ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի եւ սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանութիւններին COP 29-ին ընդառաջ պատասխանատւութեան ենթարկել Ադրբեջանին ռազմական յանցագործութիւնների, ապօրինի պատանդառութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազաւթման համար։
Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Չենթարկելով Ադրբեջանին պատասխանատւութեան Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների համար՝ համաշխարհային առաջնորդները պարտաւոր են օգտագործել COP 29-ը որպէս հնարաւորութիւն՝ ուսումնասիրելու Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակը եւ դիմակայելու դրա ցեղասպան ռեժիմի ջանքերին՝ կանխելու իր պատերազմական յանցագործութիւններն ու վայրագութիւնները: Մենք արձագանքում ենք երկկուսակցական նամակում առաջ բերւած պատասխանատւութեան կոչին եւ միանում վաթսուն օրէնսդիրներին, ովքեր ստորագրել են այդ կոչը` պահանջելով, որ Ադրբեջանը պատասխանատւութեան ենթարկւի, որպէսզի Ալիեւի յանցաւոր եւ կոռումպացւած ռեժիմը ստիպւած լինի ապահովել մարդու իրաւունքներն ու միջազգային իրաւական պարտաւորութիւնները՝ մինչեւ COP 29 կլիմայական գագաթնաժողովը»։
Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքէնին ուղղւած նամակում ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները մասնաւորապէս նշել են. «Քանի որ COP 29-ը մօտենում է, մենք պահանջում ենք, որպէսզի պետքարտուղարութիւնը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի կառավարութեան վրայ, որպէսզի շօշափելի միջոցներ ձեռնարկւի տարածաշրջանային խաղաղութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ միջազգային օրէնքներին եւ նորմերին հաւատարմութեան պահպանման գործում»: Նրանք ընդգծել են՝ «չնայած ճնշող ապացոյցներին եւ միջազգային դատապարտմանը՝ Ադրբեջանը, էթնիկ զտումների եւ այլ գործողութիւնների համար, չի բախւել բովանդակային հետեւանքների»:
Ամերիկեան օրէնսդիրները պետդեպարտամենտին կոչ են անում նաեւ պահանջել բոլոր քաղբանտարկեալների, պատանդների եւ ռազմագերիների՝ ներառեալ էթնիկ հայերի, անյապաղ եւ անվերապահ ազատ արձակում՝ COP29-ին ընդառաջ բարենպաստ դիւանագիտական միջավայր ունենալու համար։
ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները հաստատել են՝ «Ադրբեջանի մահաբեր յարձակումը Լեռնային Ղարաբաղում 2020 թ., Լաչինի միջանցքի 10-ամսեայ շրջափակումը եւ 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի տեղահանութիւնը բացայայտօրէն խախտում են միջազգային իրաւունքը եւ շարունակում մարդկային տառապանքը։ Նրանք շեշտում են. «Տեղահանւած քաղաքացիական անձինք պէտք է ապահով եւ անվտանգ վերադարձի իրավունք ունենան»:
Նամակի տեքստն ամբողջութեամբ հասանելի է հետեւեալ յղմամբ:
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը խորապէս համոզւած է՝ COP 29-ի գագաթնաժողովն աննախադէպ հնարաւորութիւն է ընձեռում՝ ուսումնասիրելու Ադրբեջանի մարդու իրաւունքների վիճակը, խրախուսելու պատասխանատւութիւնը ռազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների ոտնահարման համար, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրայ՝ բարեխղճօրէն վերադառնալու բանակցութիւնների սեղան, երաշխաւորելու ռազմագերիների ազատ արձակումը։ Այդ ճնշումը կարող է նպաստել նաեւ Հայաստանի անվտանգութեանն ու ինքնիշխանութիւնը, տեղահանւած հայերի՝ իրենց տները վերադառնալու հիմնարար իրաւունքի իրացմանը:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
04.10.2024 թ.