Յունիսի 7-ի ընդդիմութեան յաղթանակը կարեւոր է Հայաստանի անվտանգութեան համար

«Հայկական Սփիւռքը հայ ժողովրդի անբաժանելի մասն է, իսկ հայ ազգի ներուժը ձեւաւորւում է Հայաստանի եւ Սփիւռքի միասնական ուժերից»,- Alpha News-ին հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը՝ խօսելով օրերս Փարիզում անցկացւած «Հայկական Սփիւռքի մոբիլիզացում» խորագրով համաժողովի նպատակների մասին։
Նրա խօսքով՝ Սփիւռքը, ներկայացւած լինելով 30 երկրում, իր հաստատւած կառոյցների, կապերի, բազմամեայ գործունէութեան եւ ձեւաւորւած հեղինակութեան շնորհիւ կարեւոր օղակ է Հայաստանի համար։
«Երբ անցեալում մեզ յաջողւում էր հաստատել դրական համագործակցութիւն Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ, մենք յաղթում էինք։ Միասին կարողացանք հասնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը մօտ 15 երկրում՝ 1998-ից 2008 թւականներին։ Սակայն հէնց խնդիրներ առաջացան Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ, յատկապէս 2018 թւականին Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ, նա ցանկացաւ ստեղծել իրեն ենթակայ «սեփական սփիւռք»։
Այսօր համագործակցութիւն այլեւս չկայ։ Ընդհակառակը՝ Սփիւռքի եւ Հայաստանի գործող իշխանութիւնների միջեւ ձեւաւորւել է հակադրութիւն, ինչը նշանակում է փոխգործակցութեան բացակայութիւն։ Իսկ առանց համագործակցութեան չկայ նաեւ առաջընթաց․ այլեւս չկան համատեղ յաղթանակներ»,-նշել է Փափազեանը։
Նրա խօսքով՝ հայ ազգը յաղթում է միայն միասնական լինելու դէպքում:
«Ահա թէ ինչու այսօր մենք խորը տարաձայնութիւններ ունենք Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հետ՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Բաքւում պահւող պատանդների հարցում, որոնց վերաբերեալ նա որեւէ քայլ չի ձեռնարկել եւ ոչինչ չի արել միջազգային հարթակում։ Մինչդեռ տեսնում ենք, թէ ինչպէս է Իսրայէլի կառավարութիւնն աշխատում պատանդների ազատման ուղղութեամբ՝ դա դարձնելով առաջնահերթութիւն։ Փաշինեանն իրեն պահում է այնպէս, կարծես այդ պատանդները գոյութիւն չունեն։ Արցախի թեման եւս նա համարում է փակւած, բայց մենք չենք կարծում, որ այդ էջը փակւած է։ Արցախի հարցը հայ ժողովրդի համար առաջնային նշանակութիւն ունի։ Եւ Սփիւռքը կտրականապէս համաձայն չէ եւ ընդդիմանում է նրա քաղաքականութեանը։
Այսօր հայկական իշխանութեան, կառավարութեան եւ Սփիւռքի միջեւ կառուցողական համագործակցութիւնը բացակայում է։ Սփիւռքը շարունակում է պայքարել իր արժէքների համար՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Արցախի ազատութեան, հայերի վերադարձի, Արցախ վերադառնալու իրաւունքի եւ պատանդների ազատման համար»,- ընդգծել է Մուրադ Փափազեանը։
Նա նաեւ նշել է, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը չի պաշտպանում Հայաստանի շահերը։
«Փոխարէնը իշխանութիւնը խոնարհւել է Ալիեւի եւ Էրդողանի առաջ՝ գնալով զիջումների եւ չհասցնելով հարցերը լուծել մինչեւ վերջ։
Հետեւաբար, անհրաժեշտ է վերջ տալ այս իրավիճակին։ Միակ ճանապարհը կը լինի այն, եթէ յունիսի 7-ին նա պարտւի ընտրութիւններում։ Մենք պէտք է զգօն լինենք, քանի որ իր նախընտրական խօսքում Փաշինեանն ասում է՝ եթէ չյաղթի, Հայաստանում պատերազմ կը սկսւի։ Իրականում, երբ նա յաղթեց 2018 թւականի ընտրութիւններում, մենք ունեցանք երեք պատերազմ։ 1994-ից մինչեւ 2018 թւականը պատերազմներ չեն եղել։ Նա եկաւ, եւ մենք ունեցանք երեք պատերազմ։
Փաստօրէն հէնց նա է հրահրում պատերազմը։ Ինչո՞ւ է դա անում, որովհետեւ նա լիովին պարտւած է։ Թշնամիները լաւ գիտեն, որ Փաշինեանի իշխանութիւնից որեւէ դիմադրութիւն չի լինելու։
Ակնյայտ է նաեւ, որ այսօր պատերազմ չի լինելու, քանի որ նա պատրաստ է հրաժարւել Ցեղասպանութեան ճանաչումից, Սփիւռքից, ամէն ինչից։ Ի դէպ, նաեւ յայտարարել է, որ յետ ենք կանչում մեր հայցերը միջազգային դատարաններից։ Այդ պատճառով Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանութիւն, որը կը վերականգնի երկիրը»,- ասել է Փափազեանը։
Ըստ Alpha News-ի զրուցակցի` այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինեանի մեջ գտել են հնազանդ առաջնորդի։
«Նա ենթարկւում է Ալիեւին, ենթարկւում է Էրդողանին։ Այն միտքը, թէ Ադրբեջանը Հայաստանի անվտանգութեան երաշխաւորն է, ինչպէս յայտարարել է Ալէն Սիմոնեանը, պարզապէս անհեթեթ է։ Դա բխում է նրանից, որ Հայաստանի վարչապետը ենթարկւում է Ալիեւին եւ Էրդողանին։ Այդ պատճառով էլ նա ասում է, թէ Ադրբեջանը Հայաստանի անվտանգութեան երաշխաւորն է՝ կարծես Ադրբեջանն է այսօր Հայաստանի առաջնորդը»,- ընդգծել է Մուրադ Փափազեանը։
Նրա խօսքով՝ Փարիզում կազմակերպւած հանդիպումը, որին մասնակցել են 25 երկրից 150 ներկայացուցիչներ, չափազանց կարեւոր է, քանի որ այն նպատակ ունի համակարգել Սփիւռքի գործունէութիւնն ու նրա ապագայ զարգացումը։
«Հանդիպման մասնակիցները չեն պատկերացնում Սփիւռք՝ Հայաստանից կտրւած, ինչպէս նաեւ Հայաստան՝ Սփիւռքից անջատ։ Դա պարզապէս անիմաստ է։ Ուստի մենք պէտք է պայմաններ ստեղծենք հայկական աշխարհի՝ Սփիւռքի, Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման եւ նրանց համատեղ առաջընթացի համար։
Սակայն դրա համար կայ մէկ պայման՝ յունիսի 7-ին ընդդիմութեան յաղթանակը։ Սա կարեւոր է երկրի անվտանգութեան համար։ Սա կարեւոր է նաեւ նրա համար, որպէսզի ազգի գաղափարը, որը մեր ուժի հիմքն է, իրականում ձեւաւորւի»,- յայտարարել է Մուրադ Փափազեանը։



