Էդւարդ Շարմազանով. «Փաշինեանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ»

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովն է։
– Ընտրութիւններին մնաց հազիւ 5 ամիս։ Գրեթէ բոլոր ուժերն ակտիւացել են, հինգշաբթի օրը Ռոբերտ Քոչարեանը մամուլի ասուլիսով հանդէս եկաւ։ Ի՞նչ էք կարծում՝ հնարաւոր կը լինի՞ ինչ–որ փոփոխութեան հասնել ընտրութիւնների արդիւնքում։
– Իսկ ո՞րն է ընտրութիւնների այլընտրանքը, ոչինչ չանե՞լը։ Իհարկէ, պէտք է օրէնքի սահմաններում անել ամէն ինչ, որպէսզի հնարաւոր լինի իշխանութեանը հեռացնել։ Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը, բառի ամենաուղիղ իմաստով, մեռած է՝ թաղած չէ։ Փաստացի, Հայաստանը գոյութիւն ունի, բայց ոչնչացւած են բոլոր գաղափարական հիմքերը, ի՞նչ անեն մարդիկ, չպայքարե՞ն։ Այո, բարդ է լինելու, սակայն պայքարի շատ ձեւեր չկան, իսկ ընտրութիւնները դրանցից մէկն են։
– Դուք ասում էք. «Հայաստանը մեռած է՝ թաղած չէ», իսկ իշխանութիւնները հպարտօրէն ասում են, որ երբեք այսքան լաւ չի եղել Հայաստանի վիճակը՝ թշնամիների հետ յարաբերութիւնները կարգաւորել են, Ադրբեջանի տարածքով ցորեն, բենզին են բերում, անգամ Ալիեւին շնորհակալութիւն են յայտնում։
– Հայաստանի Երրորդ Հանրապետութեան հիմքերը՝ Արցախը, իրաւական պետութիւնը, ժողովրդավարութիւնը, գոյութիւն չունեն։ Ինչ ուզում՝ անում են, ում վրայ ինչ գործ ուզում՝ սարքում են, հիմա էլ հերթը Եկեղեցունն է, անտեսելով բոլոր օրէնքները՝ միջամտում են Եկեղեցու գործերին։ Ի՞նչ գործ ունի գործադիրը Եկեղեցու հարցերի հետ։ Կամ՝ դատարանի ի՞նչ գործն է, թէ Մասիացոտնի թեմի առաջնորդն ով է՝ կարգալո՞յծ է, թէ՞ ոչ։ Օրինակ, դատարանը կարո՞ղ է որոշել՝ Շարմազանով Էդւարդը ԳՄ անդա՞մ է, թէ՞ ոչ։ Դա իմ կուսակցութեան որոշումն է, չէ՞։ Սահմանադրութեան մէջ յստակ գրւած է, որ Եկեղեցին անջատ է պետութիւնից։ Ինչ վերաբերում է բենզինին, ցորենին, էդ ամէնը խայտառակութիւն է։ Վահագն Խաչատուրեանն ինչո՞ւ էր գնացել Ալիեւին շնորհակալութիւն յայտնելու, հազարաւոր տղաներին սպանելո՞ւ, Հայաստանի 240 կիլոմետրն օկուպացնելու, թէ՞ արցախցիներին էթնիկ զտման ենթարկելու եւ Արցախը հայաթափելու համար։ Էլ չենք խօսում Հայաստանից նորանոր պահանջների մասին։ Մեր ժողովուրդը պէտք է կողմնորոշւի, թէ սրանք ովքեր են։ Մեծ-մեծ խօսում են, ասում են՝ բոլորն էլ մեր երեխաներն են, բա, Աստւած մի արասցէ, որ մէկը ձեր երեխաներին սպանի, կը գնաք կասէք մե՞րսի…. Հրանտ Մատթէոսեանն ասել է՝ մարդու եւ անասունի արանքում յիշողութիւնն է ընկած, բայց ես չեմ զարմանում, քանի որ, ինչպէս Նժդեհն է ասել՝ մի զարմացիր, քանի որ անձի դէմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։ Լաւ, ո՞նց կարելի է էսպէս ուրանալ սեփական ժողովրդին, սեփական հայրենիքն ու Եռաբլուրը։ Ինչի՞ համար էք շնորհակալ, արա։
– Փաշինեանը բենդ է ստեղծել, նւագում է, Անահիտ Աւանէսեանն էլ պարում է։ Հետեւո՞ւմ էք այդ ամէնին։
– Ստիպւած հետեւում եմ, էնպէս չէ, որ ուշքս գնում է։ Քաղաքական դաշտը վերածել են մեծ գժանոցի, էս ի՞նչ վիճակ է։ Ինձ զարմացնում են սրանց յետեւից գնացողները։ Ոնց որ մեռելի քարի վրայ թմբուկ նւագող լինի։ Պարտութիւնն էլ է մարդու համար, բայց պարտութիւնը ֆետիշացնելը խելագարութիւն է։ Սրանց նպատակը ամէն ինչ անելն է, որպէսզի մինչեւ 2018-ը եղած բոլոր արժէքները ոչնչացնեն՝ աղմուկով։ Սա ամէն ինչ բարձրաձայն է անում, որ մարդիկ զրկւեն իրենց յիշողութիւնից։ Նոյն Ներոնի տեսարանն է՝ հաց եւ տեսարաններ։ Հացն ու ցորենը բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ թմբուկն է, Փաշինեանը ոչ մի նոր բան չի սովորել, Ներոնին է կրկնում՝ հաց եւ տեսարաններ։ Զարմանում եմ, թէ մեր ազգը ոնց կարող է հացի եւ տեսարանների կուտն ուտել։ Այ հոգնածներ, 5 հազար տղայ զոհւեց, որ չերեզ Ադրբեջանից բենզին բերէք ու մի հատ էլ մա՞տ թափ տաք։
ՀԱՅԿ ԳԷՈՐԳԵԱՆ
168.am



