Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Սահակեան. «Ալիեւին ասում է՝ ես քեզ այդքան օգնեցի, հիմա դու ինձ կօգնես, որ պահեմ իմ իշխանութիւնը»

Փաշինեանը ուզում է յանձնել իր քաղաքական հակառակորդներին, որպէսզի յաւերժացնի իր իշխանութիւնը

«Մեր խնդիրը կայանում է նրանում, որ ոչ միայն իշխանութիւնը, այլեւ ընդդիմութիւնը շատ ծուլօրէն է օգտագործում «ինքնորոշում» բառը, եւ դա է պատճառը, որ մեր ընկերները նստած են Բաքւի բանտում: Նրանք ոչ թէ ինքնորոշման համար պայքարի մարտիկներ են ներկայացւում, այլ որպէս ապստամբներ, տեռորիստներ: Ինքնորոշման կորուստն է պատճառը, որ Հայաստանի գործող իշխանութիւնը դա ներկայացրեց՝ որպէս տարածքային վէճ: Մենք 30 տարի պայքարել ենք, որ յանկարծ չնենգափոխւի Արցախեան հիմնահարցը ու չներկայացւի՝ որպէս հայ-ադրբեջանական վէճ՝ տարածքի համար: Հիմքում միշտ դրւել է ինքնորոշման իրաւունքը: Ճիշտ է, դրա կողքին դրւել է նաեւ տարածքային ամբողջականութեան եւ հակամարտութիւնները ուժով կամ ուժի սպառնալիքով չլուծելու խնդիրը: Երեքն իրար հետ են դրել, բայց այսօր Հայաստանում մոդայիկ չէ խօսել ինքնորոշման իրաւունքի մասին»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Սաթիկ Սէյրանեանի հիւրը՝ 1992-1998 թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ եւ լիազօր դեսպան Արա Սահակեանը:

Վերջինիս խօսքով՝ «ինքնորոշման» քաղաքական ձեւակերպումները տրւել են 18-րդ դարի վերջից, եւ հետագայում պետական սահմանները գծւում էին ինքնորոշման իրաւունքի հիման վրայ:

«Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ինքնորոշման իրաւունքն օրինականացրեց գաղութների ազատագրումը: Հիմա որ 200-ից աւելի պետութիւն կայ, դրա կէսը ձեւաւորւել է վերջին 100 տարում եւ բոլորը՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ: Նոյն Արցախեան հիմնահարցի շրջանում աշխարհում մի քանի երկրներ ինքնորոշւեցին՝ կիսաճանաչւած Կոզովօն, Էրիթրեան, Արեւելեան Թիմորը: Նոյն Չեխիայի եւ Սլովակիայի առանձնացումը հեշտ բան չէր: Պատերազմից առաջ Հիտլերը ստիպեց, որ չյարգւի սլովակների ինքնորոշման իրաւունքը, եւ խեղդելով պարտադրեց, որ Չեխիան ու Սլովակիան միացեալ պետութիւն լինեն»,- ասել է Արա Սահակեանը:

Նախկին դեսպանը նաեւ նշել է, որ, ի վերջոյ, Խորհրդային Միութեան փլատակների վրայ հէնց ինքնորոշման իրաւունքը ստեղծեց 15 պետութիւնները, նոյնը՝ Հարաւսլաւիան:

«Ինքնորոշումը ժողովրդի իրաւունքն է՝ տնօրինելու իր ճակատագիրը՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, մշակութային եւ այլն: Այդ ինքնորոշումը կարող է լինել որպէս առանձնացում եւ նոր պետութեան ստեղծում, միացում մէկ այլ պետութեան եւ ինքնավարութեան տարբեր աստիճաններ: Ինչո՞ւ ինքնավարութեան թշնամիները՝ ՔՊ-ն, ոչինչ չարեցին, որովհետեւ նրանք չուզեցին պաշտպանել վերջին կործանարար պատերազմից յետոյ Արցախում մնացած մարդկանց իրաւունքները: Երբ ասում էր՝ որոշ պետութիւններ, արտաքին ուժեր Արցախը որպէս թոկ էին դրել մեր պարանոցին, շատ տգեղ էր: Նա ստորաբար եւ գիտակցւած նսեմացնում է Արցախի ժողովրդի ազնիւ, անկեղծ պոռթկումը, որ նա ուզում էր իր Մայր հայրենիքի հետ կապ ունենար, որ կարողանար հայկական հեռուստատեսութեան հաղորդումներ դիտել առանց սահմանափակումների, որ հայկական մշակոյթը զարգանար, որ Արցախի ամբողջ տարածքում մի եկեղեցի լինէր գործող, որ չկար»,- ասել է քաղաքական գործիչը:

Վերջինս նկատեց՝ արցախցիները ոտքի են կանգնել ոչ թէ ռազմական ճանապարհով հարցեր լուծելու. նրանք խաղաղ հանրահաւաք են արել եւ խաղաղ ձեւով իշխանութեան բարձրագոյն մարմնի որոշմամբ դիմել են ԽՍՀՄ բարձրագոյն իշխանութեանը:

«Ասել են՝ դու որոշի՛ր, Ադրբեջան, դու էլ համաձայնի՛ր, որ տեղափոխւենք Հայաստանի տարածք: Ի՞նչ պատասխանեց Ադրբեջանը դրան՝ Սումգայիթով: Այն, ինչ Ադրբեջանը այս ՔՊ-ական իշխանութեան շնորհիւ արեց 2020-21-22 թթ., փորձում էր անել 1988 թ.: Բայց չկարողացաւ անել, որովհետեւ Հայաստանում ՔՊ-ական իշխանութիւն չկար: Նոյնիսկ կոմունիստները դա թոյլ չտւեցին»,- նշել է նա:

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահը նկատել է՝ Հայաստանն ամենաքիչը կարող էր ասել՝ ես հրաժարւում եմ, ի զօրու չեմ ձեզ օգնել, բայց յանձնել իրաւունք չունէր:

«Նա կարող էր ասել՝ սիրելի արցախցինե՛ր, ժողովուրդը, ինչ-որ հասարակական կազմակերպութիւններ, հիմնադրամներ կարող են ձեզ օգնել, դրսից կարող են օգնել, բայց մենք պետականօրէն կաշկանդւած ենք, գտնւում ենք մեր սպոնսորների կողմից սահմանափակումների մէջ, եւ մենք ձեզ երաշխաւոր չենք կարող լինել: Բայց ասել, թէ դու ում ես պատկանում, եթէ դու իրեն ոչնչով չես կարող օգնել, ինչո՞ւ ես դու իր ճակատագիրը տնօրինում: Համ չես օգնում, մի բան էլ վնաս ես տալիս: Թողնէիր հանգիստ, թող իրենք գնային, Ադրբեջանի հետ լեզու գտնէին, թող իրենք գտնէին արտաքին միջնորդներ: Չարագործութիւն է կատարւել, շա՜տ մեծ չարագործութիւն: Մի բան է, որ եկել, մեր հողերը գրաւել են, բայց մէկ այլ բան, երբ հայոց գահին նստած մարդն է դա արել՝ ամէն կերպ դիւրացնելով ագրեսորի գործը, որովհետեւ նրա նպատակն իր հակառակորդներին ադրբեջանական «արդարադատութեանը» յանձնելն է: Ալիեւին ասում է՝ ես քեզ այդքան օգնեցի, հիմա դու ինձ կօգնես, որ պահեմ իմ իշխանութիւնը: Նա ուզում է յանձնել, որպէսզի յաւերժացնի իր իշխանութիւնը: Եւ սա է պատճառը, որ պէտք է օր առաջ ազատւել նրանից: Այլեւս հանդուրժելու տեղ չկայ: Մեր մէջ մնացել է մի համոզում՝ այս չարիքը պէտք է վերացնել»,- ասել է Արա Սահակեանը:

Related Articles

Back to top button