Սուրէն Սուրէնեանց. «Քաղաքական սուտը՝ որպէս պետական քաղաքականութիւն»

Սուրէն Սուրէնեանցը գրում է.
«Քաղաքական սուտը՝ որպէս պետական քաղաքականութիւն «Արցախը վաղուց էր յանձնւած» թէզը վերջին տարիներին վերածւել է իշխանութեան կողմից համակարգւած կերպով շրջանառւող քաղաքական խօսոյթի առանցքային բաղադրիչներից մէկի։ Այն ծառայում է յետին թւով կայացւած որոշումների արդարացմանն ու պարտութեան համար քաղաքական պատասխանատւութեան լուծարմանը։ Պարտութիւնը ներկայացւում է որպէս նախապէս կանխորոշւած եւ անխուսափելի իրողութիւն, ինչի արդիւնքում հանրային դիսկուրսից դուրս է մղւում քաղաքական սուբիեկտի դերակատարութիւնը եւ որոշումների որակի հարցը։
Այս նարատիւի հետեւողական կիրառումը հանրային գիտակցութեան մէջ ձեւաւորում է վտանգաւոր ընկալում. պետական կառավարման արդիւնաւէտութիւնը ներկայացւում է որպէս երկրորդական, քանի որ, իբր, որեւէ այլ ելք սկզբնապէս գոյութիւն չի ունեցել։ Նման տրամաբանութիւնը յատկապէս արագ է արմատաւորւում այն սոցիալական միջավայրերում, որտեղ բացակայում է քաղաքական կրթութիւնը եւ զարգացած չէ քննադատական մտածողութիւնը։ Արդիւնքում պարտութիւն համարւում է նորմալ, իսկ պատասխանատւութեան հարցը՝ լղոզւում։
Արդիւնքում հանրային դիսկուրսը կենտրոնանում է ոչ թէ սխալների վերլուծութեան, այլ «անխուսափելիութեան» վրայ, ինչը կարող է խոչընդոտել քաղաքական գիտակցութեան զարգացմանը:
Սակայն իրավիճակը սկզբունքօրէն այլ հարթութիւն է տեղափոխւում, երբ նոյն թէզը հնչեցնում է իշխող խմբակցութեան պատգամաւոր Գագիկ Մելքոնեանը, ով նախկինում զբաղեցրել է պաշտպանութեան նախարարի տեղակալի պաշտօնը հէնց այն ժամանակահատւածում, որը ներկայիս իշխանական խօսոյթում բնութագրւում է որպէս «Արցախը յանձնած» շրջան։ Այս պարագայում գործ ունենք քաղաքական պատասխանատւութեան բացայայտ մերժման հետ։ Եթէ Արցախը «վաղուց էր յանձնւած», ապա տւեալ պաշտօնեայի պետական գործունէութիւնը կամ եղել է ձեւական եւ անիմաստ, կամ՝ գիտակցւած կերպով ներառւած պարտւողական համակարգում։
Նման մօտեցումը վկայում է իշխանական վերնախաւի ընդհանուր արժէհամակարգային եւ ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին։ Քաղաքական էլիտան, որը յետին թւով հրաժարւում է սեփական պաշտօնավարման ընթացքում տեղի ունեցած գործընթացների պատասխանատւութիւնից, փաստացի զրկւում է լեգիտիմութիւնից եւ վերածւում ինքնարդարացման մեխանիզմի։
Քաղաքական սուտը վերածւում է կառավարման գործիքի։
Նոյն տրամաբանութեան մէջ յատկանշական է նաեւ իշխանութեան հանրային վարքը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, երբ տարածաշրջանային անվտանգային միջավայրը, ներառեալ Իրանի շուրջ զարգացող վտանգաւոր գործընթացները, պահանջում է առաւելագոյն քաղաքական կենտրոնացում եւ պատասխանատու պետական վարք։ Այդ պայմաններում հանրային դաշտում ցուցադրւող թեթեւամիտ եւ իրավիճակին անհամապատասխան գործողութիւնները խորացնում են պետական մտածողութեան եւ անվտանգութեան իրական սպառնալիքների միջեւ առկայ դիսոնանսը։
Արդիւնքում ձեւաւորւում է համակարգային խնդիր. իշխանութիւնը պարտութիւնը նորմալացնում է, պատասխանատւութիւնը վերածում խօսքային մանիպուլիացիայի, իսկ պետականութիւնը՝ կարճաժամկէտ քաղաքական շահերին ծառայող նարատիւի։ Այդպիսի պայմաններում Հայաստանի գլխաւոր անվտանգային սպառնալիքը սահմանափակւած չէ միայն արտաքին գործօններով։ Այն պայմանաւորւած է նաեւ իշխանութեան ներսում ձեւաւորւած քաղաքական ստի ինստիտուցիոնալացմամբ, որը քայքայում է պետական պատասխանատւութեան եւ ինքնագիտակցութեան հիմքերը»։
168.am



