Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արտակ Զաքարեան. «ՔՊ-ն 2026 թւականի ընտրութիւններում, քւէների դիմաց՝ «խաղաղութիւնը բերեցինք» բլեֆով, փորձելու է «վաճառել» օգոստոսի 8-ի թուղթը»

«ԱԼԻՔ» – «Այսօր (հոկտեմբերի 27-ԽՄԲ.)ԱԺ-ում, Նիկոլն իբրեւ թէ մեկնաբանում էր ՀՀ ԶՈՒ նոր հայեցակարգի նպատակները՝ այն ի մի բերելով որպէս ««Մարտnւնակ բանակ» հասկացութիւնը «պաշտպանունակ բանակ» հասկացութեամբ փոխարինելու գաղափար։ Այսինքն, ցանկանում էր եւս մէկ անգամ ասել, որ ՀՀ ԶՈՒ-ն, իր տարածքներից դուրս որեւէ մարտական գործողութիւն չի կատարելու»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

«Ի գիտութիւն պարտւած, տարածքներ յանձնած եւ արցախեան էջը փակած «գերագոյն գլխաւոր» հրամանատարի՝ հարկ եմ համարում նշել, որ աշխարհի ցանկացած երկիր պաշտպանունակ լինելու համար նախ եւ առաջ պէտք է ունենայ մարտունակ բանակ։ Այսինքն, պաշտպանունակ երկրի Զինւած Ուժերը պէտք է ունակ լինեն լուծելու մարտական խնդիրներ եւ առաջադրանքներ, ինչն էլ հանդիսանում է զօրքերի մարտական պատրաստւածութեան որոշիչ էլեմենտ եւ յաղթանակի հասնելու կարեւորագոյն պայման։

Սեփական երկրի տարածքները, հայ ժողովրդի (հայ մարդու) անվտանգութիւնը, արժանապատւութիւնն ու ինքնիշխանութիւնը պաշտպանելը եւս յաղթանակ է, որի համար նաեւ մարտունակութիւն է պէտք։ Այսպիսին էր Սերժ Սարգսեանի իշխանութեան գլխաւոր սկզբունքներից մէկը։ Իսկ Նիկոլ Փաշինեանի կառավարութեան պատկերացրած յաղթանակները՝ հայ ժողովրդի, հայ մարդու կորուստների ու պարտութիւնների մէջ է։

Ինչ վերաբերում է պետութիւնների պաշտպանունակութեանը, ապա այն ենթադրում է արտաքին ագրեսիայից տւեալ երկրի պատրաստւածութեան մակարդակը։ Այն բաղկացած է ինչպէս բանակի մարտունակութիւնից, այնպէս էլ նիւթա-տեխնիական, տնտեսական, մարդկային ռեսուրսներից եւ հասարակութեան բարոյա-հոգեբանական վիճակից, ինչը տւեալ երկիրն ի զօրու է մոբիլիզացնել՝ դրւած նպատակներին հասնելու համար։

Պետութեան պաշտպանունակութիւնը կախւած է նաեւ վարւող արտաքին ու ներքին քաղաքականութիւնից, տարածքային առանձնահատկութիւններից, քաղաքացիական պաշտպանութեան վիճակից, տնտեսութեան կառուցւածքից, դաշնակից պետութիւնների հետ յարաբերութիւններից, տեխնոլոգիական եւ կիբեռ պատրաստւածութեան մակարդակից, տեղեկատւական անվտանգութիւնից եւ այլն։

Ստեղծւած իրավիճակում, Նիկոլի եւ ՔՊ-ի կործանարար քաղաքականութեան պատճառով, մի քանի անգամ աւելի բարդացել է ՀՀ Զինւած ուժերի առջեւ դրւած մարտական խնդիրները։ Նրանց մարտունակութեան բարձրացման, կարողութիւնների եւ հմտութիւնների զարգացման, աշխարհագրական սեղմ տարածութեան վրայ ռազմա-տեխնելոգիական յագեցւածութեամբ պրեւենտիւ եւ արդիւնաւէտ պաշտպանութեան կազմակերպման, ինչպէս նաեւ հակաահաբեկչական պատրաստւածութեան հարցերով լրջօրէն զբաղւել է պէտք։

Առաջիկայում կը ներայացնենք, թէ իշխանափոխութիւնից յետոյ, այս ուղղութեամբ ինչպիսի քաղաքականութիւն պէտք է իրականացւի։

Միայն պաշտպանունակ պետութեան, զարգացող տնտեսութեան, մարտունակ բանակի, ազգային արժէքներով ապրող համերաշխ հասարակութեան եւ հաւասարակաշռւած արտաքին քաղաքականութեան արդիւնքում է հնարաւոր ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը, ինքնիշխանութիւնը եւ իրական խաղաղութիւնը։

2021 թ․ յունիսի 20-ի արտահերթ ընտրութիւններում, քւէների դիմաց, «պատերազմը կանգնեցրիքն» սուտ կարգախօսով, ՔՊ-ն՝ հայ ժողովրդի վրայ «ծախեց» նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը։ 2026 թ․ յունիսի 7-ի ընտրութիւններում, կրկին քւէների դիմաց՝ «խաղաղութիւնը բերեցինք» բլեֆով, փորձելու են «վաճառել» օգոստոսի 8-ի թուղթը, որի կիրառման դետալները որքան, որ մութ են, այնքան էլ վտանգաւոր են ռեգիոնալ զարգացումների եւ մեր երկրի անվտանգային միջավայրի տեսանկիւնից»,- գրել է նա:

Related Articles

Back to top button