Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը վերահաստատել է Թրամփի վարչակազմին տւած «ձախող» գնահատականը
Նոյեմբերի 5-ին կայանալիք ամերիկեան նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը վերահաստատել է Թրամփ-Փենսի վարչակազմին տրւած «ձախող» գնահատականը՝ 2020 թ. Արցախի վրայ Ադրբեջանի յարձակմանն աջակցելու, այն քաջալերելու, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարւելու եւ Կոնգրեսի կողմից այդ ոճրագործութեան ճանաչումն ու յիշատակումն արգելափակելու համար։
Համաձայն Հայ Դատի յանձնախմբի՝ Թրամփի վարչակազմը որեւէ բովանդակալի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանին պատասխանատւութեան ենթարկելու համար 44-օրեայ պատերազմի ընթացքում իրագործւած ռազմական յանցագործութիւնների համար՝ ներառեալ հայ ռազմագերիների անօրինական կալանաւորումը եւ խոշտանգումները, խաղաղ բնակչութեան միտումնաւոր թիրախաւորումը եւ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ այլն։
Վերոգրեալի վերաբերեալ Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբը հրապարակել է ծաւալուն հաղորդագրութիւն, որն ամփոփել է՝ նշելով.
«Թրամփ-Փենսի վարչակազմի որոշումն՝ աջակցելու Ադրբեջանի ցեղասպան յարձակմանն Արցախի վրայ 2020 թւականին եւ նրա անգործութիւնն Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների ընթացքում, այս նոյեմբերին ազդեցութիւն կունենան ամերիկահայ ընտրողների վրայ՝ ներառեալ Նեւադա, Միչիգան, Փենսիլւանիա առանցքային նահանգներում, որոնցից իւրաքանչիւրում բնակւում են ամերիկահայ խոշոր համայնքներ:
Դոնալդ Թրամփի առաջադրման եւ սենատոր Ջ. Դ. Վենսի՝ որպէս փոխնախագահի թեկնածու ներկայացման համատեքստում, ամերիկահայ ընտրողներն ակնկալում են՝ Թրամփ-Վանս զոյգը քարոզարշաւի ընթացքում կը դատապարտի Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները եւ կաջակցի Կոնգրեսի ջանքերին՝ Ադրբեջանին՝ մարդկութեան հանդէպ իր յանցագործութիւնների համար, պատասխանատւութեան ենթարկելու գործում։ Սա պէտք է սկսւի Թրամփ-Վանսի դիրքորոշումից՝ 7288 բանաձեւի նախագծին հաւանութիւն տալու մասին, որով կապահովւի «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ բաժնի կիրարկումը։
Ակնկալւում է՝ հանրապետական առաջնորդները կը սատարեն ադրբեջանցի պատերազմական յանցագործների դէմ «Գլոբալ Մագնիտսկու» ակտով նախատեսւած պատժամիջոցների կիրառմանը։ Ակնկալւում է՝ հանրապետական զոյգը կը պաշտպանի Արցախի բնիկ հայերի վերադարձի իրաւունքը՝ միջազգային երաշխաւորութեամբ։
Բացի այդ, որպէս ԱՄՆ գործող սենատորի Հայ Դատի յանձնախումբը Ջ. Դ. Վանսից ակնկալում է թիւ 540 բանաձեւի նախագծին սատարում, որը ԱՄՆ պետքարտուղարութիւնից պահանջում է ուսումնասիրութիւն՝ Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ՝ համաձայն «Օտարերկրեայ աջակցութեան մասին» ակտի 502Բ(գ) բաժնի:
Հարաւային Կովկասում արդար, կայուն եւ արժանապատիւ խաղաղութին հնարաւոր է միայն հաշւետւողականութեան միջոցով: Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների չուղղումը, ապօրինաբար կալանաւորւած հայ գերիների ազատ արձակման եւ արցախահայութեան վերադարձի միջազգայնօրէն երաշխաւորւած իրաւունքի չապահովումը ոչ միայն կը խրախուսի Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները, այլեւ վտանգաւոր ազդանշան կուղարկի այլ չարաշահող ռեժիմներին առ այն, որ Միացեալ Նահանգներն ու այլ պետութիւններ պատրաստ են պաշտպանել մարդու, ժողովրդավարութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքներն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական առումով շահաւէտ է»:
Նշենք՝ աւելի վաղ Հայ Դատի յանձնախումբը հանդէս էր եկել նաեւ Բայդեն-Հարիս վարչակարգի կոշտ քննադատութեամբ եւ հայկական հարցերի համատեքստում նրանց գործունէութիւնը կրկին գնահատել որպէս «ձախողում»։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հաղորդագրութիւնն ամբողջութեամբ կարելի է ծանօթանալ հետեւեալ յղմամբ։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ
13.08.2024 թ.