Թրամփը՝ օրակարգի ինքնակոչ հեղինակի պատրանքով, իսկ Իրանը՝ բացակայ, բայց ազդեցիկ խաղացողի դերում

«Թեհրան 43»-ի եւ «Եալթա 45»-ի պատմական պատկերներից մինչեւ 2026-ի աշխարհաքաղաքական վերադասաւորումներում մեծ տէրութիւնների միջեւ աշխարհի ճակատագիրը որոշելու տրամաբանութիւնը բախւում է նոր իրականութիւնների։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցում հրապարակած պատկերը, որում նա ներկայանում է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների կողքին, Երկրորդ աշխարհամարտի տարիների մեծ տէրութիւնների վճռորոշ հանդիպումների հետ պատմական զուգահեռներ ստեղծելու փորձ էր։ Այդ պատկերային համեմատութեամբ Թրամփը ձգտում էր ոչ միայն Վաշինգտոնին ներկայացնել որպէս համաշխարհային նոր կարգի ձեւաւորման առանցքային կենտրոն, այլեւ իրեն որպէս այդ գործընթացի որոշիչ դերակատարի։
Tasnim-ը նոյն առիթով հրապարակած վերլուծականում նշում է, որ պատմական պատկերների նմանեցումը երազանքից այն կողմ չի գնայ ու չի կարող նշանակել պատմական իրադարձութիւնների կրկնութիւն։
Յօդւածագիրը նշել է, որ Թեհրանի համաժողովում (1943 թւական) ԱՄՆ-ի, Խորհրդային Միութեան եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները քննարկում էին պատերազմական ռազմավարութիւնն ու յետպատերազմեան աշխարհի ուրւագիծը։ Այդ հանդիպումը, ինչպէս եւ 1945 թւականի Եալթայի համաժողովը, խորհրդանշում էր աշխարհի ճակատագրի շուրջ, առանց փոքր ու միջին պետութիւնների անմիջական մասնակցութեան, որոշումներ կայացնելու կարողութիւնը։
«2026 թւականի աշխարհաքաղաքական պայմանները, սակայն, մի շարք առումներով տարբեր են։ Մեծ տէրութիւնների մրցակցութեան կողքին տարածաշրջանային դերակատարներն աւելի մեծ հնարաւորութիւն ունեն ազդելու միջազգային գործընթացների վրայ։ Իրանի շուրջ ստեղծւած ճգնաժամը եւս այդ իրողութեան քննարկման առիթներից է»,- նշել է յօդւածագիրը:
Այս համատեքստում ուշագրաւ է Իրանի բացակայութեան կողքին նրա ներկայութիւնը՝ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային հարցերում։ Այստեղ է առաջանում հիմնական հակասութիւնը: Արդեօք հնարաւո՞ր է աշխարհի նոր դասաւորումը պատկերացնել միայն Վաշինգտոնի, Մոսկւայի եւ Պեկինի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւններով, անտեսելով այն դերակատարներին, որոնց շուրջ ծաւալւում են այդ մրցակցութիւնները։
Միւս կողմից, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ Թրամփի յարաբերութիւններն ինքնին արտացոլում են միջազգային համակարգի փոփոխւող բնոյթը։ Պեկինն ու Մոսկւան ոչ միայն Վաշինգտոնի հետ բանակցող կողմեր են, այլեւ սեփական ռազմավարական օրակարգերն առաջ մղող ուժային կենտրոններ։
Եւրոպայի դիրքի հարցը եւս դուրս չէ Tasnim-ի տեսադաշտից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ մեծ քաղաքական պայմանաւորւածութիւնների հեռանկարը մտահոգութիւններ է առաջացնում Եւրոպայում, որտեղ պատմական փորձը յիշեցնում է, թէ ինչ հետեւանքներ կարող են ունենալ Եւրոպայի ճակատագրի շուրջ առանց նրա մասնակցութեան կայացւած որոշումները։
Այսպիսով, Թրամփի պատմական զուգահեռը կարելի է դիտարկել ոչ միայն որպէս անցեալի խորհրդանիշներով ներկան պատկերելու փորձ, այլեւ որպէս համաշխարհային ուժային կենտրոնների միջեւ ընթացող մրցակցութեան արտայայտութիւն։



