Տեղի ունեցաւ աւստրիացի լրագրող Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայալեզու գրքի շնորհանդէսը

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում մայիսի 22-ին, տեղի ունեցաւ աւստրիացի լրագրող, նախկին դիւանագէտ Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայալեզու գրքի շնորհանդէսը:
Շնորհանդէսին ներկայ էին գրքի հեղինակն անձամբ, թարգմանութեան եւ հրատարակման գործով զբաղւած Հայոց Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի ներկայացուցիչները, «Նեմեսիս»-ն իրականացրած հայ վրիժառուների ժառանգները՝ Սողոմոն Թեհլիրեանի հօրեղբօր որդու Սամուէլ Թեհլիրեանի ծոռնուհին, Ջեմալ Փաշային գնդակահարող Արտաշէս Գէորգեանի թոռը, ինչպէս նաեւ մի շարք քաղաքական եւ հանրային գործիչներ։
Հեղինակը պատմում է 1919-1922 թթ. Հայոց Ցեղասպանութեան եւ Բաքւի ջարդերի պատասխանատուների դէմ ծրագրւած ու իրականացրած յատուկ գործողութիւնների՝ «Նեմեսիս»-ի մասին:
«Երկու տարի առաջ հետազօտութիւններ իրականացնելու նպատակով եկել էի Հայոց Ցեղասպանութեան թանգարան, այստեղ հիւրընկալւեցի շատ բարեկամաբար, աշխատակիցների շնորհիւ շատ նիւթեր գտայ, բայց ես այդ ժամանակ չէի մտածում, որ երկու տարի յետոյ նորից կը լինեմ այստեղ, արդէն իմ գրքի շնորհանդէսին: Յուսով եմ՝ այս գրքի շարադրմամբ կարողացայ իմ ներդրումն ունենալ «այլեւս երբեք» կարգախօսի հետագայ իրականացմանը: Չնայած, այսօր մենք ունենք որոշակի զարգացած միջազգային դատական մարմիններ, բայց մենք ցաւալիօրէն տեսնում ենք, որ քաղաքական գործօնները յաճախ նպաստում են արդարադատութեան չիրականացմանը: Յոյս ունեմ, որ իմ այս աշխատանքով տեղ եմ հասցնում կարեւորը, յոյս ունեմ, որ մենք Հայաստանին եւս մէկ անգամ մենակ չենք թողնի»,- ասաց Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթը:
Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին պատժելու հայ վրիժառուների գաղտնի առաքելութեան մասին պատմող գրքի բնօրինակը լոյս է տեսել 2024-ի մարտին, Վիեննայում: Այս գիրքը 2024-ին ներառւել է գերմաներէն լոյս տեսած վաւերագրութիւնների լաւագոյն հնգեակում:
«Ի սկզբանէ այս գիրքը գրւած է եղել գերմանախօս լսարանի՝ Շւէյցարիայի, Գերմանիայի եւ Աւստրիայի համար: Հետազօտութեան ժամանակ զարմանալիօրէն յայտնաբերեցի, որ գերմանախօս այդ երկրները շատ քիչ տեղեկութիւն ունեն Հայոց Ցեղասպանութեան մասին եւ ունենցած տեղեկութիւնների զգալի մասն էլ սխալ է»,- նշեց գրքի հեղինակը:
«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը գերմաներէնից հայերէն են թարգմանել Աշոտ Հայրունին եւ Հայկ Մարտիրոսեանը:
«Լինելով ոչ հայ, Բիրգիտ Քոֆլերին յաջողւել է մեզ համար այս զգայուն թեման շարադրել օբիեկտիւօրէն: Նա օգտւել է գերմանական, հայկական գրականութիւնից, աւստրիական, իտալական, գերմանական մամուլից, ինչպէս նաեւ «Նեմեսիս»-ի մարտիկների յուշերից, գրառումներից»,- ասաց գրքի գլխաւոր խմբագիր Հայկ Մարտիրոսեանը:
«Նեմեսիս»-ի մարտիկները մեր ազգի վրայից որոշ շափով մաքրեցին զոհի պիտակը»,- շեշտեց Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներից Ջեմալ Փաշային գնդակահարած Արտաշէս Գէորգեանի թոռը՝ Արմէն Գէորգեանը:
Ըստ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի՝ աւստրիացի հեղինակի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը «Նեմեսիս»-ի վերաբերեալ հայալեզու առաջին համապարփակ աշխատութիւնն է:
Arfd.am