ որոշ ուժերի զգուշացրել է, որ  իսրայէլական ագրեսիայի պատճառով, յետին նպատակներ չփնտրել եւ իրենց համար ցանկալի քաղաքական փոփոխութիւնների մասին յոյսեր չկապել,եւ առկայ ներքին խնդիրների համար միայն ազգային լուծումների ձգտել:

Related Articles

Back to top button