Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամէտ թեկնածուներին
Իբրեւ հայ եւ համախոհ համայնքների ընտրողներին կողմնորոշիչ օգնութիւն, Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, Կոնգրեսի ընտրութիւններին ընդառաջ, հրապարակել է իր հաւանութիւնը վայելող 84 թեկնածուներից բաղկացած ցանկ, որի կազմութիւնը հիմնւած է յանձնախմբի կողմից մշակւած «օրէնսդրական հաշւետւութիւնների քարտերի» վրայ։ Դրանցով գնահատւում է իւրաքանչիւր գործող կոնգրեսականի՝ հաշւի առնելով Հայ Դատի յանձնախմբի կողմից սահմանւած՝ հայկական հետաքրքրութիւն ներկայացնող շուրջ 40 ոլորտներում նրանց նախընթաց կեցւածքն ու խոստումները։
Հայ Դատի յանձնախումբը հաւանութիւն չի տւել 2024 թ․ նախագահական մրցավազքի որեւէ մասնակցի, քանի որ «ձախող» գնահատական է տւել ինչպէս Թրամփ-Փենս վարչակազմին, այնպէս էլ Բայդէն-Հարիս վարչակազմին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանութիւնը թոյլատրելու եւ Արցախը լքելու համար: Նախագահի եւ Կոնգրեսի թեկնածուներից իւրաքանչիւրի մասին մանրամասն տեղեկատւութիւն հասանելի է յանձնախմբի ընտրական կենտրոնում՝ հետեւեալ յղմամբ:
Ըստ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի՝ Հայ Դատի յանձնախումբն ուս-ուսի կանգնած է իւրաքանչիւր օրէնսդիրի կողքին, ով արժանացել է յանձնախմբի հաւանութեանը եւ աշխատում է ապահովելու ընտրական հետեւանքներ նրանց համար, ովքեր աջակցել են Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանութեանը: Աւելի քան երբեւէ, հայ եւ դաշնակից ընտրողները դիտւում են որպէս առանցքային ուժ, որ կարող է նախագահական ընտրութիւններին ընդառաջ կարգաւորել հաւասարակշռութիւնը տատանւող նահանգներում եւ օրէնսդիր իշխաննութեան համար մրցավազքում:
Թեկնածուների գնահատման համակարգն ամբողջացնում է հայկական հարցերի վերաբերեալ նրանց գործունէութեան ողջ պատմութիւնը, դրանցում նկատի են առնւած նրանց կեցւածքը հայկական հետաքրքրութեան հարցերի շրջանակում, այդ թւում ելոյթներ, բանաձեւերի ներկայացում եւ սատարում, հանրային հնչեղութեան ապահովում, հայկական հարցերով յանձնախմբին անդամակցութիւն, այցելութիւն Հայաստան եւ Արցախ, մասնակցութիւն յիշատակման եւ այլ միջոցառումների, սատարում Հայ Դատի յանձնախմբի կողմից քաջալերւած բանաձեւերին եւ այլն։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի սատարումը վայելող թեկնածուների ամբողջական ցանկը հասանելի է հետեւեալ յղմամբ:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
05.10.2024 թ.