ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն իջեցրել է Հայաստանի Հանրապետութեան եւ ԶՈՒ կարգավիճակի նշաձողը
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինւած ուժերի նկատմամբ:
«Իրաքի եւ Քուվէյթի միջեւ պատերազմից յետոյ որոշակի սահմանափակումներ կիրառւեցին՝ կապւած Իրաքի զինւած ուժերի զարգացման հետ: Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումներ պէտք է կիրառւեն ՀՀ զինւած ուժերի նկատմամբ»,- լրագրողների հետ ճեպազրոյցում ընդգծել էր Ալիեւի օգնականը:
Հաջիեւը Հայաստանից պահանջել էր նաեւ դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելութիւնը, յատկապէս, երբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ գործընթացներ են տեղի ունենում խաղաղութեան օրակարգի համատեքստում:
Իհարկէ, նախքան այս էլ ադրբեջանական կողմը դժգոհել է եւ սպառնացել Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից սպառազինութեան ձեռքբերման, եւ ռազմական այլ աջակցութիւնների առնչութեամբ, այդ թւում՝ խորհրդատւական: Աւելին, ադրբեջանական կողմը քարոզչական-տեղեկատւական «օրինական դաշտ է» ստեղծել հնարաւոր ռազմական գործողութիւնների համար, ինչի հնարաւորութիւնը չի բացառում Հայաստանի ղեկավարութիւնը, ով, ի դէմս Նիկոլ Փաշինեանի, պատասխանատու է ՀՀ զինւած ուժերին ուղղւած ադրբեջանական որոշ պահանջների համար, քանի որ դրանց համար լեգիտիմ հիմքեր հէնց ինքն է ստեղծել՝ իր յայտարարութիւններով եւ ռիսկային առաջարկներով:
Իսկ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 4-ին օկուպացւած Ջրականում հերթական անգամ Հայաստանի ղեկավարութեանը դասեր է տւել՝ ասելով, թէ Հայաստանը մի կողմից՝ խօսում է խաղաղութեան մասին, միւս կողմից՝ լայնածաւալ սպառազինութիւն է ձեռք բերում:
«Ո՞վ է նրանց զէնք տալիս. Ֆրանսիան եւ այլ հակաադրբեջանական երկրներ… այսօր նրանք պէտք է հանգիստ թողնեն Հարաւային Կովկասը, գնան եւ զբաղւեն իրենց գործերով, խնդիրներով, մաքրեն իրենց արիւնոտ անցեալը, մեղքը: Սա իմ նախազգուշացումն է: Հայաստանը վտանգաւոր խաղերի մէջ է: Թող նրանք չմոռանան ղարաբաղեան 2-րդ պատերազմը»,- շեշտել է Ալիեւը՝ միաժամանակ ի ցոյց դնելով իր վախերը, որ եթէ հայկական բանակը հզօրանայ, այսպէս ասած, նրանց գիւղերը նախկին վիճակին կը վերադառնան:
Նա նաեւ խոստովանել է, որ ՀՀ նախկին իշխանութիւնների օրօք արեւմտեան երկրներն ամէն ինչ արել են, որ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան յաւերժ տեւի», որ նրանք ճնշում են գործադրել Ադրբեջանի վրայ, որ տարածքները Հայաստանին նւիրեն:
Եւ սա ասում է մի երկրի ղեկավար, ով վերջերս յայտարարել էր, որ իրենց թիւ մէկ խնդիրը ռազմական հզօրութեան մեծացումն է, մի երկրի ղեկավար, ով շարունակում է ժամանակակից սպառազինութիւն գնել, այդ թւում՝ յարձակողական, եւ իր զինանոցում առկայ խորհրդային հրետանու չափը փոխել ՆԱՏՕ-ական չափանիշով, ով օդային յարձակման նախազգուշացման թուրքական համակարգ է տեղադրել օկուպացւած Քարվաճառում, եւ այլն:
ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը որոշել է արձագանգել Ադրբեջանի նախագահի վերջին մեղադրանքներին ու սպառնալիքներին, որտեղ «իջեցրել» է սեփական երկրի՝ ճանաչւած Հայաստանի կարգավիճակի նշաձողը:
«Ինչ վերաբերում է սպառազինութիւններին, ՄԱԿ-ի կանոնադրութիւնը իւրաքանչիւր պետութեան ինքնապաշտպանութեան իրաւունք է վերապահում։ Աւելին, միջազգային իրաւունքը իւրաքանչիւր պետութեան իր քաղաքացիներին պաշտպանելու պարտաւորութեամբ է օժտում։ Հայաստանը սպառազինութիւն եւ տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանութեան իրաւունքը եւ սեփական քաղաքացիների պաշտպանութեան պարտաւորութիւնն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի յարձակողական զինատեսակներով սպառազինման ծաւալներն անգամներով աւելին են, ինչի մասին յաճախ յայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- նշւում է ԱԳՆ մամուլի խօսնակի տարածած պատասխանում:
Այսինքն, եթէ մի ժամանակ ՀՀ իշխանութիւններն ադրբեջանական մեղադրանքներին եւ մտավախութիւններին պատասխանում էին, որ Հայաստանը ձեռք է բերում միայն պաշտպանական զինատեսակներ, իսկ աւելի ուշ, որ Հայաստանի սուվերեն իրաւունքն է՝ ունենալու մարտունակ բանակ եւ իր միջազգայնօրէն ճանաչւած սահմանները եւ սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար համապատասխան միջոցներ ձեռք բերել, ապա այս անգամ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը Հայաստանի մասին խօսում է, ասես, չճանաչւած պետութեան մասին, որին ՄԱԿ-ն ինքնապաշտպանւելու թոյլտւութիւնն տալիս է: Նման խօսոյթը գուցէ ինչ-որ տեղ հասկանալի լինէր չճանաչւած Արցախի Հանրապետութեան պարագայում, որն ունէր Պաշտպանութեան բանակ, քանի որ Ադրբեջանից սպառնալիքներ կային:
Ի դէպ, նախքան Արցախի հայաթափումը Նիկոլ Փաշինեանը յաճախ էր այս մասին յիշեցնում՝ ասելով. «Գործում է ԼՂ պաշտպանութեան բանակը, որի գոյութեան պատճառները իւրաքանչիւր ոք ամէն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտօնական քարոզչութեան եւ գործողութիւննների մէջ, որի անթաքոյց էութիւնը ԼՂ հայերին էթնիկ զտման եւ ցեղասպանութեան ենթարկելն է»:
Միաժամանակ, Փաշինեանն ասում էր, որ «եթէ ՌԴ խաղաղապահ զօրախումբը, Ադրբեջանը երաշխաւորեն շփման գծի անձեռնմխելիութիւնը, ԼՂ ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահութիւնն իրականացնելու անհրաժեշտութիւնն չի ունենայ»:
Եւ ոչինչ, որ Հայաստանն Արցախի անվտանգութեան երաշխաւորն էր դէ իւրէ:
Եւ այսօր Փաշինեանը փորձում է ճանաչւած Հայաստանի Հանրապետութեան ՀՀ զինւած ուժերին ինքնապաշտպանական միաւորման կարգավիճակ տալ, երբ Հայաստանը երբեք նւաճողական քաղաքականութիւն չի վարել, անվտանգային քաղաքականութեան տրամաբանութիւնը եղել է պաշտպանական, այլ հարց է, որ, օրինակ, ՀՀ պաշտպանութեան ռազմավարական վերանայման արդիւնքներով (2011-2015 թթ. պլանաւորման շրջափուլ։- Մ.Պ.) «Սանձահարումը/Զսպումը» ՀՀ դոկտրինալ մօտեցումներում հետզհետէ դուրս էր մղում «Ստատիկ պաշտպանութեան» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկւել՝ որպէս անբաւարար հզօրութեան վկայական:
Որքանո՞վ կարողացան լիարժէք հասնել սրան, այլ հարց է, բայց այսօր հրապարակային յայտարարութիւնների մակարդակում նշաձող է իջեցւում: Ընդորում, սա հակասում է ՀՀ սահմանադրութեանը, որտեղ յստակ գրւած է. «Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնը, անվտանգութիւննը, տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անձեռնմխելիութիւնը»:
Հիմա բաւարար չէ, որ ՀՀ տարածքային ամբողջականութիւնը խախտւած է, որի վերականգնումը չի վերապահւում բանակին, թէպէտ կարելի էր նաեւ կանխել այն, հիմա էլ գործող իշխանութիւնները պարտականութիւնների եւ կարգավիճակային նոր «փոքրացումների» են գնում:
Յիշեցնենք, որ սկզբում ՀՀ իշխանութիւնները պահանջում էին Ադրբեջանի զօրքի հեռացում ՀՀ օկուպացւած տարածքներից եւ խոստանում էին, որ բանակցային ճանապարհով կարելի է դրան հասնել, աւելի ուշ Փաշինեանը կասկածի տակ դրեց դրանց հայկական պատկանելիութիւնը՝ ակնարկելով, թէ պատկանելիութեան հարցը պիտի լուծւի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, ինչն ասում են նաեւ այսօր, թէպէտ մէկ-մէկ յիշում են, որ աւելի քան 200 քկմ. օկուպացւած տարածք ունենք: Այստեղ եւս նշաձողի իջեցում է տեղի ունեցել:
Վերադառնալով սպառազինութեանը՝ նշենք, որ Հայաստանը հաշւետու եղել եւ լինում է միջազգային փաստաթղթերի շրջանակում, այդ թւում՝ Եւրոպայում սովորական զինւած ուժերի մասին պայմանագրի շրջանակում:
Ինչ վերաբերում է կոնկրետ ՄԱԿ-ին, ապա, ըստ պաշտօնական տեղեկատւութեան, առկայ է Միաւորւած ազգերի կազմակերպութեանը ռազմական ծախսերի, սարքաւորումների, տեխնոլոգիաների, ազգային օրէնսդրութեան, սպառազինութիւնների փոխանցման, փոքր սպառազինութիւնների եւ թեթեւ զինատեսակների արտահանման, ներմուծման եւ այլնի վերաբերեալ կամաւոր հիմունքով հաշւետւութիւններ եւ տեղեկատւութիւն ներկայացնելու պրակտիկա:
ՀՀ կողմից ներկայացւող հաշւետւութիւնների քանակն ու ծաւալը պայմանաւորւած է ՄԱԿ գլխաւոր ասամբլեայի ընդունած բանաձեւերի քանակով եւ տւեալ ժամանակահատւածում ՀՀ արտաքին քաղաքականութեան գերակայութիւններով:
Գոյութիւն ունի նաեւ պարբերաբար կատարման ենթակայ հաշւետւութիւնների պահանջ, որի համաձայն` իւրաքանչիւր անդամ երկիր պարտաւորւում է ամենամեայ հաշւետւութիւններ ներկայացնել զինաթափման գծով ՄԱԿ-ի յանձնաժողովին:
«Օրինակ` 1992 թւականից գործում է սովորական սպառազինութիւնների ՄԱԿ-ի Ռեգիստրը, որի շրջանակներում ՄԱԿ-ի անդամ-պետութիւններն ամենամեայ պաշտօնական տեղեկատւութիւնն են ներկայացնում սովորական սպառազինութիւնների 7 կատեգորիաների` մարտական տանկեր, մարտական զրահամեքենաներ, մեծ տրամաչափի հրետանի, մարտական ինքնաթիռներ, հարւածային ուղղաթիռներ, ռազմանաւէր եւ հրթիռներ, արտահանման եւ ներմուծման վերաբերեալ: Այս ոլորտը ներառում է նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում առկայ տարբեր համաձայնագրերով եւ կոնւենցիաներով կարգաւորւող որոշ զէնքերի տեսակներին եւ ռազմամթերքներին վերաբերող խնդիրներ: Այդպիսիներից են Օտտաւայի Հակահետեւակային ականների արգելման մասին կոնւենցիան, ՄԱԿ-ի Որոշ սպառազինութիւնների մասին կոնւենցիան՝ իր հինգ արձանագրութիւններով, եւ Կասետային զինատեսակների մասին կոնւենցիան:
Հայաստանը չի անդամակցում վերոյիշեալ կոնւենցիաներից ոչ մէկին: Այնուամենայնիւ, Հայաստանը` որպէս դիտորդ երկիր, մասնակցում է դրանց շրջանակներում տեղի ունեցող խորհրդաժողովներին եւ հանդիպումներին: Միաժամանակ Հայաստանը` որպէս թափանցիկութեան եւ վստահութեան միջոցների ամրապնդման դրսեւորում, ամէն տարի կամաւոր կերպով ինքնակամ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին տրամադրում է հակահետեւակային ականների մասին տեղեկատւութիւն»,- տեղեկանում ենք ԱԳՆ պաշտօնական կայքից:
Այստեղ հարկ է յիշեցնել, որ 2020 թւականի յուլիսին՝ յուլիսեան մարտերի համատեքստում Հայաստանը կասեցրել էր ԵՍԶՈւ պայմանագրով եւ Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան:
«Յուլիսի 12-ից սկսած Տաւուշի ուղղութեամբ ադրբեջանական յարձակման համատեքստում Թուրքիան հանդէս է գալիս Հայաստանի դէմ ուղղւած աննախադէպ սպառնալիքներով եւ Ադրբեջանին սատարող գործողութիւններով, որոնց դրսեւորում է նաեւ այսօր՝ յուլիսի 29-ից սկսւած Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մօտակայքում լայնածաւալ զօրավարժութիւնների անցկացումը:
Հաշւի առնելով ստեղծւած իրավիճակը՝ յուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելութիւնը շրջանառել է յայտագիր՝ ի գիտութիւնն ԵԱՀԿ մասնակից պետութիւններին եւ ԵՍԶՈՒ պայմանագրի (Եւրոպայում սովորական զինւած ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետութիւնը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետութեան տեսչութիւնները կամ հրաւիրեալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան տարածքում անցկացւելիք տեսչական այցերին։
Համաձայն յայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացւել է ԵՍԶՈւ պայմանագրի եւ Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրայ եւ բխում է Հայաստանի անվտանգային շահերից եւ մտահոգութիւններից:
Հայաստանի Հանրապետութեան տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացայայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դէմ ռազմական գործողութիւնները եւ հանդէս է գալիս աննախադէպ սպառնալիքներով, մասնաւորապէս՝ 2020 թ. յուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնայ Հայաստանի անվտանգային շահերի վրայ եւ կարող է վնասել Հայաստանի բնակչութեան անվտանգութիւնը:
Հայաստանը վերահաստատում է իր յանձնառութիւնը ԵՍԶՈւ պայմանագրին եւ Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցւում են միայն Թուրքիայի Հանրապետութեան տեսչութիւնները կամ հրաւիրեալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան տարածքում անցկացւելիք տեսչական այցերին»,- շեշտւում էր ՀՀ արտաքին գործերի նախարարութեան հաղորդագրութեան մէջ:
Այսինքն, նոյնիսկ միջազգային փաստաթղթերի պարագայում հնարաւոր է պահանջ առաջ քաշել, եթէ այն սպառնում է քո երկրի անվտանգութեանը, իսկ Նիկոլ Փաշինեանն առաջարկում է Ադրբեջանի հետ երկկողմ սպառազինութեան վերահսկման համաձայնագիր ունենալ, երբ Ադրբեջանը բացայայտ եւ շարունակաբար ցուցադրել է իր քամահրական վերաբերմունքը ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանւած իր պարտաւորութիւնների կատարման նկատմամբ:
Այսինքն, փոխարէնը ՀՀ իշխանութիւններն Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների եւ սպառազինութեան հետ կապւած խախտումների փաթեթ կազմեն եւ այն ընկալելի դարձնեն միջազգային հանրութեան համար, ի վնաս Հայաստանի նշաձող են իջեցնում, որն էլ վաղը կարող է ընկալելի լինել նոյն միջազգային կառոյցների համար: Եւ ոչինչ, որ զուգահեռ իշխանութիւնները գլուխ են գովում, թէ 2025 թւականի համար դարձեալ աւելացրել են ռազմական ծախսերը, որը հակասութեան մէջ է մտնում դիւանագիտական կորպուսի թէկուզեւ վերջին յայտարարութեան հետ: Խօսքը նրա մասին չէ, որ սպառազինութեան հետ կապւած գործընթացները պէտք է հրապարակային լինեն եւ այդ մասին բարձրաձայնւի։ Խօսքը վերաբերում է սեփական ճանաչւած երկրի՝ Հայաստանի Հանրապետութեան եւ նրա զինւած ուժերի կարգավիճակի եւ սահմանադրական պարտականութիւնների նշաձողը չիջեցնելուն եւ Ադրբեջանին համարժէք արձագանգ տալուն, ՀՀ-ի շուրջ միջազգային ճիշտ միջավայր եւ ընկալումներ ձեւաւորելուն:
168.am